HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ նախագահն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:

Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել այս օրերին Երեւանում գտնվելու համար, ինչն ապացուցում է, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն Հայաստանի, այլ ամբողջ միջազգային հանրության ցավն է: Նա անձնապես շնորհակալություն է հայտնել նախօրեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հնչեցրած տեսակետների համար: Հայաստանի խորհրդարանի խոսնակը գործընկերոջը տեղեկացրեց, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո մինչ օրս Ադրբեջանն արհեստականորեն հրաժարվում է կատարել հայտարարության 8-րդ կետը, համաձայն որի՝ ռազմագերիները եւ այլ պահվող անձինք պիտի անհապաղ հնարավորություն ստանային վերադառնալ իրենց հայրենիք «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:

Ավելին, Ադրբեջանը շարունակում է իր հայատյաց քաղաքականությունը, ինչի վերջին վառ դրսեւորումն այսպես կոչված «պատերազմին նվիրված պուրակի» բացումն էր: Արարատ Միրզոյանը շնորհակալություն հայտնեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի գործընկերներին այս հարցում իրենց հետեւողական դիրքորոշման համար, համաձայն որի՝ դեռեւս 2020 թ. աշնանը կառույցի նախորդ նախագահն իր աջակցությունն էր հայտնել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, իսկ սույն թվականի ապրիլի 19-ին Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահը եւ գործադիր խորհուրդը հայտարարել էին, որ անհրաժեշտ է կատարել նոյեմբերի 9-ի համաձայնության բոլոր պարտավորությունները, հարգել միջազգային իրավունքը եւ իրականացնել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կարոլինա Ֆերնանդեսը նշել է, որ իրենց համար պատիվ էր ապրիլի 24-ին գտնվել Հայաստանում եւ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Տիկին Ֆերնանդեսը խոստացել է, որ Կենտրոնամերիկյան խորհրդարանը կշարունակի հետեւողական լինել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացմանը:

Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը եւ Կարոլինա Ֆերնանդեսը խորհրդարանների միջեւ համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր են ստորագրել` երկուստեք ընդգծելով, որ անհրաժեշտ է էլ ավելի խորացնել արդյունավետ փոխգործակցությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter