
Տաջիկ-ղրղզական սահմանին գրանցվել է փոխհրաձգություն․ կան զոհեր և վիրավորներ
Տաջիկստանի և Ղրղզստանի զինված ուժերը միմյանց մեղադրում են երկու երկրների սահմանագծին գտնվող «Գոլովնոյ» ջրաբաշխիչ կետի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության համար։ Այդ մասին գրում է Новая газета-ն։
Ինչպես նշվում է Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ զորքերի մամլո կենտրոնի հայտարարության մեջ, առաջինը կրակը բացել են Ղրղզստանի Հանրապետության զինծառայողները: «Միջադեպը տեղի է ունեցել ղրղզական կողմի Տաջիկստանի Հանրապետության հետ ավելի վաղ ձեռքբերված երկկողմ համաձայնագրերի խախտման լույսի ներքո, որտեղ հարևան պետության կողմից իրականացվում են «Գոլովնոյ» ջրաբաշխիչ կետի անօրինական գրավման փորձեր»,- նշվում է հայտարարության մեջ։
Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Տաջիկստանի հետ սահմանին զոհվել է երկու մարդ, իսկ վիրավորների թիվը հասել է 30-ի։ РИА Новости-ն էլ գրում է, որ Տաջիկստանի Իսֆարա քաղաքի քաղաքապետը ստացել է հրազենային վիրավորում։ Փոխհրաձգության ընթացքում կիրառվել են նաև ականանետեր։
Совет безопасности Киргизии собирается в Бишкеке.
— 10 апреля (@buch10_04) April 29, 2021
Государственный комитет национальной безопасности страны обвинил Таджикистан в развязывании конфликта на границе. pic.twitter.com/zJBNYghlmH
Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ տեղի ժամանակով 17։00-ին (Երևանի ժամանակով 15։00-ին) տաջիկական կողմը կրակ է բացել «Կամչըգայ» և «Մին-Բուլակ» սահմանային ուղեկալների ուղղությամբ։ Ի պատասխան այդ գործողությունների Ղրղզստանը գրավել է Տաջիկստանի Հանրապետության «Խոջա Այլո» սահմանային ուղեկալը։ Ղրղզստանի իշխանությունները հայտարարել են, որ կողմերը սահմանի մոտ են քաշում հավելյալ ուժեր և միջոցներ։
Ավելի ուշ, Ղրղզստանի Արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվել են հրադադար հայտարարել և զինված ուժերի ստորաբաժանումները տեղափոխել նախկին տեղակայման վայրեր։ Բանակցությունները վարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարները։
Իրավիճակը տաջիկ-ղրղզական սահմանին լարվել էր ապրիլի 28-ին։ Տաջիկստանի սահմանապահները տեսահսկման խցիկներ էին տեղադրել ջրաբաշխիչ կետի մոտ, ինչին ի պատասխան ղրղզական կողմը պահանջել էր ապամոնտաժել այն։ Դրանից հետո, երկու երկրների բնակիչները սկսել էին քարեր նետել միմյանց ուղղությամբ։
Տաջիկները պնդում են, որ 1924-1927 և 1989 թվականների քարտեզների համաձայն, այդ օբյեկտը պատկանել է Տաջիկստանին, իսկ 1968 թվականից սկսած օգտագործվել Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանամերձ շրջանների ոռոգման և ջրամատակարարման համար։ Ներկայումս ջրաբաշխիչ կետի մոտով է անցնում երկու երկրների պետական սահմանը։
Լուսանկարը՝ Vladimir Voronin / TASS
Մեկնաբանել