
Կարգելվի առանց թույլտվության տեսանկարահանել սահմանային շերտում գտնվող ինժեներական կառույցները
Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց կառավարության ներկայացրած «Պետական սահմանի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով առաջարկվում է սահմանային շերտում գտնվող ինժեներական կառույցները, արգելափակոցները, սահմանապահ զորքերի կողմից օգտագործվող շենք-շինությունները, դիտաշտարակները, տրանսպորտային միջոցները առանց համապատասխան թույլտվության արգելել տեսալուսանկարահանող սարքերով նկարահանել:
Նախագիծը ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանը:
Ըստ նախագծի` սահմանային շերտ մուտք գործելու կամ այնտեղ գտնվելու, ինչպես նաև բնակվելու կանոնները խախտելն առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով (100 հազար դրամ): Արգելքը վերաբերում է նաև անօդաչու թռչող սարքերով նկարահանումներին:
Ըստ ԱԱԾ տնօրենի տեղակալի` փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող օրենքով կանոնակարգված չէ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը:
Ըստ նրա` սահմանամերձ բնակավայրի բնակիչների կամ զբոսաշրջիկների կողմից կատարվող նկարահանումները տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի միջոցով կարող է բացասաբար անդրադառնալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանման վրա:
Ըստ ԱԱԾ տնօրենի տեղակալի` նախագիծը մշալվել է դեռևս 2020 թվականի ամռանը և ամենևին կապված չէ այս փետրվարի 10-ին ԱԱԾ հայտարարության հետ, որով նշվում էր, որ Սյունիքի սահմանամերձ տարածքներում նկարահանումներ կատարելու համար հարկավոր է ԱԱԾ թույլտվությունը: Այդ հայտարարությունը, նրա խոսքով, պայմանավորված է եղել
օպերատիվ իրավիճակով և լրագրողների անվտանգությունն ապահովելու նպատակ է հետապնդել:
Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակցությունը` ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:
Մեկնաբանել