
Գագիկ Ծառուկյանը բեմի վրա ծնկի իջավ (վիդեո)
Այսօր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը նախընտրական քարոզարշավի շրջանակներում ժամանել է Արմավիրի մարզ: Էջմիածնի հրապարակում ԲՀԿ ղեկավարն ունեցավ կարճ զրույց եւ ժողովրդին ասաց, թե ինչ խոստում տվել է, կատարել է եւ խորհուրդ տվեց մայիսի 6-ին «ընտրության գնալ իրենց կամքով եւ ընտրեն սրտի մտոք»:
Մինչ Գագիկ Ծառուկյանի ժամանումը, հավաքվածներին երգ ու պարով ողջունում էին երգիչներն ու դերասանները, պարային խմբերը:
Համեմատած օրեր առաջ նույն հրապարակում կայացած ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի նախընտրական հանդիպմանը, որի ժամանակ հարկադրաբար հանդիպման էին բերել դպրոցի աշակերտներին, ուսուցիչներին, նույնիսկ մանկապարտեզի երեխաներին, այսօր ավելի քիչ մարդ էր հավաքվել: Տեղեկություններ ստացանք, որ պետական հաստատությունների, այդ թվում` դպրոցների ղեկավարներն իրենց աշխատողներին զգուշացրել էին չգնալ ԲՀԿ նախագահի հետ հանդիպմանը: Մի ուսուցչուհու, երբ փորձում էինք լուսանկարել, խնդրեց դա չանել, քանի որ գաղտնի է եկել հանդիպման եւ չի ցանկանում, որ «ղեկավարությունը տեսնի»:
Իսկ մի պապիկ տեսանկարահանվելուց առաջ ճշտեց, արդյոք ապահովվա՞ծ է իր անվտանգությունը, նոր միայն համաձայնեց «մի երկու բառ արտահայտվել»:
Ելույթի վերջում Գագիկ Ծառուկյանը բեմի վրա ծնկի իջավ ընտրողների առջեւ եւ նրանցից ընդունեց նամակներ ու ձեռքով ողջունեց հավաքվածներին:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել