HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Համաներում` պարտադիր զինծառայության զորակոչից խուսափած և քրեական հետապնդման մեջ գտնվող անձանց նկատմամբ

Խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց «Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից, վարժական հավաքից կամ զորահավաքային զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներում հայտարարելու մասին» կառավարության նախաձեռնությանը:

Նախագիծը կարգավորում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած, (պահեստազորի դեպքում` 35) պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և (կամ) զորահավաքային զորակոչից խուսափած և Քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ համաներում հայտարարելու հետ կապված հարաբերությունները:

Համաներում կհայտարարվի (քրեական գործի հարուցումը կմերժվի, հարուցված քրեական գործի վարույթը կկարճվի, ինչպես նաև չի իրականացվի քրեական հետապնդում կամ կդադարեցվի քրեական հետապնդումը) այն անձանց նկատմամբ, որոնք կարող են մեղադրվել կամ մեղադրվում են Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով` զինծառայության զորակոչից, վարչական հավաքից խուսափելու հատկանիշներով:

Համաներում կհայտարարվի այն անձանց նկատմամբ`

  • որոնք դատապարտվել են ազատությունից զրկվելու պատժի,
  • որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, կամ պատժի կրումը հետաձգվել է,
  • որոնք դատապարտվել են ազատությունից զրկելու հետ չկապված պատժի:

 Համաներում չի կիրառվի`

  •  այն անձանց նկատմամբ, որոնք  օրենքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ, բացի Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասից, հանցագործությունների կամ դատավճիռների համակցության կանոններով կարող են մեղադրվել, մեղադրվում են կամ դատապարտվել են նաեւ Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի այլ հոդվածով,
  • մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ, բացառությամբ այն անձանց, որոնք մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ անձամբ կամովին կներկայանան քրեական հետապնդման մարմիններ, իսկ եթե գործը դատարանի վարույթում է` դատարան,
  • այն անձանց նկատմամբ, որոնց դեպքում վերջին տասը տարվա ընթացքում` նշանակված պատժաչափը կրճատվել է Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, կամ
  • որոնց պատիժը կրելուց ազատել են Հայաստանի Հանրապետության նախագահի` ներում շնորհելու մասին հրամանագրի կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա, կամ
  • որոնց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի համաներման ակտի հիման վրա,
  • այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը կատարել են մեկ այլ գործով նշանակված՝ պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմքում սահմանված փորձաշրջանի ընթացքում:

Ըստ արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանի` օրենքի շահառու կարող է դառնալ 5131 քաղաքացի, իսկ այդ հոդվածով դատապարտված առավելագույնը 124 անձ է հաշվառված: 327 հոդվածի առաջին մասով 261 գործ է հարուցվել, որոնք դեռևս դատարան չեն ուղարկվել, ևս 18 գործ դատարանների վարույթում է:

Մինչև դեկտեմբերի 31-ը այդ անձինք կարող են կամովին ներկայանալ` քրեական հետապնդումից ազատվելու համար:

Փոխնախարարի խոսքով` կառավարությունը որոշել է հանդես գալ համաներում հայտարարելու առաջարկությամբ` մարդասիրության և համերաշխության սկզբունքներից ելնելով, ինչպես նաև նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական, սոցիալական, հոգևոր, մշակութային ոլորտներում զարգացման համար սեփական ավանդը ներդնելու համար:

Նախագծում նշվում է նաև, որ 2021 թվականի ապրիլի 5-ի «էրեբունի-Երևանի հիմնադրման 2800- ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքով համաներում է կիրառվել 4976 անձի նկատմամբ, որոնցից հետագայում հանցանք են կատարել 1152-ը, իսկ նրանցից 249-ը՝ երկու և ավելի անգամ։

Նախագիծը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը` ընդգրկվելով լիագումար նիստերի օրակարգ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter