HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթև Խաչատրյան

2021թ.-ին կիրականացվի 8 բուժհաստատության շինարարական և արդիականացման ծրագիր

Հայաստանում այս տարի նախատեսվում է իրականացնել շինարարական, արդիականացման և վերակառուցման 8 ծրագիր` մարզերի և Երևանի բուժհաստատություններում։ Այս մասին այսօր հայտնեց Առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ»-ի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը։

Ըստ նրա՝ մարզային առողջապահական համակարգի համաչափ զարգացման հարցը շատ կարևոր է, հետևաբար ԱՆ-ն քայլեր է ձեռնարկում դրա իրականացման համար՝ հատկապես ուշադրություն դարձնելով մարզային բուժհաստատությունների գործունեության արդյունավետության բարձրացմանը, ենթակառուցվածքների բարելավմանն ու դրանց՝ սարքավորումներով հագեցմանը։

Մասնավորապես, 2021թ.-ին 6 շինարարական ծրագրի համար պետբյուջեից հատկացվել է 1,7 մլրդ դրամ, որը մյուս տարի նախատեսվում է ավելացնել։ Իսկ Համաշխարհային բանկի «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում նախատեսվում է 800 մլն դրամի կատարողական «Մարտունու» ԲԿ-ի և 500-600 մլն դրամ՝ «Վայոց Ձորի» ԲԿ-ի համար։

Այս վարկային ծրագրով 2020թ. հուլիսից արդեն սկսել են «Մարտունու» ԲԿ-ի կառուցման աշխատանքները, որը նախատեսում են ավարտել 2022թ. հուլիս-օգոստոս ամսիներին՝ սեպտեմբերից արդեն շահագործման հանձնելով 55 մահճակալ ունեցող, ամբողջովին կահավորված և արդիականացված բուժկենտրոն։

«Բժշկական կենտրոնը մատուցելու է երկրորդային մակարդակի հիվանդանոցային ծառայություններ, որոնք իրենց մեջ ներառելու են պոլիկլինիկական ծառայությունը, լաբորատոր ախտորոշիչ ծառայությունները, թերապևտիկ ծառայությունները՝ ինչպես մեծերի, այնպես էլ երեխաների համար, վիրաբուժական և ինֆեկցիոն ծառայություններ»,-ասաց Երվանդ Էլիբեկյանը։

«Մարտունու» ԲԿ-ն այս պահին տեղակայված է խորհրդային ժամանակներում կառուցված եռահարկ մասնաշենքումորն Էլիբեկյանի խոսքով՝ շատ մեծ տարածք է զբաղեցնում, և ծախսարդյունավետության տեսանկյունից՝ նպատակահարմար չի եղել դրա վերանորոգումը։

Այս բուժկենտրոնն ամբողջովին նոր կառուցվող շենք է լինելու՝ մոդուլային տիպի։

Նման բուժհաստատություն է կառուցվելու է նաև Վայոց Ձորում: Այն լինելու է հենց մարզի բժշկական կենտրոնը, որի շինարարական աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կսկսվեն մինչև այս տարվա հուլիս և կտևեն մոտ երկու տարի՝ ավարտվելով 2023թ.-ին։

«Վայոց Ձորի բժշկական կենտրոնը նախատեսված է կառուցել 35 մահճակալ հզորությամբ, անհետաձգելի մահճակալներ են լինելու,- ասաց ԾԻԳ տնօրենը ։Ավելանալու են այստեղ նաև մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքները»։

Էլիբեկյանը հույս հայտնեց, որ մարզային երեք բուժհաստատությունները՝ Վայոց Ձորի, Եղեգնաձորի և Վայքի, կմիավորվեն և կտեղակայվեն նոր կառուցվող բժշկական կենտրոնում։

Թե’ «Մարտունու», թե’ «Վայոց Ձորի» ԲԿ-ներն ունենալու են ուղղաթիռի վայրեջքի համար նախատեսված տարածքներ։

Բացի այս ծրագրերից, անցյալ տարվանից սկսվել են նաև նախահաշվային աշխատանքներ՝ 12 բժշկական հաստատություններում արդիականացման ծրագրերի իրականացման մասով, որոնցից 2-ը լինելու են Երևանում՝ «Նորքի ինֆեկցիոն» հիվանդանոցում և «Հոգեկան առողջության պահպանման կենտրոն»-ում.

