
Արարատ Միրզոյանն ընդունել է Քերոլայն Քոքսին
Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ապրիլի 27-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին, որը Հայաստանում էր գտնվում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին մասնակցելու համար: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը:
Ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ իր համար անձնապես մեծ պատիվ է հյուրընկալել հայ ժողովրդի լավագույն բարեկամներից մեկին Ազգային ժողովում:
ԱԺ նախագահը եւ բարոնուհի Քոքսը քննարկեցին Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, Արցախում հումանիտար իրավիճակի բարելավմանը, Ադրբեջանի կողմից ապօրինաբար պահվող ռազմագերիների եւ այլ անձանց հայրենիք վերադարձին վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն ձեռք բերվեց համատեղելու ջանքերը միջազգային գործընկերների հետ աշխատանքներում:
Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Քերոլայն Քոքսին` շուրջ 30 տարի հայերի կողքին լինելու եւ այս տարիների ընթացքում անշահախնդրորեն արդարացի պայքար մղելու համար:
Մեկնաբանել