
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսին
Ապրիլի 26-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ողջունելով իր լիտվացի գործընկերոջը և նրա գլխավորած պատվիրակությանը՝ Արա Այվազյանը խորհրդանշական է համարել, որ նախարար Լանդսբերգիսի պաշտոնական այցը Հայաստան տեղի է ունենում երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյա հոբելյանի տարում:
Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից քննարկում են ունեցել երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի շուրջ: «Հայաստանը բարձր է գնահատում Լիտվայի հետ ունեցած բարեկամական հարաբերությունները՝ հիմնված երկու ժողովուրդների միջև փոխադարձ հարգանքի և համակրանքի, ինչպես նաև ընդհանուր արժեքների վրա: Վերջին երեք տասնամյակների ընթացքում մենք զարգացրել ենք բարձր մակարդակի արդյունավետ քաղաքական երկխոսություն և սերտ համագործակցություն տարբեր ոլորտներում: Մենք հանձնառու ենք խորացնելու և ընդլայնելու փոխադարձ հետաքրքրության ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը։ Մեր ժողովուրդների միջև բարեկամությունն արտահայտվել է նաև COVID19 համավարակի դեմ պայքարի շրջանակներում, և մենք գնահատում ենք Լիտվայի կողմից մեր երկրին ցուցաբերված աջակցությունը»,- նշել է Արա Այվազյանը:
Նախարարները շոշափել են նաև ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը ժողովրդավարական սկզբունքների, իրավունքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության առաջմղմանը:
Հանդիպման առանցքային թեմաներից էին նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության ու կայունության հարցերը: Նախարարի պաշտոնակատար Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է ԼՂ հակամարտության համատեքստում հրատապ հասցեագրում պահանջող հումանիտար հարցերը: ԱԳ նախարարները համակարծիք էին Ադրբեջանում պահվող ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման, ԼՂ հակամարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանման անհրաժեշտության շուրջ:
«Հայ ժողովուրդը դեռ շարունակում է առերեսվել Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վերջին ագրեսիայից բխող մարտահրավերների: Մեր տարածաշրջանն արժանի է ավելի լավ ապագայի, և այդ նպատակով միջազգային հանրությունն ունի իր դերակատարումը»,- ընդգծեց Արա Այվազյանը:
Հանդիպման ավարտին Հայաստանի և Լիտվայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
Նույն օրն առավոտյան նախարար Լանդսբերգիսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:
Մեկնաբանել