«Երկուսում էլ կան ինչպես կառուցման, այնպես էլ վերանորոգման մասեր։ «Հոգեկան առողջության պահպանման կենտրոն»-ը կունենա մոտավորապես 425 մահճակալ, իսկ «Նորքը» 230 մահճակալ հզորություն (մահճակալների թիվը չի փոփոխվելու, հեղ. )»,-ասաց Ե. Էլիբեկյանը։

Առաջիկայում ԱՆ-ն կհայտարարի նաև մրցույթ «Սիսիանի» ԲԿ-ի վերակառուցման համար, այս բուժհաստատությունն ունենալու է 39-40 մահճակալ։

Վերակառուցման և շինարարական աշխատանքներ կսկսվեն նաև Թալինի, Չարենցավանի, Ծաղկահովիտի բժշկական կենտորններում։ Մասնավորապես, Ծաղկահովիտում կլինի նոր կառույց, Թալինում՝ վերակառուցումՉարենցավանում նախատեսված է կցակառույցի շինարարություն։

Պայմանագրային փուլում են նաև «Մասիս» բժշկական նորակառույց կենտրոնի շինարարական աշխատանքները, որոնք կմեկնարկեն մոտ ժամանակներս։ Դրանից հետո արդեն ըստ բյուջեի հնարավորությունների՝ շինարարական աշխատանքներ կիրականացվեն Աշտարակի, Վաղարշապատի, Արթիկի և Եղվարդի բժշկական կենտրոններում։

«Արթիկում և Եղվարդում նախատեսում ենք նորակառույց հիվանդանոցներ ունենալ, ինչպես նաև՝ Տաշիրում»,- հայտնեց Ե. Էլիբեկյանը։

Ինչ վերաբերում է բուժսարքավորումների համալրմանը, ապա տնօրենը նշեց, որ «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում առաջիկայում նախատեսված է բժշկական սարքավորումներով հագեցնել Մարտունու և Վայոց Ձորի բուժհաստատությունները: Կարիքները կգնահատվեն, և մրցութային գործընթացը կսկսվի այս տարվա վերջում։

Վերջին տասնամյակների ընթացքում Հայաստանում հիմնանորոգվել և հագեցվել են 18 բժշկական կենտրոն, 250 ամբուլատորիայից 170-ը կառուցվել կամ վերանորոգվել է։

«Մենք ունենք առաջնահերթությունների ցանկ և ֆինանսական միջոցների հնարավոր առկայության դեպքում նախատեսում ենք աշխատանքներ իրականացնել, մեր ծրագրերում կա այդ ամեն ինչը»,- հայտնեց ԾԻԳ տնօրենը։

Բուժհաստատությունների՝ վերանորոգման և հիմնանորոգման չափանիշներն ու դրանց ընտրությունը պայմանավորված է ներկա շենքային պայմաններով, սպասարկվող բնակչության թվաքանակով, սահմանամերձ լինելով։ Ե. Էլիբեկյանը չառանձնացրեց որևէ մարզ, որտեղ կա բուժհաստատությունների առաջնահերթ վերանորոգման կարիք՝ նշելով, որ աշխատում են շինարարական ծրագրերն իրականացնել համաչափ։

«Եթե դուք մատուցում եք որակյալ ծառայություն պատշաճ պայմաններում, ինքնաբերաբար արդեն հոսքը դեպի Երևան կնվազի. մեր փորձը նախկինում ցույց է տալիս, որ այդպես էլ լինում է»,- եզրափակեց նա։

 

Գլխավոր լուսանկարում՝ «Մեծամորի» ԲԿ-ն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter