
Կառավարությունը կթույլատրի արդյունաբերական կանեփի արտադրությունը
Հայաստանում կթույլատրվի արտադրական կանեփի արտադրությունը, արտահանումը, ներմուծումը կամ մեծածախ առևտուրը՝ համապատասխան լիցենզիայի առկայության դեպքում։ Որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 29-ի նիստում:
Նախագիծը ներկայացնող փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի խոսքով՝ ԵՄ տարածքում կանեփի մշակությամբ զբաղվում են 21 երկրներում, որտեղ կանեփի ցանքատարածությունը 2011 թվականին կազմել է 8 000 հա, իսկ 2017 թվականին եռակի չափով ընդլայնվել է՝ զբաղեցնելով 42 500 հա: 1 հա տեխնիկական կանեփի վերամշակումից կարելի է ստանալ միջինը 75-210 լ CBD յուղ, 6 տոննա ծղոտ, որը կարող է վերածվել մոտավորապես 1,5 գ մանրաթելի:
Ըստ նրա՝ արդյունաբերական կանեփն օգտագործում են տեքստիլ, ավտոմոբիլների, կահույքի, թղթի, շինանյութի, խնամքի պարագաների արտադրության և բժշկության մեջ: Թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութերի հետ կապված դատվածություն ունեցող անձանց չի թույլատրվի զբաղվել տվյալ գործունեության տեսակով:
Ակնկալվում է արդյունաբերական և գյուղատնտեսական նպատակներով կանեփի արտադրության գործունեության իրականացման հնարավորություն ստեղծել Հայաստանում, ներդնել լիցենզավորման առանձնահատկությունները, քվոտավորման պահանջը և պետական վերահսկողության իրավական կարգավորումը:
Լուսանկարը՝ unplush.com-ի
Մեկնաբանել