HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Թե ինչու ընտրություններն արդար չեն կարող լինել

Ընտրությունների կեղծման վերաբերյալ կանխակալ եզրակացությունը վտանգավոր է ընտրական համակարգի նկատմամբ հանրային ապատիան խորացնելու և, որպես իշխանության իրացման մեխանիզմ, արժեզրկելու իմաստով: Սակայն այն գործընթացները և երևույթները, որոնք արձանագրվում են նախընտրական շրջանում և անգամ դրանից առաջ, այլ սպասումներ չեն առաջացնում: Մասնավորապես`

  • ՀՀԿ-ն կտրականապես հրաժարվեց մեծամասնական ընտրակարգը վերացնելու` ոչ մարգինալ քաղաքական գրեթե ողջ դաշտի պահանջն ընդունելուց, ինչով ուղղակի ապացուցեց, որ իր համար այն իշխանությունը պահելու առանցքային լծակներից մեկն է: 
  • Չնայած կոալիցիոն ուժերը ընտրություններին գնացին առանձին ցուցակներով, այսինքն՝ միմյանց դեմ մրցակցելու ճանապարհով, սակայն բուն կոալիցիան շարունակում է գործել: Ավելին՝ մեծամասնական ընտրատարածքներում կոալիցիոն թեկնածուների առաջադրման համեմատական վերլուծությունը պարզորոշ ցույց է տալիս, որ նրանք առաջնորդվել են ընտրությունների սխեմավորման և միմյանց դեմ պայքարելու դաշտը հնարավորինս սահմանափակելու սկզբունքով: Իսկ դա առանց ներքին պայմանավորվածությունների, հնարավոր չէր իրականացնել:
  • Իշխող Հանրապետական կուսակցությունը մեծամասնական ընտրատարածքների մեծ մասում առաջադրեց այն օլիգարխներին, որոնք նախորդ ընտրություններում աչքի են ընկել բացառապես ընտրակեղծիքներ իրականացնելով ու ՀՀԿ-ի հաղթանակն ամեն գնով ապահովելով: Հանրության կողմից միանշանակ անընդունելի այս շրջանակների կրկին առաջադրումը կարող է մեկ բան նշանակել. իշխանությունը չի հրաժարվում այդ ռեսուրսն օգտագործելու մտքից:
  • Նախընտրական քարոզարշավը դեռ չսկսած` ընտրությունների օրինականությունն ապահողով հիմնական պետական կառույցի` ոստիկանության ղեկավարը հայտարարում է, թե ընտրելու է իշխանությանը, որովհետև ինքն իշխանության թիմից է: Սա հասարակության մոտ ամրապնդում է այն համոզմունքը, որ պետությունը ոչ թե արդար ընտրությունների ու օրիանականության ապահովման, այլև իշխանության վերարտադրությունն ապահովելու առաքելություն է ստանձնել:
  • Չնայած մարդահամարի պաշտոնական տվյալներով բնակչության թիվը կրճատվել է մոտ 130 հազարով, սակայն ոստիկանության հրապարակած ընտրողների ռեգիստրի տվյալներով ընտրողների թիվն աճել է մոտ 200 հազմարով: Մարդահամարի տվլաներն ունենալու պարագայում նման ցուցակ ներկայացնելը, առանձին հասցեներում մինչև 100 անձանց գրանցման մասին հայտնաբերվող տվյալները, դրանք համառորեն չվերանայելու ոստիկանության պահվածքը վկայում են, որ ուռճացված ընտրացուցակները վերածվում են տոտալ թվանկարչության հարթակի:
  • Հանրապետական կուսակցությունը ոչ միայն չմիացավ ընտրություններին մասնակցող հիմնական 4 քաղաքական ուժերի` ընտրությունների ընթացքը վերահսկող միջկուսակցական շտաբ ձևավորելու նախաձեռնությանը, այլ հապճեպորեն դրան հակակշռող մարմին ձևավորեց Աժ-ում: Նման գործելաոճը կարող էր ընդամենը մեկ դրդապատճառ ունենալ. թույլ չտալ ձևավորել ընտրությունների ընթացքը վերահսկելու և ընտրակեղծիքները կանխելուն ուղղված գործնական մեխանիզմներ:

Այս իրողությունները հստակ հարց են դնում. որքանո՞վ է հնարավոր կանխել սպասելի  ընտրակեղծիքները:

Ընթացող քարոզարշավի առաջին մի քանի օրերն ուրավգծում են հասարակության գրեթե բացարձակ անտարբերությունն ընտրությունների նկատմամբ: Ընտրողների մեծամասնության համար այն հետաքրքիր է բացառապես նյութական շահագրգռությունների կտրվածքով. մարդիկ սպասում են, թե ինչքան է այս անգամ լինելու տոտալ կերպով բաժանվելիք ընտրակաշառքի գումարի չափը: Հետևաբար հասարակությունն ինքը, մեծ հաշվով, ոչ միայն պատրաստ չէ կեղծարարության դեմ պայքարին, այլև իր սպասումներով ստեղծում է դրա բոլոր նախադրյալները:

Քաղաքական մակարդակում խնդրի գիտակցումն առկա է: Եվ դա է պատճառը, որ իշխանության դեմ մրցակցող ուժերը ոչ թե հաղթելու, այլ ՀՀԿ-ի հաղթանակը, ավելի ճիշտ՝ նրա կողմից իշխանության մոնոպոլիզացումը կանխելու նպատակադրմամբ են առաջնորդվում: Հենց դրա արդյունքում հնարավոր դարձավ միջկուսակցական շտաբի ձևավորումը: Սակայն հատկապես 5 գործոններ թույլ են տալիս պնդելու, որ ընտրությունների հանրային վերահսկման և այդ դաշտում հաջողությունների հասնելու համար քաղաքական համակարգն առայժմ պատրաստ չէ:

1. Վերահսկողության նման մեխանիզմների ձևավորումը տրամաբանական էր ոչ թե ընտրարշավի մեկնարկին, երբ քվեարկությանն ընդամենը 1 ամիս է մնացել, այլ շատ ավելի վաղ: Դա հնարավորություն կտար ոչ միայն ավելի շուտ հաղթահարել այս կամ այն հարցի շուրջ ի հայտ եկող ներքին անհամաձայնությունները, այլև քաղաքական ուժերն ընտրություններին կմասնակցեին ընտրակեղծիքների դեմ արդեն մշակված և գործադրելի մեխանիզմներով: Իսկ հիմա, առավելագույնը, ինչին կարող է հասնել այս ոչ ֆորմալ կառույցը, քվեարկության օրը ընտրատեղամասերում հսկողություն իրականացնելն է, որն առանց այն էլ կարող էին կատարել մասնակից ուժերի վստահված անձինք և ընտրատարածքային հանձնաժողովի` իրենց ներկայացուցիչները: Փաստորեն, ընտրացուցակների մաքրման աշխատանքները մնալու են անիրագործելի, մինչդեռ իրականում հենց սա է լինելու իշխանության վերարտադրման ամենահիմնական գործիքը:

2. Իշխանությունը գործի է դնում հակառակ ճամբարում այս հարցի շուրջ ցանկացած նախաձեռնություն «օրորոցում խեղդելու» իր լծակները: ԱԺ նախագահին կից խորհրդակցական մարմնի ձևավորումը դրա դրսևորումներից ընդամենը մեկն է, ընդ որում` ոչ ամենակարևորը: Իրական լծակը ընտրությունների համատեղ վերահսկման խնդիր դրած ուժերի միջև փոխադարձ անվստահության սերմանումն է` օգտագործելով այսպես կոչված «չպայթող, բայց փնտրվող ականների» ֆենոմենը, երբ բուն խնդիրը թողած` քաղաքական ուժերը փորձում են միմյանց մեջ իշխանության ներդրած ականներին հայտնաբերել, միմյանց մեղադրել իշխանութան ջրաղացին ջուր լցնելու, նրանց համար աշխատելու մեջ:

3. Սակայն այդ մեթոդը չէր կարող աշխատել, եթե քաղաքական ուժերն ունենային ներքին փոխադարձ վստահության նախնական բավարար ռեսուրս: Անցած տարիներին ընդդիմադիր ուժերը շատ ավելի միմյանց դեմ էին պայքարում, քան իշխանության, որն այդ ընթացքում վերածվել էր հանդիսատեսի: Արդյունքում նրանք բանակցությունների սեղանին են դրել ոչ թե իրենց ընդհանուր շահերը, այլ փոխադարձ ներքին անվստահությունը: «Ժառանգություն» կուսակցության ներկայացրած նախապայմանները այս իրողության ուղղակի ապացույցներն են:  

4. Նախաձեռնություն ցուցաբերած կուսակցությունների մի մասը նույնիսկ սեփական ռեսուրսների վրա վստահ չէ: Անցած ընտրությունները ցույց տվեցին, որ ընդդիմադիր կուսակցությունների վսհատված անձինք, հանձնաժողովներում նրանց ներկայացուցիչները շատ դեպքերում գնում են իշխանությունների հետ սեպարատ պայմանավորվածությունների ու գործարքների` աչք փակելով զեղծարարությունների նկատմամբ և սեփական կուսկացություններին չտրամադրելով տեղի ունեցողի իրական, օբյեկտիվ պատկերը: Ներքին անվստահությունն առկա է նաև հիմա: Պատահական չեն մամուլ սպրդող տեղեկությունները, թե տարածքներում ԲՀԿ շտաբների ներկայացուցիչները կուլիսային մակարդակով աշխատում են ՀՀԿ-ի համար: Այդպիսի կասկածները չեն վերացել նաև «Ժառանգության» մասով:  

5. Ոչ ոք չի կարողանում վերջնականապես հասկանալ, թե ինչ նպատակներ է հետապնդում ԲՀԿ-ն, որը չնայած միանում է ընտրությունների ընթացքը վերահսկելու այս արշավին, բայց համառորեն հրաժարվում է դուրս գալ իշխանական կոալիցիայից: ԲՀԿ-ի գործոնը, մինչդեռ, ընտրակեղծիքների դեմ պայքարի արդյունավետության իմաստով որոշիչ է: Պատճառը այդ պայքարի համար նրա խոստացած մարդկային մեծ ռեսուրսներին տիրապետել-չտիրապետելը կամ վստահել-չվստահելը չէ: Այլ այն, թե արդյոք ԲՀԿ-ն ազնի՞վ է խաղում: Բանն այն է, որ եթե, անգամ շտաբը ընտրակեղծիքների մասին կուտակած փաստեր, ընտրությունների արդյունները վիճարկելու բավարար իրավական հիմնավորումներ ունենա, բայց վերջին պահին ԲՀԿ-ն ճանաչի ընտրությունների արդյունքները, ողջ գործընթացը կարող է պարզապես ջուրը լցվել: Որովհետև խաղից պարտված դուրս գալու մասին հայտարարելու է այն ուժը, որը ունեցած հեղինակությամբ ու ժողովրդականությամբ, բոլորից շահագրգիռը պետք է լիներ իր հաղթանակի, հետևաբար նաև արդյունքները բողոքարկելու հարցում: Այսինքն մտավախություն կա, որ ԲՀԿ-ն այս ընտրություններում կկատարի այն նույն դերը, ինչ 2008-ի նախագահական ընտրություններից հետո` ՕԵԿ-ը:

Ընդհանուր առմամբ, պատկերն իսկապես հուսադրող չէ ոչ իշխանության` արդար ընտրություններ անցկացնելու քաղաքական կամքի և ոչ էլ ընդդիմության` դա պարտադրելու կարողության մասով: Եվ որքան էլ հասարակական անտարբերությունն օբյեկտիվ հիքմեր ունի, սակայն ստեղծված իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է քաղաքացու պատասխանատվության գիտակցումը, թեկուզ այն պատճառով, որ որքան քվեարկությանը սեփական կամքով ու համոզմունքներով մասնակցող քաղաքացիների թիվը մեծ լինի, այնքան կեղծիքների դաշտը կփոքրանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter