«Արդարադատության» ևս մեկ զոհ. ազատամարտիկին զրկել են արդարության հավատից
70-75 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ բնակարանը դատական կարգով ղարաբաղյան պատերազմի մասնակցից խլում են ընդամենը 3 հազար 50 ԱՄՆ դոլարի դիմաց
Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան թաղամասի 42-րդ շենքի թիվ 2-րդ բնակարանը ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով 1992թ. հատկացվել է ղարաբաղյան պատերազմի մասնակից Լևոն Բադալյանին և վերջինիս ընտանիքի անդամներին: Լ. Բադալյանը չէր էլ պատկերացնում, որ առաջին ատյանի և ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի իրականացրած «արդարադատության» շնորհիվ զրկվելու է նշված բնակարանից ընդամենը 3 հազար 50 ԱՄՆ դոլարի դիմաց:
Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ֆինանսական դժվարին պայմաններից ելնելով բնակարանը վաճառելու նպատակով 2010թ. մայիսին Լևոն Բադալյանի կողմից տրվել է հայտարարություն: Բնակարանը գնելու նպատակով Լ. Բադալյանին է դիմել Մ. Խաչատրյանը:
Համաձայնելով, որ բնակարանը կգնի 75 հազար ԱՄՆ դոլարով, Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանին հայտնել է, որ կանխիկ կարող է վճարել միայն 20 հազար ԱՄՆ դոլարը և առաջարկել է մնացած գումարը Լ. Բադալյանին վճարել մաս-մաս` մինչև 31.12.2011թ.:
Լ. Բադալյանի մոտ վստահություն ձեռք բերելու համար Մ. Խաչատրյանը առաջարկել է Լ. Բադալյանի անվամբ գրավ դնել իրեն սեփականության իրավունքով պատկանող հողամասը և «Պորշ Կայեն» ավտոմեքենան: Սակայն Մ. Խաչատրյանը նշել է, որ ինքն այդ 20 հազար ԱՄՆ դոլարը վճարելու համար պետք է պարտքով 30 հազար ԱՄՆ դոլար վերցնի մեկ այլ քաղաքացուց՝ ոմն Ա. Խաչատրյանից, բայց վերջինս իրեն այդ գումարը կտրամադրի ոչ թե բնակարանի գրավի, այլ առուվաճառքի ձևական պայմանագրի հիման վրա:
Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանին առաջարկել է բնակարանը ոչ թե գրավի, այլ ձևական առուվաճառքի պայմանագրով ժամանակավորապես անվանափոխել Ա. Խաչատրյանի անվամբ, ինչի դիմաց ինքը Ա. Խաչատրյանից պարտքով կստանա 30 հազար ԱՄՆ դոլարը, որից 20 հազար ԱՄՆ դոլարը կվճարի Լ. Բադալյանին` որպես բնակարանը գնելու դիմաց կանխավճար, հավաստիացնելով, որ ինքն ամբողջությամբ կմարի ինչպես գրավի դիմաց ստանալիք գումարը, այնպես էլ բնակարանի արժեքն ամբողջությամբ:
Հողամասը Մ. Խաչատրյանի կողմից Լ. Բադալյանին նոտարական կարգով գրավ դնելուց հետո, Լ. Բադալյանը հավատալով Մ. Խաչատրյանին, համաձայնել է:
07.06.2010թ. Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանին հայտնել է, որ Ա. Խաչատրյանն այդ օրը պետք է մեկնի ՌԴ և խոստացած 30 հազար ԱՄՆ դոլարը չի կարող տրամադրել /այն կտրամադրի մոտ տասնհինգ օր հետո ՌԴ-ից վերադառնալուց հետո/, և առաջարկել է կարճ ժամկետով բնակարանն անվանափոխել իր ընկեր Գ. Ժամհարյանի անվամբ, ով այդ պահին կարող է պարտքով իրեն տրամադրել ընդամենը 15 000 ԱՄՆ դոլար, որից Մ. Խաչատրյանը կարող է Լ. Բադալյանին որպես կանխավճար տրամադրել 10 հազար ԱՄՆ դոլար:
Հավատալով, Լ. Բադալյանը համաձայնել է, ինչից հետո կողմերը գնացել են նոտարական գրասենյակ և Գ. Ժամհարյանի հետ կնքել բնակարանի ձևական առուվաճառքի պայմանագիր:
Պայմանագրում բնակարանի գինը ձևականորեն սահմանվել է 19 միլիոն դրամ, սակայն այն Լ. Բադալյանին չի վճարվել, քանի որ բնակարանն իրականում գրավադրվել է Գ. Ժամհարյանին: Պայմանագրի կնքման արդյունքում նշված բնակարանի փաստացի գրավի դիմաց Գարեգին Ժամհարյանը փոխառությամբ Մ. Խաչատրյանին է հանձնել 15 հազար ԱՄՆ դոլար, որից Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանին է փոխանցել ընդամենը 7 հազար 100 ԱՄՆ դոլար:
Հետագայում Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանից պարտքով վերցրել է 4 հազար 50 ԱՄՆ դոլար, և ստացվում է, որ նշված բնակարանի գրավի դիմաց Լ. Բադալյանը ստացել է ընդամենը 3 հազար 50 ԱՄՆ դոլար:
Բնակարանի առուվաճառքի պայմանագիրը կնքելուց հետո Մ. Խաչատրյանը Լ. Բադալյանին է գրավադրել «Պորշ կայեն» մեքենան, որը մինչ այդ Ա. Խաչատրյանի և Գ. Ժամհարյանի հանդեպ Մ. Խաչատրյանի ունեցած 25 հազար ԱՄՆ դոլար պարտքի դիմաց Մ. Խաչատրյանը գրավադրած է եղել նրանց:
Ի՞նչ իմանար Լ. Բադալյանը, որ նշված հողամասը և «Պորշ կայեն» մեքենան Մ. Խաչատրյանին չեն պատկանում, ի՞նչ իմանար, որ Մ. Խաչատրյանը նշված բնակարանով փակել է Ա. Խաչատրյանի և Գ. Ժամհարյանի հանդեպ իր ունեցած 25 հազար ԱՄՆ դոլարի պարտքը և ինչ իմանար, որ հետագայում Գ. Ժամհարյանը հայտարարելու է, որ բնակարանի գինը՝ 50 հազար ԱՄՆ դոլար ինքը վճարել է Լ. Բադալյանին և պահանջելու է Լ. Բադալյանին վտարել բնակարանից:
Եվ ի՞նչ իմանար, որ դատարանները, գործին կցված բազմաթիվ ապացույցներն անտեսելով, անգամ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումն անտեսելով (որտեղ ուղղակիորեն նշված է, որ Գ. Ժամհարյանի կողմից Լ. Բադալյանին գումար չի տրամադրվել և իրականում բնակարանը գրավադրվել է Գ. Ժամհարյանին վերջինիս կողմից Մ. Խաչատրյանին 15 հազար ԱՄՆ դոլար պարտքով գումար տալու դիմաց)` ղարաբաղյան պատերազմի մասնակցին զրկելու են արդարության և արդարադատության հանդեպ հավատից:
Լ. Բադալյանը և նրա ընտանիքի անդամները դիմել են Վճռաբեկ դատարան` այս անգամ արդարության և արդարադատության հաղթանակի ակնկալիքով:
Փաստաբան Արտավազդ Պետրոսյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել