HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Մեղրիի մաքսակետի գործող արտոնությունը կչեղարկվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

Խորհրդարանն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Բաբկեն Թունյանի, Ալեն Սիմոնյանի և Կարեն Համբարձումյանի հեղինակած Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Նախագիծը ներկայացնող Սիսակ Գաբրիելյանի խոսքով` դեռևս 2017 թվականին Սյունիքի համայնքապետերից մեկը դիմել է վարչապետ Կարեն Կարապետյանին և խնդրել հարկային արտոնություն սահմանել իր համայնքում գործարար միջավայրը բարելավելու համար: Ըստ պատգամավորի` ընդունված օրենքն առաջին հայացքից դրական է, սակայն իրականում այն վերաբերում է մենաշնորհի խրախուսմանը:

«Խոսքը վերաբերում է սրան` Մեղրիի անցակետից մինչև 1 կմ հեռավորության վրա գտնվող պահեստի առկայության դեպքում, եթե մեքենաները գալիս են Իրանի Իսլամական Հանրապետությունից, ազատվում են ճանապարհային հարկի վճարումից»,- ասաց Գաբրիելյանը:

Նրա խոսքով` դեռևս 2004 թվականից այդ հեռավորության վրա մեկ մաքսակետ է գործում և նույնիսկ ֆիզիկապես հնարավոր չէ երկրորդ պահեստը կառուցել:

Քաղաքական մեծամասնության պատգամավորի պնդմամբ` պահեստի սեփականատերը համայանքապետի կինն է: 2019-ին ԻԻՀ-ից պահեստ մուտք գործած մեքենաների 70 տոկոսը, ըստ պատգամավորի, այդ ընտանիքին պատկանող բիզնեսն է:

Այժմ պատգամավորներն առաջարկում են հանել այդ արտոնությունը, որպեսզի մյուս տնտեսվարողները կարողանան այնտեղ պահեստ բացել:

Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, թե ինչու է իշխանությունը նոր հիշել այս խնդրի մասին` հատկապես սյունիքյան հայտնի դեպքերից հետո այն կարծես թե քաղաքական նպատակ է հետապնդում: Գաբրիելյանն արձագանքեց` նախագիծը շրջանառության մեջ է դրվել մեկ ամիս առաջ:

Գաբրիելյանը հավանաբար նկատի ուներ Մեղրի խոշորացված համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանին, որը նախկինում Ագարակ համայնքի ղեկավարն էր: Վերջինս Փաշինյանի`Սյունիք այցից հետո ձերբակալվել էր խուլիգանության կասկածանքով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter