HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պատմության թանգարանը Արցախյան երկրորդ պատերազմը կներկայացնի մասնակիցների կերպարներով

Հայաստանի պատմության թանգարանը (ՀՊԹ) Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների մասին հուշագրությունների հավաքչական աշխատանք է նախաձեռնել: Ի՞նչ են հանձնում թանգարանին և որքանո՞վ է այն արդարացնում թանգարանի սպասելիքները, մեր հարցին, ՀՊԹ նորագույն պատմության բաժնի վարիչ Սեդա Գալստյանը մի օրինակ է ներկայացնում. «Զոհված որդու գրպանում մնացած արյունոտ աղոթագիրքը դրեց սեղանին և ասաց՝ սա է այն վերջնական տեղը, ում կարող եմ վստահել և բերել իր մասունքները։ Վերցնելուց ձեռքերս սկսեցին դողալ, ասացի՝ միգուցե ձե՞զ պահեք այդ թանկագին մասունքը: Պատասխանեց՝ թանգարանն այն սուրբ օջախն է, որտեղ ի պահ կտամ ամենանվիրական մասունքները»: 

Սեդա Գալստյանն ասում է, որ սկզբնական շրջանում նյութերը բերում էին զոհվածների ընկերները, հարազատները, իսկ վերջին շրջանում՝ անձամբ ծնողները: Հուշերից և լուսանկարներից բացի, թանգարանին են հանձնում նրանց հրապարակումները, ստեղծագործությունները, պատվոգրերը, շնորհակալագրերը, նաև անձնական իրեր՝ ձեռքի ժամացույց, լապտեր, դրամապանակ, հեռախոս, որն այրվել է ԱԹՍ-ի հարվածից,  զիվորական համազգեստ, տարբերանշաններ և այլն: Պարտադիր են՝ լուսանկարները, կենսագրականը, հերոսին բնութագրող հուշերը:  

Թանգարանի նորագույն պատմության բաժնի վարիչն այս ամենը ներկայացնում է արցունքոտված աչքերով: Ասում է, որ զոհվածների մասին նյութերն ընդունելիս հաճախ այնքան է հուզվել, որ նույնիսկ ծնողին առաջարկել է՝ միգուցե ձե՞զ պահեք այդ թանկագին մասունքը, թանգարանը, հնարավոր է, բոլորին ներկայացնելու հնարավորություն չունենա: Սակայն, իր կորսված զավակի ամենանվիրական հուշը թանգարանին հանձնելով ծնողն ակնկալում է, որ դրանով որդու անունը կմնա պատմության մեջ: «Թեկուզ ֆոնդերում պահվեն դրանք, բայց սա այն տեղն է, որ գիտեմ տղայիս անունը կմնա պատմության մեջ։ Նրանց դա էլ է բավարարում»,- ծնողների սպասելիքներն է փոխանցում տկն Գալստյանը:

Սեդա Գալստյանն ասում է, որ հավաքած բոլորը նյութերում հերոսական դրվագներ կան. մեկը՝ 4 տանկ է խփել, մյուսը շրջափակումից դուրս է բերել 20 հոգու և այլն։ «Այս ցուցադրությունում նաև նրանք պետք է ներկայացվեն, որոնք ոչ մի պարգևի չեն արժանացել, բայց իրենց կյանքն են զոհաբերել հայրենիքի պաշտպանությանը մասնակցելով: Մենք պետք է խոսենք նաև այն 18 տարեկանի մասին, որն ընդամենը կեսօր է մասնակցել պատերազմին, հենց առաջին օրն օգնել է զենքերը տեղափոխել և զոհվել է ԱԹՍ հարվածից»,- ասում է նա: Ապա ավելացնում՝ նրանք իրենց տեսակով կրթող սերունդ են, նրանց հայրենասիրական դասերի վրա պետք է մեծանա ապագա սերունդը։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը հայտնեց, որ թանգարանը ներկայումս հավաքչական աշխատանք է իրականացնում և նյութ ունեցողներին առաջարկել են ներկայացնել իրենց պատմությունները։ Այս փուլում ավելի շատ հուշային պատմություններն են հավաքում, որպեսզի նյութը չկորչի։ Հավաքչական աշխատանքն ընտրողաբար չեն իրականացնում, սպասում են, որ մարդիկ բերեն պատմությունները և թանգարանում արժևորվեն դրանք։ 

«Գիտենք, որ հետո մեզ համար բարդ է լինելու, հավաքված նյութը գիտահետազոտական փուլ պետք է անցնի թանգարանում, ցուցադրության հայեցակարգ կազմվի և այլն։ Թանգարանը կհամագործակցի պաշտպանության նախարարության հետ, որպեսզի դուրս չմնան նրանք, որոնք արժանացել են Մարտական խաչերի և տարբեր աստիճանի պարգևների»,- ասում է տնօրենը: 

Ցուցադրության տարածքը սահմանափակ է, բայց կարծում են, ինչ-որ ձևաչափ կգտնեն հնարավորինս շատ նյութ ներկայացնելու համար: «Չնայած այսօր տեխնոլոգիաներն ինչ-որ առումով տարածքն ընդլայնելու հնարավորություն տալիս են, որ ավելի շատ բան ներկայացվի, բայց բոլորը չենք կարող ներկայացնել»,- հայտնեց պրն Պողոսյանը։ Նա մարզերի երկրագիտական թանգարաններին առաջարկում է հավաքչական աշխատանքներ իրականացնել, որպեսզի ժամանակի ընթացքում նյութը չկորչի։ 

Հավաքչական աշխատանքն ընթացքում է, այդուհանդերձ, թանգարանում հավաքված նյութերին ծանոթանալով պատերազմի մասնակիցներից շատերի համար բնութագրական որոշ ընդհանրացումներ արդեն արել են:

«Երևույթը, որ միավորում է այս ճակատագրերը՝ պատերազմն է: Շատ կարևոր է հասկանալ՝ նրանք հարկադրվա՞ծ են մասնակցել պատերազմին, թե՞ հայրենասիրությունից մղված։ Զարմանալի հայրենասիրական դեպքերի ենք հանդիպում, երբ մարդը չի ծառայել բանակում (գուցեև ժամանակին խուսափել է), բայց այդ պահին ամեն ինչ թողել ու կամավոր մեկնել է պատերազմ։ Ընտանիքներ կան, որ սերունդներով են մասնակցել՝ հայր ու որդի, այդ պատմություններն էլ պետք է գրառենք»,- ասում է ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանը։

Սեդա Գալստյանը շարունակելով տնօրենի միտքն ավելացնում է, որ շատերը զինվորական ծառայությունից ազատվելու պատճառներ են ունեցել և կարող էին պատերազմին չմասնակցել, բայց կամավոր գնացել են: Պատմում են՝ ներկայացավ զինկոմիսարիտ, անունը հայտնելուց հետո ասեցին՝ դու ազատված ես։ Ասում է՝ ես չեմ եկել հարցնելու՝ ինձ տանո՞ւմ եք, թե՝ չէ, եկել եմ ձեզ հայտնելու, որ ես գնում եմ։ Մեկ ուրիշը գնալուց առաջ ընտանիքին ասել է՝ մեքենան այսինչ տեղն եմ կանգնեցրել, եկեք տարեք՝ ես մեկնում եմ պատերազմ: Շատերն են այդպես վարվել, այսինքն՝ նրանց համար այդ պահին ամենակարևորը հայրենիքի պաշտպանությունն էր, որ գնում են հաղթելու, հողն ազատագրելու։ 

Այս սերնդին բնութագրող բնավորության գծերից մեկն էլ այն է, որ բոլորն ընտանիքներից թաքցրել են մարտական գործողությունների կիզակետում լինելը, չեն ցանկացել անհանգստություն պատճառել ծնողներին։ 

Թանգարանի տնօրենը շեշտեց, որ այս ցուցադրությամբ իրենց առաջին խնդիրը պատերազմում զոհված տղաներին ներկայացնելն է և նրանց պատմությունը սերունդներին փոխանցելը։ Նրանց կյանքը մի կետում ավարտվել է, բայց երազանքներ ունեին, որոնք հնարավոր է թանգարանի ներկայացման միջոցով մեկ ուրիշն իրականացնի։ Թանգարանի համար կարևոր սկզբունք է, որ ամեն ինչ ճշգրիտ, փաստարկված ներկայացնի, զգայական ամբողջ էներգիան կարողանա իրերի միջոցով փոխանցել։

Երկրորդը՝ գտնի և ներկայացնի յուրօրինակ դեպքերը: Օրինակ, մի խումբ կամավորներ ոչ միայն կռվել են, այլև իրենց խրամատը հազարաշեն տանիքի մոդելով էին կառուցել, որտեղ ինժեներական միտք էր դրված։ Այսպիսի բան հազվադեպ է պատահում, որ մշակութային էլեմենտ կարող ես կիրառել պատերազմելու ժամանակ։ Այդպիսի պատմությունները նույնպես հայտնաբերում և հավաքում ենք։ 

Պատմության թանգարանի նախաձեռնած ապագա ցուցադրության և Արցախյան երկրորդ պատերազմին հետևած իրադարձությունների վերաբերյալ ևս մի քանի հարց ուղղեցինք ՀՊԹ տնօրեն Դավիթ Պողոսյանին, որը ներկայացնում ենք հարցազրույցի տեսքով:  

Զոհված զինծառայողներին ներկայացնելու ի՞նչ սկզբունք է ընտրել թանգարանը, ինչպե՞ս եք ընտրում՝ ո՞ւմ պետք է ներկայացնել և ինչպե՞ս:

Մեր խնդիրը բնավ ոմանց հերոսացնելը կամ մի մասին ստվերում պահելը չէ։ Թանգարաններն այսօր հակված են ոչ թե պատրաստի պատասխաններ տալ, այլ ներկայացնել այն բովանդակությունը, որն իրենք են բացահայտել: Քանի որ թանգարանը մշակութային հարթակ է, տարբեր պատմություններ պետք է տալ, այցելուն թող վերլուծի տեսածը։ Սա կբերի այն գիտակցությանը, որ բոլորը հավասարապես պատասխանատու են հայրենիքի համար, բոլորն անելիք ունեն: Իհարկե, ժամանակ է պետք այդ բոլորն արժևորելու համար, շատ բան դեռևս պարզ չէ: Սովորաբար թանգարանն սպասում է, որ իրադարձությունը ժամանակի ընթացքում արժևորվի, բայց հիմա իրադարձությունները շատ արագ են զարգանում:  Քաղաքական գործընթացներ կան, որ կարող է սխալ մեկնաբանվեն, դա հաշվի առել ենք։ 

Ցուցադրությունն ի՞նչ է փոխանցելու հանրությանը, ապագա սերնդին: 

Մենք սովոր ենք թանգարանների պատերին գեներալների նկարներ տեսնել, բայց թանգարանը չպետք է կենտրոնանա կաղապարված կերպարների վրա։ Պատերազմի գլխավոր կերպարը միայն գեներալը չէ, իրադարձության մասնակիցները մարդիկ են: Գեներալի դերն, անշուշտ, կարևոր է պատերազմում, բայց մինչև գեներալ դառնալն էլ է կարևոր։ Մարդիկ ուսադիրներով չեն ծնվում, և այս ցուցադրությունը կօգնի սերունդներին հասկանալու, որ հայրենիքի ազատության համար պայքարողները չհասան դրան, բայց այդ ճանապարհին էին: Այս նախաձեռնությունը թերևս կբերի այն գիտակցությանը, որ բոլորը հավասարապես պատասխանատու են հայրենիքի ճակատագրի համար և բոլորն անելիք ունեն։

Եթե կանգ առանք և սկսեցինք միայն սգալ՝ առաջ չենք գնա: Պետք է միավորվենք և հզոր հայրենիք կառուցենք, պաշտպանենք հայրենիքը, ուրիշ ճանապարհ մեզ չեն թողնում։ Հայկի և Բելի առասպելից սկսած ստիպված ենք եղել պայքարել և պայքարել ավելի հզոր ուժերի դեմ։

Այս պատերազմը նախորդներից տարբերվում է կիրառված զինատեսակներով, ցուցադրվելո՞ւ են դրանք։ 

Արցախյան պատերազմն սկսվել է և չի ավարտվել, որոշ ժամանակ թեժ է եղել, որոշ ժամանակ հարաբերական խաղաղություն է եղել։ Քանի որ ռազմական գործողությունները չեն ավարտվել, հաշտության պայմանագիր չկա, դրան գուցե 50 տարի հետո անդրադառնանք: Այս փուլում մենք հավաքում ենք պատմություններ և հուշային առարկաներ։ Հետագայում, երբ նախագծենք պատերազմի պատմությունը, միգուցե նաև այդ նյութի հետևից գնանք, բայց հիմա, կարծում եմ, մեզ հասանելի չի  լինի այդ մասը: Զինատեսակների մեծ մասը հետաքննական գործընթացներում են, հիմա թանգարանին չեն տրամադրի, որոշ բաներ գուցե 50 տարի անց տրամադրվեն:  

Ասացիք՝ Արցախյան պատերազմն սկսվել է և չի ավարտվել, այդ իմաստով ինչպե՞ս եք վերաբերվում Բաքվի հիմնած «Ռազմական ավարի պուրակին»:

Իրենք էլ լավ գիտեն, որ դա միայն իրենց ձեռքբերումը չէ, մի շարք հնարավորություններ շատ լավ օգտագործեցին և հասան հաջողության: Հիմա փորձում են ամրապնդել իրենց հաջողությունը և դա տգեղ ձևով է արվում։ Հաճախ այդ բովանդակությունն իրենց դեմ կարող է աշխատել և բացահայտում են իրենց հայատյացությունը։ Ինչքան էլ պաշտոնապես ասում են, որ մենք պատրաստ ենք խաղաղության, իրականում ստեղծել են ատելության տարածք իրենց քաղաքի կենտրոնում։ Այս սերունդը, որ այցելում է այդ տարածք, չի կարող խաղաղությամբ լցվել և խաղաղության գաղափարների վրա դաստիարկվել դեպի հարևան ժողովուրդը։ Սա մեր ձեռքում կռվան է, որ միջազգային կառույցներին անընդհատ ասենք՝ որ գործ ունենք այսպիսի երկրի հետ, որը ոչ մեր ընտրությամբ դարձել է մեր հարևանը: Իրականում, նրանք շտապեցին այս առումով։ 

 

Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter