HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Էկոնոմիակայի նախարարությունում կրճատումներ են. նախարարի ժ/պ-ի պարզաբանումը

Այսօր՝ ապրիլի 29-ին, կառավարության դիմաց էկոնոմիկայի նախարարության աշխատակիցներից մի քանիսը բողոքի ակցիա էին իրականացնում՝ նշելով, որ նախարարի պաշտոնակատարն առանց հիմնավորման օպտիմալացումներ է իրականացնում: 

«Որոշ բաժիններ, որոնք արդեն արդիական չեն, փակվում են, որոշ բաժիններ, որոնք պետք է ստեղծվեն, ստեղծվում են: Չունենք արտահանման համար պատասխանատու վարչություն, հիմա ստեղծում ենք: Իրենց գործառույթներից, օրինակ, մոնիթորինգն է, պատրաստվում ենք դա պատվիրակել բանկերին կամ այն ընկերություններին, ում միջոցով ֆինանսական միջոցներն ենք մղում գյուղատնտեսություն, և դրա հաշվին օպտիմալացնում ենք: Ինչ վերբերում է մյուս գործառույթներին, դրա լուծումները ևս գտել ենք»,- անդրադառնալով հարցին՝ լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը:

Քերոբյանի խոսքով՝ այնպես չէ, որ այդ վարչության ամբողջ աշխատակազմը կրճատելու են, մի մասը մնացել է և պետք է շարունակի կատարել գործառույթներ, որոնց համար պաշտոնակատարը վստահ է՝ կա բավարար ռեսուրս:

«Մեր նպատակն այն չէ, որ աշխատատեղերը քչացնենք, այլ հակառակը՝ անում ենք այնպես, որ դրանք շատանան: Բայց, մինույն ժամանակ, պետք է համաձայնեք, որ եթե ինչ-որ մարդ անում է գործ, որն արդեն պետք չի կամ կարելի է անել թվային կամ ավելի արդիական ձևով, ապա այդ մոդեռնիզացիան պետք է անել: Իհարկե, կարելի է ոչ մի բան չանել, ասել՝ դե ստատուս քվոն ոնց կա, թող շարունակվի, բայց, իհարկե, դա մեր երկրին չի տանի առաջընթացի կամ իմ պլանների մեջ չի մտնում: Ես եկել եմ աշխատելու, որ ինչքան հնարավոր է՝ արագ մեր երկիրը զարգանա»,- ասաց նախարարի ժ/պ-ն:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե Հայաստանում ներդրումներ չկան, և որևէ խելամիտ ներդրող Հայաստանում ներդրում չի անի, Թուրքիայի հետ սահմանը բացելն էլ վատ վիճակի մեջ կդնի գյուղացիներին, Քերոբյանը նշեց՝ այն մարդիկ, ովքեր փորձում են ֆոն ստեղծել, թե Հայաստանում ամեն ինչ վատ է, որևէ կապ չունեն իրական աշխարհի կամ թվերի հետ: 

«Ճիշտ է, տնտեսական աճը մարտը մարտի նկատմամբ ինձ այդքան էլ չի գոհացնում, մեր հաշված 7-7.5-ի փոխարեն, նախնական տվյալներով, 3.8 % է, բայց միևնույն է՝ դա ապահովելու է տարվա վերջին երկնիշ տնտեսական աճը: Երկնիշ տնտեսական աճը չապահովելու դեպքում հրաժարական եմ տալու: Բազմաթիվ ներդրողներ իրենց գործն անում են և մեծ թափով ներդրումներ են ընթանում: Թուրքիայի հետ սահմանի բացման հարց էլ առայժմ օրակարգում չկա»,- նշեց նա:

Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ որոշ զարտուղի ճանապարհներով կարողանում են թուրքական ապրանք ներմուծել, գործընթացը պետք է խստացվի: Կավելանա նաև թուրքական ապրանքներրի վաճառքի արգելքը:

«Մեր ջանքերն այս պահին ուղղված են գյուղատնտեսության արտադրողականությունը բարձրացնելուն: Երեկ այցելել եմ Արմավիրի մարզի Դաշտ գյուղ, որտեղ տուրիստական գրավիչ վայր է ստեղծվում, 160 հոգի աշխատանք են ունենալու ոչ գյուղատնտեսության մեջ:

Փորձում ենք այնպես անել, որ մարդիկ ունենան այլընտրանքներ, որպեսզի գյուղում ապրելով՝ միայն գյուղատնտեսությամբ չզբաղվեն»,- եզրափակեց Քերոբյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter