
Խուլերն աշխատանք են փնտրում, բայց գործատուները նրանց չեն լսում
Հայաստանի Խուլերի միավորման «Կարմիր անկյուն»-ը սովորաբար աղմկոտ է ՝ նարդու շխկշխկացող քարերի ձայնն է լսվում։ Խուլերն են խաղում։ Ասում են՝ ստիպված են ժամանակն այդպես անցկացնել, աշխատանք չկա։
Տիգրան Ոսկանյանը շատ է ցանկանում հիմնական աշխատանք ունենալ։ Ասում է՝ յուրաքանչյուր աշխատանքի համաձայն է, բայց գործատուները միշտ մերժում են՝ խլության պատճառով։ Վաստակելու համար վճարովի կայանատեղիներից մեկում վարորդներին օգնում է մեքենաները կայանել, բայց գումարը չի բավականացնում։
«Մանր աշխատանքներ կատարելու երբեմն կանչում են, դրանց դիմաց 4000-5000 դրամ գումար եմ ստանում, բայց որպես հիմնական աշխատող այդպես էլ չեն գրանցում»,- պատմում է Տիգրանը։
Նա միայնակ է ապրում՝ 26.000 դրամ պետական նպաստով, որ հազիվ է բավականացնում կոմունալ վճարումներին։
Մնացական Ալոյանն անհանգստանում է, որ անգամ հիվանդանոց չի կարողանում գնալ, որովհետև ամեն ինչ վճարովի է, իսկ ինքն աշխատանք չունի։
«Գնում եմ բժշկի, ասում եմ՝ լյարդս կամ լեղապարկս ցավում է, ասում են՝ վճարի, որ բուժենք։ Ոտքիս համար էլ վերջերս գնացի ու նույն պատասխանը ստացա։ Ո՞նց վճարեմ, եթե ոչ ոք աշխատանքի չի վերցնում։ Ամեն ինչ էլ կարող եմ անել, բայց չեն վերցնում»,- ասում է Մնացականը։
Տիգրանն ու Մնացականը միակը չեն, գործազուրկ են նաև մասնագիտություն ունեցող խուլերը։ Անգամ կոշկակարների պարագայում գործատուները ուշադրություն են դարձնում ոչ թե նրանց հմտություններին, այլ խլությանը։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ 2018 թվականին Հայաստանի Հանրապետությունում հաշվառված է եղել 2876 խուլ, 2019-ին՝ 2887, 2020-ին՝ 2870։ 2021 թվականի մարտի 15-ի դրությամբ խուլերի թիվը 2875 է։
Հայաստանի խուլերի միավորման նախագահ Մարինե Հարությունյանի խոսքով՝ իրենք արդեն հոգնել են դռներ թակելուց, խնդրելուց, որ խուլերին աշխատանքի վերցնեն։ Ասում է՝ Հայաստանում խուլերն անտեսված են։
«Մեր գործավարուհին զանգահարել էր մի գործակալության, հենց լսեցին, որ խուլի մասին է խոսքը, սկսեցին տատանվել։ Ասացին՝ թարգմանչի խնդիր կա, թարգմանիչ տրամադրեք։ Իսկ մեր կառույցը ինքնաֆինանսավորվող է, մենք չենք կարող թարգմանիչների համար վճարել, բյուջե չունենք»,- ասում է Մարինեն։
Ըստ նրա՝ եթե իրենց ՀԿ-ն է, որտեղ հաշվառված է 700 խուլ, քանդվի, խուլերը կմնան առանց որևէ աջակցության։
«Պետությունը մեզ չի աջակցում, բայց հարկերը մենք հավասար վճարում ենք։ Զեղչեր էլ չկան խուլերի համար, ու նույնիսկ շենքի գույքահարկը մենք կոպեկ առ կոպեկ ենք վճարում»,- ասում է Մարինե Հարությունյանն ու նշում, որ չի կարելի բոլորին նույն հարթության վրա դնել։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի արդեն նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանի հետ չեն հանդիպել իրենց խնդիրները ներկայացնելու համար, բայց երբ նախկին նախարար Զարուհի Բաթոյանին էին դիմել, ասել էր, որ խուլերի համար հատուկ ծրագիր պետությունը չունի։
Գազավորված ըմպելիքների արտադրությամբ զբաղվող «Հայկոլա» ընկերությունում մեկ խուլ աշխատող կա։ Ընկերության փոխտնօրեն Ռոբերտ Հովսեփյանը պատմում է, որ աշխատակիցն իրենց մոտ է արդեն մեկ տարուց ավելի, և խնդիրներ գրեթե չկան։
«Հաստիքի հայտարարությամբ եկել, դիմել էր, ընդունել էինք։ Գծի օպերատոր է աշխատում, բայց ուրիշ գործեր էլ է կատարում՝ և՛ շշալցում, և՛ պիտակավորում։ Բավական բազմաֆունկցիոնալ աշխատակից է։ Պատասխանատու է, սխալներ թույլ չի տալիս։ Իր աշխատանքից շատ գոհ ենք»,- ասում է Ռոբերտ Հովսեփյանը։
Ըստ նրա՝ աշխատակցի հետ իրենց շփումն այդքան էլ հեշտ չէ, բայց և՛ իրենք, և՛ մնացած աշխատակիցներն այնպես են անում, որ նա որևէ դժվարություն չզգա և միշտ ներգրավված լինի թիմում։ Բացի այդ, կարևոր է այն հանգամանքը, որ նա ևս շփվող է և չի մեկուսանում մյուսներից։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության ծրագրերի իրականացման մեթոդական աջակցության և խորհրդատվության բաժնի պետ Ռուզան Արշակյանն ասում է, որ հաշմանդամություն ունեցող անձինք, որոնց թվում են նաև խուլերը, օրենսդրությամբ համարվում են աշխատաշուկայում անմրցունակ խումբ, հետեւաբար նրանք արտոնություններ ունեն իրենց բոլոր ծրագրերում ընդգրկվելու համար։
«Բացի աշխատանքի միջնորդությունից, որ կատարում ենք, մենք իրականացնում ենք զբաղվածության 14 ակտիվ ծրագրեր։ Օրինակ՝ «Գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցման» ծրագիրը, որը կարող է կիրառվել նաև խուլերի համար։ Ծրագրի միջոցով գործատուն հաշմանդամություն ունեցող անձին ընդունում է աշխատանքի երկու տարի ժամկետով։ Առաջին տարում պետությունը գործատուին է տալիս հաշմանդամություն ունեցող անձին վճարվող աշխատավարձի կեսը, իսկ վճարման մեկ տարին անցնելուց հետո գործատուն պայմանագրով պարտավորվում է ևս մեկ տարի հաշմանդամություն ունեցող անձին պահել աշխատանքի»,- ասում է Ռուզան Արշակյանը։
Ըստ նրա՝ խուլերի համար «Միանվագ փոխհատուցման ծրագիրը» ևս հարմար է։ Ծրագրի միջոցով հաշմանդամություն ունեցող անձը գործատուի մոտ իր հմտություններն է զարգացնում։ Երբ գործատուն ընդունում է հմտությունների պակաս ունեցող մարդու, ծրագրի միջոցով գործատուին միանվագ վճարվում է մինչև 200.000 դրամ, որպեսզի գործատուն հաշմանդամություն ունեցող անձին համապատասխան հմտություններ տա և իր համար աշխատող պատրաստի։
Բացի այս ծրագրերից, հաշմանդամություն ունեցող անձանց համար կան նաև ինքնազարգացման խթանման, բիզնեսի աջակցության, գյուղատնտեսության, անասնապահության և այլ ծրագրեր, սակայն, ինչպես Ռուզան Արշակյանն է նշում, իրենք խուլերի ներգրավվածության առումով այդքան մեծ հաջողություններ չունեն։
«Խնդիրն այն է, որ իրենք առանց թարգմանչի չեն կարողանում ո’չ ուսուցում անցնել, ո’չ էլ գործատուի հետ շփվել։ Դա միշտ խնդիր է եղել։ Գործատուներն էլ չեն ուզում իրենց վրա լրացուցիչ բեռ վերցնել՝ թարգմանչին ևս վճարելով։ Կոնկրետ թարգմանչի հարց մեր ոչ մի ծրագիր չի լուծում։ Չնայած մենք անընդհատ բարձրացնում ենք այդ խնդիրը, սակայն դեռևս որևէ քաղաքական լուծում այս հարցին չկա»,- ասում է Ռուզան Արշակյանը։
Գևորգ Պողոսյանը հաղթահարել է իր խլության հետ կապված բոլոր դժվարությունները։
«Ես երեք տարեկանում հիվանդացել եմ խոզուկով և հետո աստիճանաբար կորցրել եմ լսողությունս։ Բժշկի այցելելիս հասկացանք, որ ականջիս նյարդը վնասվել է։ Սովորում եմ Մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժնի 4-րդ կուրսում, չորս տարի էլ սովորել եմ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։ Ստանում եմ թոշակ և պետության կողմից վճարվել և վճարվում է իմ ուսման վարձը, քանի որ ունեմ 2-րդ խմբի հաշմանդամություն»,- ասում է Գևորգը։
Ինստիտուտն ավարտելուց հետո նրան հրավիրել են դպրոց՝ աշխատելու։ Արդեն երկու տարի է, ինչ մնջախաղ է դասավանդում։
Գևորգը կարծում է, որ հիմնական խնդիրը թարգմանչի տրամադրումն է խուլերին, եթե դա լուծվի, խուլերը նվիրվածությամբ կաշխատեն։
Անի Մարտիրոսյան
ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, 3-րդ կուրս
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել