HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, Սուրբ Պատարագի արարողությանը մասնակցեց Սուրբ Գայանե վանքում: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի լրատվական ծառայությունը։

Այս օրը հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների մասունքարանը:

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ Գերաշնորհ Տ. Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հնթացս Սուրբ և Անմահ Պատարագի ընթերցվեց Ամենայն  Հայոց Կաթողիկոսի ուղերձը Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով:

«Մեկ դարից ավելի է անցել Օսմանյան Թուրքիայի կողմից ծրագրված և իրագործված Հայոց ցեղասպանությունից։ Եղեռնահար մեր ժողովուրդը փրկված բեկորներով ցրվեց աշխարհով մեկ՝ իր պատմական հայրենիքում և գաղթի անապատներում թողնելով մեկ և կես միլիոն նահատակների։ 

 20-րդ դարասկզբին հայ ժողովրդի ցեղասպանությունը արձանագրված է որպես մարդկության դեմ գործված դարի առաջին հանցագործություն՝ ազգի բնաջնջման, էթնիկ թշնամանքի հրեշավոր դրսևորումներով։

 Ցեղասպանության ողբերգության ցավը այսօր արցախյան պատերազմի ծանր կորուստներով նորովի է պատել մեր ժողովրդի հոգին: Մեր սուրբ նահատակների լույս հիշատակի առջև մեր նվիրական պարտքն է ամրապնդել ազգային միաբանությունը, ներքաղաքական զարգացումներում զերծ մնալ բռնություններից ու բախումներից և նախանձախնդիր ոգով հետամուտ լինել մեր իրավունքների պաշտպանությանը։ Մեր ժողովրդի կյանքը ձեռքբերումներով զարդարելու, մեր առջև ծառացած մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու գրավականը պետության զորացման պատասխանատվության բարձր զգացումն է և համախմբումը ազգային ու հոգևոր արժեքների շուրջ։ 

Մեր սուրբ նահատակների բարեխոսության հայցով աղոթում ենք Ամենողորմ Տիրոջը, որ խաղաղ ու անվտանգ լինի մեր երկիրը, և աշխարհասփյուռ մեր ժողովուրդը միակամ ու միասնական կերտի իր բարօր ու լուսավոր ապագան՝ հանուն ազգի ու հայրենյաց», - ասված էր Հայրապետական ուղերձում: 

Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցականների թափորը, կրելով սուրբ նահատակների մասունքարանը, ուղղվեց դեպի Մայր Տաճարի շրջափակ, ուր Աղոթքի և ուխտի խաչքարի առջև, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter