HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Կապանը «Երիտասարդական մայրաքաղաք 2021». միջոցառումները կմեկնարկեն մայիսի 1-ին

2019թ.-ին Կապանը հռչակվել է «Երիտասարդական մայրաքաղաք», քանի որ կորոնավիրուսի պատճառով 2020-ին միջոցառումներ չեն անցկացվել, ծրագիրն իրականացվելու է այս տարի. մեկնարկը տրվելու է մայիսի 1-ին։

Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալության հրավիրած ասուլիսի ընթացքում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Ըստ նրա՝ ծրագրի շրջանակում միայն բացման եւ փակման միջոցառումներով չեն սահմանափակվելու, ամբողջ տարվա ընթացքում ունենալու են միջոցառումների շարք Կապանում, որոնցից մեկն էլ ԱՊՀ երիտասարդական խորհրդի նիստն է։

ԿԳՄՍՆ երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Գոհար Մամիկոնյանը ներկայացրեց մայիսի 1-ին նախատեսված միջոցառումների օրակարգը, ապա նշեց, որ մինչեւ դեկտեմբեր կշարունակեն անցկացնել տարբեր միջոցառումներ։ Գոհար Մամիկոնյանը հավելեց, որ նպատակ ունեն Կապանում անցկացնել նաեւ երիտասարդական ֆորում։

Ծրագրի շրջանակում նախարարության հետ համագործակցող «Ֆիչր» կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Սարգսյանը նշեց, որ ամեն ինչ արվում է միջոցառումները պատշաճ մակարդակով իրականացնելու համար:

Արթուր Մարտիրոսյանն անդրադառնալով, թե ինչ նշանակություններ ունեն այսպիսի միջոցառումները համայնքի համար, եւ ինչ է շահելու համայնքը, ասաց, որ ցանկացած համայնքում պետք է աշխուժացնել կյանքը, եւ ներգրավել երիտասարդությանը. «Մենք ուզում ենք, որ աշխուժացումը տեղի ունենա ամբողջ Հանրապետությունով մեկ։ Մեր մարտահրավերն է, որ Կապանի երիտասարդությունը զգա, որ մայրաքաղաքային երիտասարդություն է»,- նշեց Մարտիրոսյանը։ «Կապան. երիտասարդական քաղաքի» լոգոն այս տարի ստեղծվել է քաղաքի երիտասարդական խորհրդի կողմից։

«Մենք վստահ ենք, որ երիտասարդների ակտիվ մասնակցությունն այն ուղիներից մեկն է, որը հնարավորություն է տալիս բարձրաձայնել համայնքային նշանակության խնդիրները, ազգային նշանակության խնդիրները եւ կառուցողական կերպով հասնել խնդիրների լուծմանը»,- նշեց Գոհար Մամիկոնյանը։

Ասուլիսի ընթացքում բանախոսները եւս մեկ անգամ խոսեցին նախագծի անցկացման կարգի մասին. մինչեւ ընտրությունը քաղաքը ներկայացնում է հայտ, որով պետք է բավարարի մրցույթի պայմաններին, որոնցից մեկն օրինակ՝ հյուրանոցի առկայությունն է։ 

Բանախոսներն անդրադարձան նաեւ հաջորդ տարի անցկացվելիք «Երիտասարդական մայրաքաղաք 2022» մրցույթին։ Գոհար Մամիկոնյանը տեղեկացրեց, որ մրցույթի համար հայտ է ներկայացրել չորս քաղաք՝ Ալավերդի, Եղեգնաձոր, Արմավիր, Հրազդան, իրականացվելու է շրջայց այս քաղաքներում, արվելու է գնահատում, եւ ամենաբարձր գնահատականներ ստացած համայնքը ճանաչվելու է «Երիտասարդական մայրաքաղաք»։ Շրջայցերը կլինեն այս տարվա հունիս-հուլիս ամիսներին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter