HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ ԱԺ նախագահին

Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի (ք. Փարիզ) նախագահ Մոհամեդ Բենալիլուն ասոցիացիայի բոլոր անդամների անունից բաց նամակ է հղել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին` առաջարկելով պահպանել Մարդու իրավունքների պաշտպանի ֆինանսական անկախության երաշխիքին առնչվող դրույթը: Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Գործող դրույթը սահմանում է, որ յուրաքանչյուր տարի Պաշտպանի և նրա աշխատակազմի ֆինանսավորման համար պետական բյուջեով նախատեսված հատկացման չափը չի կարող պակաս լինել նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված հատկացման չափից:

Մոհամեդ Բենալիլուն մտահոգություն է հայտնել այն մասին, որ այս դրույթի ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ փոփոխությունը կթուլացնի հաստատության գործունեության ընդհանուր արդյունավետությունը և հատկապես նրա կարողությունը՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմ երկրի ողջ տարածքում ազատությունից զրկման վայրերն արդյունավետ մշտադիտարկում իրականացնելու համար:

Բացի այդ, ասոցիացիայի նախագահն իր նամակում արձանագրել է, որ առաջարկվող փոփոխությունը նախաձեռնվել է առանց Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկման և ներգրավմամբ:

Հաշվի առնելով Փարիզյան և Վենետիկյան սկզբունքները, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի «Օմբուդսմանի և միջնորդական հաստատությունների դերը մարդու իրավունքների, լավ կառավարման և իրավունքի գերակայության խթանման և պաշտպանության գործում» բանաձևի վրա՝ նամակում կոչ է արվել պահպանել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի գործող 8-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված դրույթը:

Ծանոթագրություն. Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիան 36 ֆրանկոֆոն պետությունների 47 անդամներից կազմված միջազգային անկախ ասոցիացիա է: Կենտրոնակայանը գտնվում է Փարիզում։ Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի գործունեության ուղղված է ֆրանկոֆոն օմբուդսմանների հաստատությունների հզորացմանը, փորձի փոխանակման աջակցությանը:

Հ.Գ. Ֆրանկոֆոն օմբուդսմանների և հաշտարարների ասոցիացիայի (ք. Փարիզ) նախագահը Ազգային ժողովի նախագահին բաց նամակ հղելիս տեղեկացված է եղել, որ Կառավարությունը հետ է կանչել Պաշտպանի աշխատակազմի ֆինանսական անկախության երաշխիքները վերացնող նախագիծը, սակայն նամակը գրվել է կանխարգելիչ նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter