HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տաթևիկ Շալջյան

Դատական նիստ՝ «Կյանքի խոսքն» ընդդեմ «Իրավունքի» գործով

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպությունն ընդդեմ «Իրավունք» թերթի գործով նախնական դատական նիստը: «Կյանքի խոսքը» դատարանում վիճարկում է «Իրավունք» թերթի հոկտեմբերի 19-25-ի համարում տպագրված «Աղանդախառն պոռնոլուսանկարների թեման «ծաղկեց» մանկապղծության մեղադրանքով» հոդվածը:

Այսօրվա նիստին հայցվորի ներկայացուցիչ Ա. Պապինյանը դատարանին ներկայացրեց հայցադիմումի երկրորդ լրացում, որում առկա են լրացուցիչ ապացույցներ, առարկություն հայցադիմումի պատասխաններին և հայցապահանջի ավելացում՝ հավելյալ դատական ծախսերի մասին:

Պատասխանողի ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանը դատարանին որպես ապացույց ներկայացրեց տեսասկավառակ, փաստաբանական հարցում, փաստաբանական հարցման պատասխան, երկու պայմանագիր, լիազորագիր, ռեգիստրի վկայական, վկայականի պատճեն և լրագրող Արթուր Հովհաննիսյանի հոդվածը «Հայացք» թերթին:

Այնուհետև հայցվորի ներկայացուցիչը դատարանին միջնորդություն արեց առ այն, որ կապված դատարանին ներկայացրած ապացույցների հանգամանքի հետ, այս ընթացքում հայցվոր կողմը դիմել է ՀՀ տեղեկատվական վեճերի խորհդրին, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության փիլիսոփայական գիտությունների թեկնածուների, գիտությունների ռուսաստանյան ակադեմիայի առաջատար գիտաշխատողների, կրոնի և հասարակական խնդիրների հետազոտման կենտրոնի աշխատակցի, կրոնի և իրավունքի հարցերի փորձագետ հանդիսացող անձանց, որոնց փորձագիտական եզրակացությունները կարող են սույն գործի համար էական նշանակություն ունենալ, և կապված այդ փաստի հետ, միջնորդեց հետաձգել դատական նիստը առնվազն 25 օրով, քանի որ նշված ժամկետում կստացվեն դատարանին ներկայացրած ապացույցները հաստատող փորձագիտական եզրակացություններ:

Պատասխանողի ներկայացուցիչ Լ. Բաղդասարյանը առարկեց միջնորդությանը՝ պատճառաբանելով, որ հայցվոր կողմը կաշկանդված չէ դիմել տարբեր պետական և ոչ պետական մարմինների, չնայած դա վերջինիս իրավունքն է, սակայն հայցի առարկան վերաբերվում է այն հիմքին, որով հայցվորը մտել է դատարան, և հայցապահանջը վարույթ ընդունելուց հետո հայցվորը փորձում է ապացուցել, որ հայցապահանջի հիմքում դրված ապացուցողական նշանակություն ունեցող փաստերը պետք է նոր ապացուցվեն: Իսկ ինչ վերաբերում է այն ապացույցին, որ հայցվորը կստանար 25 օրվա ընթացքում, ապա այն կարող է նաև ստանալ դատաքննության ընթացքում, այսինքն՝ ոչ մի խնդիր չկա նիստը հետաձգելու:

Դատավարությունը նախագահող Ռ. Ներսիսյանը հայտնեց, որ սույն հայցը վարույթ է ընդունվել 2011 նոյեմբորի 23-ին, այժմ 2012թ. ապրիլի 13-ն է, այս ընթացքում հայցվորը դատարանին է ներկայացրել հայցադիմումի լրացում, այսօր հայցվորը ներկայացնում է ևս մեկ հայցադիմումի լրացում, այնուհետև ավելացրեց, որ այս մասով հայցվորի կողմից ակնհայտորեն առկա է անբարեխիղճ վերաբերմունք դատավարական իրավունքների իրագործման հանդեպ:

Իսկ ինչ վերաբերում է միջնորդությանը, դատրանը նշեց, որ այն ենթակա է բավարարման այն պատճառաբանությամբ, որ նախնական դատական նիստի ամբողջ իմաստը նրանում է, որ կողմերը ապացույցներ ձեռք բերելու և դատարանին ներակայցնելու հնարավորություններ ունենան, ինչպես նաև ավելացրեց, որ այս դեպքում առավելությունը պետք է տրվի արդարադատության իրականացմանը և հնարավարություն պետք է ընձեռվի կողմին ներկայացնելու ապացույցներ: Այսպիսով, նիստը հետաձգվեց և հերթական նիստի օր նշանակվեց մայիսի 10-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter