HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Աստծու առաջ ավելորդ հոգի չկա. հոգին հոգի է»

Թուրքը մտել է քաղաք: «Թուրքն էլ առաջվանը չէ» միտքը, որ օրեր առաջ ծամծմվում էր քաղաքի նեղլիկ փողոցներում ու խանութների պատերի տակ, հօդս է ցնդել: Քաղաքում իրարանցում է, թուրքն անցել է Արփա գետը: Մարդիկ՝ ընտանիքներն ու տան արժեքավոր իրերը բարձած կառք ու սայլին, փախչում են: Բայց արդյոք բոլորին է տրված փրկվելու այդ խղճուկ հնարավորությունը: Թշնամուց մազապուրծ լինողների առաջ ծառացած հարցերից մեկն էլ պետքականի ու անպետքի տարանջատումն է, սեփական ընտանիքի անդամների փրկության միջեւ եղած դաժան ընտրությունը: Ավելորդը... Ավելորդ լինելու միտքն ավելի հաճախ սարսափեցնում է նրան, ում համարում են, քան այն մեկին, ով համարում է: Ավելորդին սեփական կյանքից ջնջելու՝ այդ պահին արված քայլը դեռ ցավագին չէ: Մաշող կսկիծը պիտի հոգին պատե ավելի ուշ, երբ անդառնալի է կորուստը:

Գյումրու «Մտորումների թատրոն»-ում երկար չմտորեցին Դերենիկ Դեմիրճյանի «Ավելորդը» պատմվածքը բեմադրելու շուրջ: Թատրոնի հիմնադիր եւ գեղարվեստական ղեկավար, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Հովհաննիսյանի համոզմամբ, Դեմիրճյանի ստեղծագործությունը, որում դեպքերը տեղի են ունենում 1920թ.-ին, 100 տարի անց էլ, ցավոք, չի կորցրել արդիականությունը: 

«Փաստորեն, մենք 21-րդ դարում կրկին բախվեցինք նույն խնդրին՝ թուրքի խուժանը, կոտորածը, փախեփախը, տեղահանությունները, ավերածությունները, ավելորդության գաղափարը եւ այլն,-նկատում է Հովհ. Հովհաննիսյանը,- պատմվածքում դեպքերը տեղի են ունենում Կարսում, ես այն տեղափոխել եմ Գյումրի՝ այն ժամանակվա Ալեքպոլ: Սա մեկ ընտանիքի պատմություն է, որի կյանքը փլուզվում է մեկ գիշերում: Պատմվածքում Հաճի աղայի, մեր տարբերակում՝ ուստա Համբարձումի ընտանիքն է՝ թուրքական յաթաղանին դեմ հանդիման: Ընտանիքը կանգնած է տան անդամներին, ունեցած հարստության գոնե մեկ մասը փրկելու եւ որոշ զոհողություններ կատարելու խնդրի առաջ»:

«Եվ այդ բոլորը ահա այսօր անհաստատ բաներ էին։ Այսօր իսկ կարող էին այդ ամենը լքել... Դեռ տասը տարեկան հասակից իր հոր հետ ճամփորդելով «քրդերն ու թուրքերը», նրանց հետ առևտուր անելով՝ ահա վաթսուն տարի է տուն է շինում Հաճի աղան։ Եվ հիսուն տարի կանոնավոր ժամացույցի պես խաղաղ չքչքացել է նրա երջանիկ տունը, և ահա այսօր պետք է քանդվեր։ Եվ ինչպես ջրում խեղդվողը հանկարծակի արագությամբ հիշում է իր անցած կյանքի մանրամասները, այնպես հիշեց 1877-ի պատերազմը, որ նրա համար անցավ իբրև իրեն չվերաբերող մի փոթորիկ... միտքը բերեց, ինչպես երեսուն տարեկան երիտասարդ իր կնոջը տարավ Երուսաղեմ... ինչպես այնուհետև ձմեռ, գարուն նրա տանը տոն էր ու հարսանիք, նրա կյանքն առևտուր էր, ապրանք ու հարստություն։ Հետո որդիները եկան հասան, ամուսնացան, բեղմնավորվեցին։ Ամեն, ամեն ինչ եկավ իր կարգով ու եղավ, կարծես այդպես էլ պարտավոր էր լինելու, Հաճի աղան վանքի պես տան տեր դառավ, և այդ տունն այսօր քանդվում էր»:

«Ավելորդը» միայն ընտանեկան դրամա չէ, «Ավելորդը» մի ողջ ազգի ողբերգություն է: Կերպարների վարքագիծը, հանկարծահաս աղետի ժամանակ ընդունած որոշումները, որոնք, թվում է, թե վերաբերում են ընդամենը մեկ ընտանիքի, լավագույնս բնութագրում են առավել մեծի՝ պետության նույնակերպ վարքագիծը: Ուստա Համբարձումի  որոշումը՝ թողնել թշնամու բարեհաճությանը հաշմանդամ քրոջը՝ Սրբունին, անակնկալի է բերում ընտանիքի անդամներին, սակայն սովորույթի ուժով, ի վերջո բոլորը՝ թե' տղաները, թե' հարսներն ենթարկվում են տան գլխավորի որոշմանը:

Համբարձումի տղաները՝ Հակոբն ու Շմավոնը, տեսնելով, որ հոր վճռական քայլերի շնորհիվ ահագին ապրանք են փրկում եւ իրենք էլ փրկվում են, համակերպվում են հորաքրոջը բախտի քմահաճույքին թողնելու մտքին: Հայրն անդամալույծին թողնում է՝ ապրուստը փրկելու համար, որով կարողանալու էին հետագայում ոտքի կանգնել օտարության մեջ. ահա թե որ միտքն էր նրանց մխիթարում: Սրբունին իր տան պահապան հրեշտակը համարող Համբարձումը խոստանում է հաջորդ օրը վերադառնալ եւ նրան էլ տանել: Վերջին խորհուրդն էլ անդամալույծին սա է. «Քուրս, չվախենաս, թուրքերը որ գուքան, կըսես՝ տունը ձեզի փեշքեշ, ընձի ձեռք չտաք»:

«Այստեղ միայն անձի ավելորդության գաղափարը չէ, սա հայրենազրկման գաղափարն է, իրական ու կեղծ արժեքներն իրարից չտարբերելը, դժբախտության պահին ճիշտ ընտրություն կատարելու ունակությունից զրկվելը: Մենք հարյուր տարի անց նույն փաստի առաջ կանգնեցինք ու կորցրեցինք մեր հայրենիքի մի մասը: Մի՞թե այն, ինչ մնաց թշնամուն, ավելորդ էր,-հարցնում է բեմադրիչը,-արդյոք մեզ պետք չէր մեր հայրենիքի այդ հատվածը, որտեղ սրբապղծորեն վերացնում են հայկական հետքը, մեր եկեղեցիները, մեր տները, գերեզմանները: Միայն այդ մտքից կարող է մարդ խելագարվել, ինչպես այս պատմության հերոսը, երբ տեղեկանում է, որ թուրքերը քրոջը սպանել են: Այնինչ, Աստծու առաջ ավելորդ հոգի չկա. հոգին հոգի է»:  

«Լինում էին րոպեներ, որ նա զգում էր, թե խելագարվում է։ Այդ պատահում էր, երբ նա պայծառ գույներով պատկերացնում էր ի՛ր իսկ մահվան օրը, կամ երբ հիշում էր իր սարսափները փախի գիշերը։ Հիմա էր հաշիվ տալիս իրեն և զգաստորեն հաշիվ տալիս, որ հենց այդ սարսափներն է կրել իր քույրը, այն արհամարհված էակը, որի մեռնելը ինքը ցածոգի կերպով այնքա՜ն հեշտ և հասկանալի համարեց փախի օրը։ Եվ ինչպե՞ս կարելի էր թողնել նրան մահվան առջև, և կա՞, արդյոք, մի արարած, որ չտանջվի մարմնական ցավից, չվախենա մահից և իրավունք չունենա ապրելու։ Եվ ի՜նչ համակերպությամբ ընդունեց անդամալույծը իր համար որոշած վիճակը և ի՜նչ անձնվեր հոգատարությամբ նա մտածում էր փախչողների ապահովության մասին»։ 

Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով՝ հայ ազգն ավելորդության գաղափարն իր մեջ կրում է մշտապես. պետք է նախ եւ առաջ դրանից ձերբազատվել: «Սրբունը ողջ հայ ազգի, հայ ընտանիքի սիմվոլն է, զավակները կորցրած, վշտից խելագարված Սիմոնը մեր պատմության կրկնությունից չքաղած դասերն են,-նկատում է Հովհ. Հովհանիսյանը,-մենք հին ազգ ենք, մենք ունենք իրավունք ապրելու, կածում եմ, որ դա վաստակել ենք դարերով, բայց, չգիտես ինչու, հանուն գոյատեւման միշտ մեր մի մասն ենք զոհել՝ համարելով ավելորդ, այ սա՛ պիտի բացառենք»: 

Մեկնաբանություններ (1)

Anna
Ինձ կարող եք ասել ավելորդ մարդ չկա բառակապակցությունը ինչ է նշանակում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter