HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թուրքիայի ընդդիմությունը Էրդողանին քննադատել է Բայդենի հայտարարությանը ոչ պատշաճ արձագանքելու համար

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատշաճ կերպով չի արձագանքել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչմանը։ Այդ մասին գրում է РИА Новости-ն։

«Սա այն կետն է, որին Թուրքիային հասցրել է ոչ կոմպետենտ վարչակազմը։ Բայդենի հայտարարությունից հետո Էրդողանը լռում էր երեք օր։ Ոմանք սպասում էին, որ Էրդողանը ի պատասխան առյուծի պես կմռնչա, և բոլորը նրան կլսեն։ Բայց մոռացեք առյուծի մասին։ Նա խոսեց կատվի նման։ Ցավալի է, բայց փաստ»,- հայտարարել է Քըլըչդարօղլուն՝ ելույթ ունենալով իր կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ։

Թուրքիայի ընդդիմության առաջնորդը, Էրդողանին մեղադրելով հստակ արտաքին քաղաքականության բացակայության մեջ, նշել է, որ արտաքին քաղաքականության մեջ Էրդողանը անում է այն, ինչ ցանկանում է։ «Իմաստ չկա բարկանալ Բայդենի վրա, ավելի լավ է նայեք ձեզ»,- նշել է Քըլըչդարօղլուն։ Թուրք քաղաքական գործիչը 1915 թվականի իրադարձություններն անվանել է «ցավոտ և, եթե պետք է, դրանք պետք է ուսումնասիրվեն»։ Նա շարունակել է պնդել Հայոց ցեղասպանության վերաբերյալ թուրքական արտաքին քաղաքականության այն թեզը, որ դրանով պետք է զբաղվեն պատմաբանները՝ դարձյալ կոչ անելով Հայաստանին բացել արխիվները։

Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը XX դարի սկզբին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը որակել էր որպես «Ցեղասպանություն»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ խորապես մտահոգված է «այդ անարդար խոսքերով, որոնք հիմնավորված չեն պատմությամբ»։ Նա նաև հույս էր հայտնել, որ այս տարվա հունիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին երկու երկրներն իրենց երկկողմ հարաբերություններում նոր էջ կբացեն։

Լուսանկարում` Քեմալ Քըլըչդարօղլուն/ Associated Press գործակալություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter