HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայտնի են «Ավրորայի» հերոսների անունները

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայատարարեց 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսների անունները, որոնց ընտրել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ նրանց ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության համար:

Հատուկ միջոցառումը տեղի ունեցավ Մատենադարանում, որի ընթացքում ներկաները հարգեցին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահինադիր եւ մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, գիտնական եւ մեծ մարդասեր Վարդան Գրեգորյանի հիշատակը, որն օրեր առաջ հեռացավ կյանքից: Ավանդույթի համաձայն, 2021 թ. «Ավրորայի» հերոսների անուններն արձանագրվել են «Մատյան մարդասիրաց»՝ 21-րդ դարի եզակի ձեռագիր-մատյանում, որը «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության յուրահատուկ տարեգիրքն է:

«Ավրորայի» հերոսներից մեկը կդառնա 2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր եւ հնարավորություն կստանա շարունակելու նվիրատվության շղթան՝ մեկ միլիոն դոլար մրցանակը բաշխելով այն կազմակերպությունների միջեւ, որոնք օգնում են կարիքավորներին։ 2021 թ. «Ավրորայի» հերոսներն են.

  • Գրեգուար Ահոնգբոնոն (Կոտ դ'Իվուար). «Սբ Կամիլ» ընկերակցության հիմնադիր, որն օգնում է Արեւմտյան Աֆրիկայում հոգեկան հիվանդությամբ տառապող մարդկանց եւ փորձում է վերջ տալ նրանց շղթայակապ պահելու` տեղական անմարդկային սովորությանը:  

Գրեգուար Ահոնգբոնոնն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք խթանում են միջազգային համերաշխությունը եւ աջակցում են մտավոր հաշմանդամություն ու հոգեկան հիվանդություններ ունեցող անձանց։ Դրանք են «Միջազգային զարգացման կրթության՝ Լանոդիերի տարածաշրջանային կոմիտեն» (ԿՐԵԴԻԼ), «Լ’Արշ Կանադա» հիմնադրամը եւ «Սբ Կամիլ» ընկերակցությունը:

  • Ջուլիեն Լուսենգե (Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետություն). մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն՝ հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» (SOFEPADI) կազմակերպության եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիր, որը տարիներ ի վեր օգնում է պատերազմի ընթացքում սեռական բռնության ենթարկվածներին։ 

Տիկին Լուսենգեն առաջադրել է երեք կազմակերպություն, որոնք աջակցում են կանանց կազմակերպություններին, զորացնում են գենդերային հիմքով բռնության զոհերին եւ օգնում ներքին տեղահանված անձանց՝ վերաինտեգրվելու իրենց համայնքներ։ Դրանք են Կոնգոյացի կանանց հիմնադրամը, Կոնգոյի համերաշխության լիգան եւ «Մայրերի ընկերություն՝ հանուն զարգացման եւ խաղաղության» կազմակերպությունը:

  • Ռուբի Ալբա Կաստանյո (Կոլումբիա). իրավապաշտպան եւ ASOCATDAME-ի (Գյուղացիների, գյուղական աշխատողների եւ շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիա) հիմնադիր, որն աշխատում է պաշտպանել հազարավոր կոլումբիացի գյուղացիների իրավունքները, որոնք ենթարկվում են հետապնդումների, հարկադիր տեղահանումների եւ անհետացման։ 

Տիկին Կաստանյոն առաջադրել է հետեւյալ երեք կազմակերպությունները, որոնք պաշտպանում են Կոլումբիայի գյուղացիական եւ աղքատ համայնքների իրավունքները. Գյուղացիների, գյուղական աշխատողների եւ շրջակա միջավայրի պաշտպանների Մետայի ասոցիացիա (ASOCATDAME), «Նորման Պերես Բեյո» կլարետյան կորպորացիա (CCNPB) եւ Գյուղատնտեսական միությունների ազգային դաշնություն (FENSUAGRO):

  • Աշվաք Մոհարամ (Եմեն). բժիշկ, որը կենսապահպան աջակցություն է ցուցաբերում Եմենի Հոդեյդա նահանգի սովյալ բնակչությանը, որը հայտնվել է հակամարտության ու շրջափակման հետեւանքով գոյացած ճգնաժամի մեջ: 

Բժիշկ Մոհարամն առաջադրել է երկու կազմակերպություն, որոնք պաշտպանում են երեխաների ապագան եւ անվճար առողջապահական ծառայություններ մատուցում Եմենում ընթացիկ հակամարտությունից տուժածներին. դրանք են «Փրկեք Եմենի երեխաներին» եւ «Բժիշկներ առանց սահմանների» (Եմեն) կազմակերպությունները:

  • Փոլ Ֆարմեր (ԱՄՆ). բժիշկ-մարդաբան, Հարվարդի բժշկական դպրոցի դասախոս, «Առողջապահական գործընկերներ» (PIH) միջազգային շահույթ չհետապնդող կազմակերպության համահիմնադիր եւ գլխավոր ռազմավար, որը ժամանակակից բժշկագիտության օգուտները հասցնում է նրանց, ովքեր ամենից շատ ունեն դրա կարիքը: 

Փոլ Ֆարմերը առաջադրել է երկու կազմակերպություն, որոնք առողջապահական ծառայություններ են մատուցում աշխարհի ամենաաղքատ համայնքներին եւ ստեղծում են սոցիալական բժշկություն ուսուցանողների ու պրակտիկ գործունեությամբ զբաղվող մասնագետների համաշխարհային շարժում։ Դրանք են «Առողջապահական գործընկերներ» եւ «Հավասար առողջություն» կազմակերպությունները։  

«Ինձ համար մեծ պատիվ է ունենալ հնարավորություն՝ ճանաչման արժանացնելու ամբողջ աշխարհից ընտրված այս ականավոր կանանց ու տղամարդկանց: 2021 թ. «Ավրորայի» հերոսներն անհատներ են, որոնք իսկապես հավատում են մարդու հիմնարար իրավունքներին եւ իրենց կյանքը նվիրել են անբարենպաստ վայրերում գտնվող մարդկանց օգնելու գործին: Նրանք ճանաչման են արժանանում նաեւ այն հսկայական ազդեցության համար, որ նույնիսկ մեկ անհատը կարող է գործել՝ օգնելով հազարավոր մարդկանց եւ միաժամանակ, որ ամենակարեւորն է՝ ոգեշնչելով միլիոնավոր մարդկանց», - ասաց «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի նախագահ Լորդ Արա Դարզին:

«2021 թ. «Ավրորայի» հերոսների ձեռքբերումները ցույց են տալիս գործելու նրանց կամքը՝ արձագանքելով իրենց շուրջ գտնվող մարդկանց կարիքներին: «Ավրորան» խորապես հավատում է բարելավելու եւ կյանքեր փրկելու` մարդկության ուժին եւ հանդես է եկել «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարով, որը բնորոշում է մարդկային ոգին՝  մարդասիրական գործունեություն ծավալելու ունակությամբ։ Հերոսները, որոնց մենք այսօր մեծարում ենք, այն օրինակելի դեմքերն են, որոնց կարիքն աշխարհն այժմ ունի ավելի, քան երբեւէ»,- նշեց «Խաղաղության տուն» խնամքի տան եւ REMA հիվանդանոցի հիմնադիր ու «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն։

Միջոցառման ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարեց նաեւ 2022 թվականի «Ավրորա» մրցանակի առաջադրումների փուլի բացումը եւ կոչ արեց բոլորին առաջադրելու մերօրյա ոգեշնչող հերոսների: Նույն օրն ավելի վաղ «Ավրորայի» ներկայացուցիչները ոգեկոչել էին Հայոց ցեղասպանությունը՝ մասնակցելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ծաղիկներ խոնարհելու արարողությանը:

* * *

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» հիմնադրամը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Նախաձեռնությունն ունի հայկական պատմական արմատներ, քանի որ այն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտելով վերափոխել այս փորձառությունը համաշխարհային շարժման: 

«Ավրորայի» ողջ գործունեությունը խարսխված է համամարդկային՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի վրա: Սա նշանակում է, որ աշխարհում անհամար մարդիկ, որոնք օգնություն են ստացել ճգնաժամի պահին, իրենց երախտագիտությունը լավագույնս կարող են արտահայտել՝ նույնպիսի աջակցություն տրամադրելով մեկ ուրիշի: Ներգրավելով «Ավրորայի» աջակիցներին աշխարհով մեկ` նախաձեռնությունը կվերածվի  համաշխարհային  շարժման եւ «ձնագնդի» ազդեցությամբ կընդլայնի  փրկողների  շրջանակը, եւ ամենակարեւորը՝ կմեծանա փրկվածների թիվը:

Դիմագրավելով մարդասիրական հրատապ մարտահրավերներին՝ նախաձեռնությունը երկրորդ հնարավորություն է ընձեռում նրանց, ովքեր ամենաշատն ունեն դրա կարիքը: Հավատարիմ իր տեսլականին. «Մենք հավատում ենք, որ պատմության ամենադժվարին պահերին անգամ լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում են եւ հույս պարգեւում այլոց»՝ «Ավրորան» ողջունում է բոլոր նրանց, ովքեր ընդունում են այս գաղափարախոսությունը:  

Այս ութամյա հանձնառության (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923թթ.) նպատակն է խթանել գործողությունների վրա հիմնված բարեգործությանը, որը կբերի շոշափելի արդյունքի: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի միջոցով՝ «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակ, «Ավրորան՝ Արցախին» մարդասիրական ծրագիր, #AraratChallenge շարժում, Aurora Dialogues քննարկումներ, «Ավրորա» դրամաշնորհներ, «Ավրորա» համայնք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ եւ 100 LIVES նախաձեռնություն:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը բարերարներ Վարդան Գրեգորյանի (1934-2021), Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են հազարավոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնության նախագահ բժիշկ Թոմ Քաթինան` որպես վիրաբույժ, մարդասեր եւ 2017 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր, մարդասիրական գործունեության իր փորձառությամբ աշխարհում տարածում է «Ավրորայի»՝ «Երախտագիտությունն` ի գործ» ուղերձը եւ համախմբում բոլորին համընդհանուր մարդկայնության շուրջ: 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացնում են երեք կազմակերպություններ՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ «Ավրորա մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամ (Երեւան, Հայաստան):

 

«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի մասին

 «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաքելությունն է ճանաչման արժանացնել եւ աջակցել նրանց, ովքեր վտանգի են ենթարկում սեփական կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որպեսզի փրկեն այն մարդկանց կյանքը, առողջությունը կամ ազատությունը, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով։ «Ավրորա» մրցանակի դափնեկիրն ընտրվում է՝ ըստ ցուցաբերած խիզախության, նվիրումի եւ ունեցած ազդեցության: 

Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի 2015-2023 թթ. (ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝ 1915-1923 թթ.) շնորհվում է 1.000.000 ԱՄՆ դոլար պարգեւ, որն էլ բացառիկ հնարավորություն է ընձեռում նրան շարունակելու նվիրատվության շղթան եւ աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի կազմում ընդգրկված են Նոբելյան դափնեկիրներ Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության համահիմնադիր եւ Ֆրանսիայի նախկին արտգործնախարար Բեռնարդ Քուշները, մարդու իրավունքների ակտիվիստ եւ The Sentry նախաձեռնության համահիմնադիր Ջոն Փրենդերգասթը, Unilever ընկերության նախկին գլխավոր գործադիր տնօրեն եւ IMAGINE կազմակերպության համահիմնադիր նախագահ Փոլ Փոլմանը, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը (1934 - 2021):  Հանձնաժողովը նախագահում է Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն Լորդ Արա Դարզին:

Պատվավոր համանախագահներն են խաղաղության եւ մարդու իրավունքների հայտնի ակտիվիստ Բենջամին Ֆերենցը եւ օսկարակիր դերասան, մարդասեր Ջորջ Քլունին։ Ընտրող հանձնաժողովի պատվավոր անդամներն են Կոստա Ռիկայի նախկին նախագահ եւ Նոբելյան դափնեկիր  Օսկար Արյասը, Մարիինյան թատրոնի գեղարվեստական եւ գլխավոր տնօրեն, Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր Վալերի Գերգիեւը, Ավստրալիայի նախկին արտգործնախարար եւ Միջազգային ճգնաժամային խմբի նախագահ ու գործադիր տնօրեն Գարեթ Էվանսը:

Մենք հարգում ենք Ընտրող հանձնաժողովի առաջին համանախագահ, Մարդասիրության «Էլի Վիզել» հիմնադրամի նախագահ, Նոբելյան դափնեկիր Էլի Վիզելի (1928-2016 թթ.) հիշատակը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter