
Արտաշես Թորոսյանը` ուսուցիչների պարտադիր և կամավոր ատեստավորման մասին
Ուսուցիչների պարտադիր եւ կամավոր ատեստավորումների, դրանց ընթացակարգերի, նպատակների եւ ուսուցիչների աշխատավարձի բարձրացման շուրջ զրուցել ենք Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոնի (ԿԶՆԱԿ) տնօրեն, կրթության փորձագետ Արտաշես Թորոսյանի հետ։
Պարոն Թորոսյան, 2021 թ. մարտի 5-ի 24-Ն հրամանով հաստատվել է ուսուցչի ատեստավորման համար վերապատրաստող կազմակերպությունների երաշխավորման նոր կարգը, կնշեք՝ ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպե՞ս է կազմակերպվելու ուսուցիչների վերապատրաստումը։
Ուսուցիչների մասնագիտական զարգացումը ուսումնական գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու գործում կարևոր բաղադրիչներից մեկն է։ Մանկավարժական գիտությունն ու տեխնոլոգիաները շատ արագ են զարգանում, և մենք էլ մանկավարժներին պետք է այդ մասին տեղեկացնենք։ Մանկավարժների մասնագիտական զարգացման համար 2 որոշում կայացվեց։ Առաջինն այն է, որ չի կարող լինել մասնագիտացված այնպիսի կազմակերպություն, որը կկարողանա բոլոր տեսակի վերապատրաստումներն անել։ Դրա համար անհրաժեշտ են հրավիրված կազմակերպություններ, որոնք զարգացված են այս կամ այն ուղղությամբ։
Մյուս խնդիրն այն է, որ մեր ուսուցիչները տարբեր հնարավորություններ ունեն. Երևանում ապրող ուսուցիչն ավելի լայն հնարավորություն ունի, քան մարզի ուսուցիչը, ուստի պետք է հավասար հնարավորություն ստեղծել բոլորի համար։
Ինչպե՞ս են ընթանալու պարտադիր վերապատրաստման դասընթացները։
Կազմակերպությունը հայտարարելու է դասընթացի մասին, որը կարող է լինել ինչպես օնլայն, այնպես էլ օֆլայն, իսկ ուսուցիչն ինքն է ընտրելու մասնակցել, թե ոչ տվյալ կազմակերպության կողմից հայտարարված դասընթացին։
Կազմակերպությունների ընտրության վերաբերյալ արդեն հայտարարություն կա, ընդ որում ոչ միայն կարող են մասնակցել կազմակարպություններ, այլև կարող են լինել նաև առանձին դասընթաց կազմակերպողներ։ Կան նաև միջազգային դասընթացներ, որոնց եւս ուսուցիչները կարող են մասնակցել։
Վերապատրաստումները լինելու են առարկայական, թե՞ մեթոդաբանությանն է ուղղված լինելու։
Դասընթացները հիմնված են մեթոդաբանության վրա։ Մենք տալու ենք իրավական բազան, որն անհրաժեշտ է ուսուցչին, օրինակ՝ ուսուցչի իրավունքներ, պարտականություններ, հեռավար դասընթացն անցկացնելու գործիքներ՝ աղյուսակ կազմել, տեքստ տեղադրել և այլն: Վերապատրաստման հաջորդ փուլում արդեն կսովորեն՝ ինչպես թեմատիկ պլանավորում, դասի պլան կազմել։
Մեթոդական վերապատրաստման ծրագրի առաջին բաժինը տարիքային հոգեբանությունն է, դպրոցների մեծ մասում ոչ բոլոր ուսուցիչներն են անցել տարիքային հոգեբանություն, եւ այս բաղադրիչը շատ կարեւոր է, որ երեխաների առանձնահատկություններն ուսուցիչները լավ իմանան։
Վերապատրասումից հետո ինչպե՞ս պետք է ընթանա ուսուցչի պարտադիր ատեստավորումը։
Պարտադիր ատեստավորումը «Հանրակրթության մասին» օրենքով է սահմանված, ուսուցիչը հինգ տարին մեկ անգամ պիտի անցնի պարտադիր ատեստավորում։ Ուսուցիչներն անցնում են վերապատրաստում, ապա փաստաթղթային թեստավորում, եւ որոշվում է՝ համապատասխանում են զբաղեցված պաշտոնին, թե ոչ, եթե կայացվում է որոշում, որ չի համապատասխանում, ապա վերջինս կորցնում է աշխատանքը։
Ուսուցիչները պարտադիր ատեստավորման ընթացքում քննություն չեն հանձնում։ Վերապատրաստման ծրագրերում ունեն գործնական աշխատանք իրականացնելու պահանջ, ընտրելու են թեմա եւ սովորելուն զուգահեռ աշխատելու են թեմայի վրա, անցնելու են պրակտիկա, ապա ներկայացնելու են ամփոփիչ աշխատանքը, եւ բոլոր փուլերի համար հավաքելու են արդյունքներ։ ԿԶՆԱԿ-ը հետեւում է ողջ գործընթացին, մենք վերապատրաստման ընթացքում շփվելու ենք ուսուցիչների հետ, հարցեր ենք ուղղելու ուսուցիչներին։
Վերապատրաստումն ունի երեք բաղադրիչ՝ օրենսդրություն, տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաներ եւ մեթոդիկա, բայց ուսուցիչը կարող է ընտրել միայն մեկը։
Ի՞նչ է լինելու պարտադիր ատեստավորման ընթացքում համապատասխան կրեդիտ չհավաքած ուսուցիչների հետ. նրանք դու՞րս են մնալու դպրոցից։
Ոչ, դուրս չեն մնա, նրանք հավաքած բաղադրիչներով նոր դասընթացի կմասնակցեն եւ պակասը կվերականգնեն, կարող են նորից մասնակցել անվճար եւ վճարովի դասընթացի։
Պետությունը ներդրում է կատարում ուսուցչի մասնագիտական զարգացման վրա, գումար է հատկացնում, որ կազմակերպությունը վերապատրաստի, եթե դրանից չեն օգտվում, պետք է ինքնուրույն հարցը կարգավորեն։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է «Սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագիրը»: Խոսելով ծրագրի մասին՝ կնշեք՝ ինչպե՞ս պետք է այն նպաստի ուսուցիչների աշխատավարձի բարձրացման վրա եւ խրախուսի նրանց։
Ի տարբերություն պարտադիր ատեստավորման՝ այստեղ կիրականացվի ուսուցիչների մասնագիտական գիտելիքների և հմտությունների ստուգում՝ թեստավորման եղանակով։
Կա անհանգստություն ուսուցիչների շրջանում, մտածում են, որ կարող է շատ բարդ լինել, եւ չկարողանան հաղթահարել ատեստավորումը։
Իմանալով մեր ուսուցիչների պոտենցիալը՝ կարող եմ ասել, որ մասնագիտական գիտելիքի ստուգումը կհաղթահարեն բավականին մեծ թվով ուսուցիչներ, եթե 80%-ով առաջադրանքը ճիշտ կատարեն, ապա կունենան աշխատավարձի 30% բարձրացում, իսկ եթե ունենան 90 եւ ավելի տոկոս արդյունք, ապա կլինի աշխատավարձի բարձրացում 50%-ով։ Սա կլինի խթան, որ մարդը աշխատի իր վրա։
Ուսուցիչն ինչպե՞ս պետք է դիմի կամավոր ատեստավորում անցնելու համար։
Ուսուցիչը պետք է դիմի նախարարություն, ոչ մեկից չպիտի թույլտվություն ստանա, իսկ արդյունքներն ամփոփելուց հետո չենք հրապարակի ուսուցիչների անունները, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը։ Կարող եմ ասել, որ առաջին անգամ մեծ թվով մասնակցություն չենք ունենա, կմասնակցեն իրենց վրա վստահ ուսուցիչներ, բայց երբ անցնեն, բոլորը կտեսնեն, թե ինչպիսին է եղել ատեստավորումը։
Ի՞նչ գիտելիք պետք է տա այն ուսուցիչն աշակերտին, որը չգիտի իր առարկան, որը չի կարողանում հաղթահարել իր մասնագիտական առարկայից տրված թեստի 30%-ը։
Հգ. Սահմանվել է, որ կամավոր ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումներն ընդունվում են մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը։ Ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգման ժամանակացույցը հաստատվում է նախարարի հրամանով և հրապարակվում Գնահատման, թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքերում՝ ոչ ուշ, քան մինչև օգոստոսի 20-ը:
Մեկնաբանություններ (22)
Մեկնաբանել