
Սպանություն՝ խանդի՞ հողի վրա. կասկածյալին ձերբակալել են
Երեկ՝ ժամը 15:00-ին, պետք է կայանար Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր` Մանյայի եւ Կարեն Եսայանի նշանադրության արարողությունը: Սակայն նշանակված ժամին երիտասարդն ու նրա հարազատները չեն եկել: Ղուկասյանները զանգահարել եւ տեղեկացել են, որ տղան առավոտից չկա. անհետացել է:
Հետագայում պարզվել է, որ Կարենը դեռեւս առավոտյան գնացել է ավտոլվացման կետ, ավտոմեքենան լվանալ է տվել, ապա անհետացել է: Ժամը 19:00-ի սահմաններում երիտասարդին գտել են սպանված՝ գլխին հրազենային վնասվածքներով:
«Հետքի» տեղեկություններով՝ 27-ամյա Կարեն Եսայանի սպանությունը կատարվել է խանդի հողի վրա: Մանյա Ղուկասյանից ամուսնության առաջարկի մերժում ստացած անձը որոշել էր վրեժխնդիր լինել Կարենից:
«Հետքի» տվյալներով՝ Կարեն Եսայանին սպանողը Հարություն Սարգսյանն է եւ նրան ձերբակալել են այն պահին, երբ փորձել է հատել Բավրայի անցակետը: Հարություն Սարգսյանը Մարալիկ քաղաքի նախկին ոստիկանապետ Սամվել Սարգսյանի որդին է:
Եսայանների հարեւանները պատմեցին, որ կրակոցն արձակվել է Կարենի աչքին: Նրանք նշում են, որ սպանությունը չունի քաղաքական ենթատեքստ եւ որեւէ առնչություն Ղուկասյան ընտանիքի գործունեության հետ: Կարենն ու Մանյան իրար սիրել են դեռեւս դպրոցական տարիներից:
Մի քանի տարի առաջ Եսայանների ավագ տղան` Արմեն Եսայանը, հաստատվեց ԱՄՆ-ում: Կարենը եւ մայրը պարբերաբար այցելում էին Արմենին: Նա երաժիշտ է, իսկ ընտանիքի մայրը` Անահիտը, խանութ ունի, որը գյումրեցիների շրջանում առավել հայտնի է «Պոլսկի» անվամբ:
Մեկ ամիս առաջ տեղեկանալով, որ Մանյայի ծնողները համաձայն են իրենց աղջկան կնության տալ, Կարենն ու մայրը վերադարձել էին Լոս Անջելեսից պսակադրության արարողությունը կատարելու համար: Գյումրիում ասում են նաեւ, որ Ղուկասյանների կրտսեր դուստրը եւս ամուսնացած է, սակայն հայրը որոշել էր երկու դուստրերի հարսանիքը նույն օրն անել:
Լուսանկարում Կարեն Եսայանն է
Մեկնաբանություններ (16)
Մեկնաբանել