HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նարեկը Արմավիրի մարզի 284 զոհից մեկն է

Արմավիրի մարզի Նոր Արտագերս համայնքից երկու զինծառայող է զոհվել Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ: Նրանցից մեկը 9 ամսվա ժամկետային զինծառայող Նարեկ Դավթյանն էր: Տան հյուրասենյակում ամենուր Նարեկի նկարներն են, իրերը: Նույնիսկ ձեռքի օգտագործած օճառը տեղ է գտել սենյակում:

Միշտ ժպտացող ու լավատես տղայից միայն այդ իրերն են մնացել ու կարճ տեսանյութերը, որ բանակից ուղարկել է ծնողներին:

Նարեկը բանակ է զորակոչվել 2019թ. դեկտեմբերին: Ծառայել է Մեխակավանում (Ջաբրայիլ): Նարեկը զոհվել է հենց պատերազմի առաջին օրը՝ 2020թ. սեպտեմբերի 27-ի երեկոյան: Սակայն, ծնողներին այդ մասին ուշ են տեղեկացրել են, նրանք տղային ողջերի մեջ են փնտրել օրեր շարունակ:

Նարեկից վերջին զանգը ստացել են սեպտեմբերի 26-ին՝ գիշերը ժամը 1-ին: Խոսել է ամեն օրվա նման, շատ հանգիստ, սակայն սովորականից երկար: Երբ արդեն խոսելու թեմա չի եղել, ասել է՝ «բա հետո, մամ»` փորձելով երկարացնել զրույցը: Նարեկի հետ ծառայողները հետո պատմել են, որ իրենք գիտեին սահմանում տիրող անհանգստության մասին, և բոլորն էլ այդ օրը խոսել են ընտանիքի անդամների հետ՝ լարվածության մասին ոչ մի բառ չասելով:

Նարեկի ծնողները սեպտեմբերի 27-ին դաշտում են եղել, երբ տեղեկացել են Արցախում սկսված պատերազմի մասին: Անմիջապես զանգահարել են որդուն: Սկզբում Նարեկը հեռախոսազանգերին չի պատասխանել, այնուհետև «բաժանորդը դարձել է անհասանելի»:

«Տղես մինամյոտչիկ էր, մինչև վերջ կռվել ա: Ջոկի հրամանատար էր, դիրքի ավագ, կրտսեր սերժանտ: Պոստերից, որ իջներ, սերժանտի կոչում պիտի տային: Բայց պոստից չիջավ»,- ասում է Նարեկի հայրը՝ Դավիթ Դավթյանը:

Նարեկի հայրը ազգությամբ ասորի է, մայրը՝ հայուհի: Սակայն, իրեն հավասարաչափ և´ ասորի է համարել, և´ հայ: Տղան դպրոցն ավարտելուց հետո մեկնել է Ռուսաստան՝ մորեղբոր մոտ: Ծնողները տղային նույնիսկ համոզել են, որ չգա, մնա արտերկրում, սակայն Նարեկը դեմ է եղել բանակում չծառայելուն:

«Լավ տղեն պիտի ծառայի»,-ասել է նա:

Երբ ընտանիքի անդամները ստացել են բանակ զորակոչվելու ծանուցագիրը, Նարեկը Ռուսաստանից եկել ու 2 օր անց մեկնել է ծառայության: Շատ է ուրախացել, երբ վիճակահանությամբ որոշվել է, որ պետք է ծառայի Արցախում: Ծնողները չեն հիշում մի դեպք, որ տղան ծառայության ընթացքում ինչ-որ բանից դժգոհի:

«Իր մշտական խոսքը եղել ա, որ «սաղ վիշի ա»: Տնից ոչ մի բան չի ուզել, նույնիսկ գումար չէր ուզում, որ մի բան առներ: Ասում էր՝ ստեղ ամեն ինչ կա, բան պետք չի»,- հավելում է զոհված զինծառայողի մայրը:

Սակայն, տիկին Ստելլան դեռ հանգիստ չի գտնում: Ասում է՝ վիրավորված է պատկան մարմինների անպատասխանատվությունից: Իրենց խաբել են, որդու զոհվելու լուրը ժամանակին չեն ասել: 

Պատմեց, որ 2020թ. հոկտեմբերի 3-ին զանգահարել են տղայի զորամասից և հայտնել, որ Նարեկը վիրավոր է և տեղափոխում են Երևան՝ Մուրացանի հոսպիտալ:

«Գնացել, 2 օր սպասել ենք՝ չկա: Զանգում ենք, թե՝ կբերեն: Զանգում ենք նախարարություն, ոչ մի տեղեկատվություն չեն տալիս: Երկու օր՝ գիշեր-ցերեկ հիվանդանոցի պատերի տակ ենք նստել: Հետո ամուսինս փնտրում էր բոլոր հիվանդանոցներում: Մեզ ասացին, թե 3 օրից երեխեն կզանգի տուն, բայց 3 օրից տղայիս դիակը մեզ տվեցին»,- ասաց Ստելլա Ղահրամանյանը:

Մայրը մտածել է, թե որդին գլխից է վիրավորվել, այդ իսկ պատճառով չի կարողանում զանգահարել իրեն: Սակայն, ասել են, թե Նարեկը վիրավորվել է ոտքից կամ ձեռքից, ինչն ավելի է տանջել հարազատներին:

«Ես վատ բան չէի սպասում: Չէի մտածում, որ իմ տղուն կխփեն կամ արդեն խփել են: Մենք ոչ մի բան չենք զգացել, հույսով սպասել ենք, քանի որ ասել են՝ վիրավոր է»,- ավելացնում է Ստելլա Ղահրամանյանը:

Տղայի զոհվելու մասին տեղեկացել են Նոր Արտագերսի համայնքապետից: Նարեկի ամբողջական մարմինը բերել են Էջմիածին: Ծնողները, երբ մոտեցել են, որ դիակը ճանաչեն, տիկին Ստելլայի ասելով, ռազմական ոստիկանության աշխատակիցը առանց որևէ բառ ասելու, մատով ցույց է տվել դիահերձարանը, թե այնտեղ փնտրեք: Այս դրվագը ևս տիկին Ստելլայի հիշողության մեջ է դրոշմվել:

«Մենք ինչ ենք կորցրել, ու հիմա ինչ է կատարվում: Մեկը ճոխ հարսանիք է անում, մյուսը՝ ընտրություն: Սգի մեջ ենք, մենք էլ կուզեինք այդ հարսանիքից մեր երեխու համար անեինք: Թող ամաչեն, որ չկարողացան մեկ տարի էլ սուգ պահել: Քանի՞ նախարարի, պատգամավորի երեխա զոհվեց: Չեմ ասում նրանք զոհվեին, որ մենք հանգստանայինք, բայց ինչի պիտի հենց մեր երեխեքը զոհվեին: Տան մեջ դարձել ենք հոգեկան հիվանդ: Մեզ մնաց միայն նկարները, իմ երեխու նկարները»,- հավելեց Ս. Ղահրամանյանը:

Մինչ զրուցում էինք ծնողների հետ, այդ ընթացքում Նարեկի քույրը՝ Նաիրան, թղթի վրա գրի էր առնում եղբոր կենսագրությունը: Հրաժեշտի պահին թուղթը փոխանցեց մեզ:

Արմավիրի մարզի զոհերը

Քարտեզը՝ Մերի Ստեփանյանի, Հետք Մեդիա Գործարան

Արմավիրի մարզի 97 համայնքից 77-ը Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ զոհ ունի: Մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մարզից ընդհանուր զոհվել է 284 հոգի: Զոհեր են ունեցել նաև ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: 284 զոհվածից 7-ը եղել է ազգությամբ եզդի, մեկը՝ ասորի:

Զոհվածների մեծ մասը՝ 132-ը, եղել է ժամկետային, իսկ 51-ը՝ պայմանագրային զինծառայող: Նշենք, որ զոհվածներից 84-ը եղել է մոբիլիզացիոն ռեսուրսից (ՄՈԲ), իսկ 17-ը կամավոր էր:

Ամենաշատ զոհերն ունեցել են մարզի քաղաքային համայնքները. Էջմիածնից՝ 37, Արմավիրից՝ 32, Մեծամորից՝ 14: Գյուղական համայնքներից մեծ թվով զոհեր ունեցել է Մյասնիկյան համայնքը՝ 12, Մրգաշատը՝ 10, Փարաքարը՝ 8 և այլն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter