HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատախազության դիմաց տեղի ունեցած բողոքի ակցիայի գործով մեղադրյալ Հայկ Հեքիմյանն առերեսվել է ոստիկանի հետ

Դատախազության դիմաց ապրիլի 22-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի առթիվ հարուցված գործով մեղադրյալ Հայկ Հեքիմյանն այսօր առերեսվել է ոստիկանի հետ, որի նկատմամբ, ըստ մեղադրանքի, բռնություն է գործադրել։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Հեքիմյանի պաշտպան Բենիկ Գալստյանը՝ նշելով որ Հեքիմյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Նշենք, որ մի խումբ քաղաքացիներ ապրիլի 22-ին բողոքի ակցիա են իրականացրել դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված անձանց, և ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել դրա մասնակիցների և ոստիկանների միջև։

Քաղաքացիներից ոմանք ձվեր են նետել դատախազության շենքի ուղղությամբ, ինչից հետո ոստիկանները սկսել են նրանց բերման ենթարկել։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հայկ Հեքիմյանը ապրիլի 23-ի երեկոյան՝ ջահերով երթի մեկնարկին բերման է ենթարկվել, ձերբակալվել՝ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու կասկածանքով։ Պաշտպան Բենիկ Գալստյանը ձերբակալման որոշման դեմ բողոք է ներկայացրել, և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանը, քննելով բողոքը, այն բավարարել ու Հեքիմյանին ազատ է արձակել։ Ապա վարույթն իրականացնող մարմինը Հեքիմյանին մեղադրանք է առաջադրել ու նրան կալանավորելու միջնորդություն ներկայացրել դատարան։

Հայկ Հեքիմյանի մեղադրանքի որոշման մեջ նշվում է, որ վերջինս մասնակցել է բողոքի ակցիային, որի ընթացքում ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ նետվել են ձվեր, շշեր, և Հայկ Հեքիմյանն, ի պատասխան ոստիկանության աշխատակից Կ․Ա․-ի կողմից հասարակական կարգը պահպանելու ուղղությամբ կատարված գործողությունների, մասնավորապես՝ ցույցը դադարեցնելու պահանջի, մի քանի անգամ ձեռքով հարվածել է ոստիկանի գլխին։

«Ցույցի տեսագրությունն ուսումնասիրելիս մենք տեսնում ենք, որ Հայկ Հեքիմյանին հրմշտոցի ընթացքում, ամենայն հավանականությամբ՝ ոչ միտումնավոր, հետևի անձինք հրում են դեպի առաջ, և այդ ընթացքում Հայկը մոտենում է ենթադրյալ տուժող Կ․ Ա․-ին։ Երևում է, որ Կ․Ա․-ն ձեռքով մի քանի շարժում է անում, ու դիպչում Հայկի գլխին, քթին և մարմնի այլ  հատվածների։ Այսինքն՝ ըստ տեսանյութի, ոստիկանը հարվածում է քաղաքացուն, և վերջինս հարվածում է ոստիկանին։ Ես չգիտեմ, թե այս պայմաններում մենք ինչպե՞ս կարող ենք քաղաքացու արարքը որակել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով»,- ասաց Բենիկ Գալստյանը՝ նշելով, որ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի դիսպոզիցիայում հստակ նշված է, և Վճռաբեկ դատարանն էլ իրավական դիրքորոշում է հայտնել, որ  արարքը կարող է որակել 316-րդ հոդվածով, եթե  անձի նկատմամբ բռնությունը պայմանավորված է վերջինիս լիազորությունների իրականացմամբ, և այդ բռնությունը հակադրվում է նրա լիազորությունների իրականացմանը կամ արվում է՝ լիազրությունները դադարեցնելու համար։

Տվյալ դեպքում, ըստ Բենիկ Գալստյանի, տեսանյութերում հստակ երևում է, որ ոստիկանը հարվածում է քաղաքացուն, վերջինս էլ՝ ոստիկանին։ Ըստ պաշտպանի դեպքի հետ կապված տեսանյութը զննվել է առաջին ատյանի դատարանում Հայկ Հեքիմյանի ձերբակալման որոշման դեմ բողոքի գործով դատական նիստի ընթացքում, որից հետո, ինչպես արդեն նշեցինք, Հեքիմյանն ազատ է արձակվել։

Այսօր ոստիկան Կ․Ա․-ի հետ առերես հարցաքննության ընթացքում ոստիկանն,  անդրադառնալով իր կողմից քաղաքացուն հարվածելու հանգամանքին, նշել է, թե ինչը ձեռքերով անկանոն շարժումներ է արել, և, հնարավոր է, ոչ միտումնավոր դիպել է քաղաքացուն։

Պատպանի դիտարկմանն՝  իսկ հնավո՞ր է, որ քաղաքացին հասկանար, որ իրեն հարվածում են, ոստիկանը պատասխանել է, թե չգիտի։

«Հարցնում եմ՝ չե՞ք կարծում, որ Ձեր հարվածելու արդյունքում է ինքը հարվածել, պատասխանում է, թե ինքը հարվածելու դիտավորություն չի ունեցել»,-առերես հարցաքննության ընթացքից որոշ հանգամանքներ պատմեց Բենիկ Գալստյանը։

Պաշտպանի խոսքով՝ Հայկ Հեքիմյանն աչքի վնասվածք ունի, և ինքն արդեն երեք օր է՝ պահանջում է այս մասով քննություն իրականացնել, դատաբժշկական փորձաքննություն նշանակել, բացի այդ՝ Գալստյանի պաշտպանյալը նաև քթի վնասվածք ունի, որի հետ կապված այսօր բժշկական հետազոտություն է կատարվել։ Այսինքն, ըստ Գալստյանի, ստացվում է, որ անձին վնասվածք են պատճառել, բայց մեղադրում են իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ։

Գալստյանը նշեց, որ եթե անգամ Հեքիմյանին վերագրում են Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով արարք, ապա, միևնույն է, առկա չէ նրան կալանավորելու հիմք, մինդեռ վարույթն իրականացնողը կալանավորման միջնորդության մեջ նշում  է, թե ազատության մեջ գտնվելու դեպքում Հայկ Հեքիմյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, թաքնվել և նոր հանցանք կատարել։

 Պաշտպանի խոսքով՝ վարույթն իրականացնող մարմինը կալանավորման միջնորդության մեջ նշել է,  թեՀայկ Հեքիմյանը կարող է գործով անձանց նկատմամբ ճնշում կգործադրել, նյութեր կվերացնի։ Գալստյանը  դիտարկում է, որ Հեքիմյանը ոստիկանի նկատմամբ ճնշում գործադրել չի կարող, բայց  եթե անգամ տեսականորեն ընդունենք, որ կարող է, ապա գործում առկա են դեպքի վերաբերյալ տեսանյութեր։

Ինչ վերաբերում է քննությունից թաքնվելու ռիսկին, վարույթն իրականացնող մարմինը գտնում է, որ Հեքիմյանը կարող է թաքնվել, քանի որ դեպքից հետո փախուստի է դիմել, և որպես հիմնավորում նշում այն հանգամանքը, որ, ըստ առկա տեսագրությունների, հարվածելուց հետո Հեքիմյանը հեռացել է։

Մինչդեռ Գալստյանը պնդում է  և ձերբակալման դեմ բողոքի քննության ընթացում էլ ներկայացրել է մեկ այլ տեսանյութ, որում, ըստ պաշպանի, երևում է, որ Հեքիմյանը դեպքից հետո գտնվել է Դատախազության դիմաց, անգամ օգնություն է ցույց տվել մի ոստիկանի, ում ինքնազգացողությունը վատացել է։ Բացի այդ՝ Հայկ Հեքիմյանը հաջորդ օրը մասնակցել է ջահերով երթի, որտեղից բերման է ենթարկվել։  Ինչ վերաբերում է Հայկ Հեքիմյանի կողմից նոր հանցավոր արարք կատարելու հանգամանքին, վարույթն իրականացնող մարմինը կարծում է, որ, հաշվի առնելով Հայաստանում հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ զանգվածային բողոքի ակցիաները, մեծ է հավանականությունը, որ  Հայկ Հեքիմյանը կմասնակցի ցույցերին  և կկատարի հանցավոր արարք։

«Կարող էին մի քիչ ավելի  անկեղծ գտնվել ու ասել՝ չենք ուզում ցույցի մասնակցի, դրա համար ցանկանում ենք կալանավորել»,- ասաց Բենիկ Գալստյանը։ Պաշտպանը նաև նշեց, որ դեռևս 2016 թվականից Գլխավոր դատախազությունն ունի կոլեգիայի որոշում, համաձայն որի՝ եթե միջին ծանրության  արարքով անձին կալանավորելու միջնորդության հիմքերը պետք է լինեն կոնկրետ, այլ ոչ թե կանխատեսական։

Բենիկ Գալստյանի խոսքով՝ Հեքիմյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունն ի սկզբանե մակագրվել է դատավոր Տաթևիկ Գրիգորյանին, և դատական նիստ նշանակվել  այսօր, ժամը 11:00-ին, սակայն 10:30-ի սահմաններում պաշտպանը տեղեկացել է, որ միջնորդության քննությունը վերամակագրվել է դատավոր Գագիկ Պողոսյանին։

Վերջինս այսօր նիստ է նշանակել, և պաշտպան Գալստյանը փորձել է ճշտել, թե ի՞նչ հիմնավորմամբ է կալանավորման միջնորդությունը վերամակագրվել՝ հասկանալու համար, թե արդյոք պատշաճ դատարան է քննվում իր պաշտպանյալին կալանավորելու հարցը։ Ինչպես պարզվել է, դատավոր Պողոսյանն առաջին անգամ պաշտպանից է տեղեկացել վերամակագրման հանգամանքի մասին։

Նման պայմաններում Բենիկ Գալստյանը ժամանակ է խնդրել, որպեսզի Երևանի ընդհանուր իրավասության դատարանից ստանա իրեն հետաքրքրող հարցի պատասխանը։ Դատավոր Գագիկ Պողոսյանը դատական հաջորդ նիստը նշանակել է վաղը, ժամը 13:00-ին։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter