HY RU EN

«ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ»-ի հայտարարությունը Քաջարան գյուղի և հարակից տարածքներին առընչվող խնդիրների վերաբերյալ

Հարգելի քաղաքացիներ,

«ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ» ընկերությունը, որպես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության հիմնական բաժնետեր, անհրաժեշտ է համարում իր դիրքորոշումը ներկայացնել ՀՀ Կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի որոշ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու և այդ տարածքները ԶՊՄԿ-ին տրամադրելու շուրջ ծագած իրավիճակի կապակցությամբ:  

ՀՀ Կառավարության հիշատակված որոշումը բնապահպանական և այլ ուղղվածության որոշ հասարակական կազմակերպությունների, խմբերի և առանձին անձանց մոտ ոչ միանշանակ արձագանք է գտել և բերել այն մտահոգության, որ

  • Այդ տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահի ճանաչումը և դրանց հանձնումը մասնավոր հանքարդյունաբերական ընկերությանը իրավաչափ չէ,
  • Քաջարան համայնքի բնակիչների տեղահանումը կնպաստի  ՀՀ-ից արտագաղթին, ինչպես նաև սահմանամերձ գոտու բնակավայրերի թուլացմանը,
  • Արդյունահանման տարածքների ընդլայնումը պայմանավորված է ոչ թե արտադրական անհրաժեշտությամբ, այլ միայն նպատակ է հետապնդում ավելացնել ընկերության շահույթը:

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնադրվել է 1951թ.` Քաջարանի հանքավայրը շահագործելու նպատակով: Քաջարանի հանքավայրը ներառում է ներկայիս շահագործվող հանքը, ինչպես նաև  Ողջի գետի ձախ ափին գտնվող տարածքները, որտեղ և տեղակայված է Քաջարան գյուղը: Գետի հոսանքն ի վար տեղակայված է կոմբինատը և Քաջարան քաղաքը, որը ունի շուրջ 7000 բնակչություն:

ԶՊՄԿ-ը Հայաստանի Հանրապետության առաջատար արդյունաբերական ընկերություն է, որի արտադրանքը իրացվում է արտաքին շուկաներում, ինչի արդյունքում ապահովվում է հանրապետության արտարժույթի ներհոսքի զգալի մասը: Միաժամանակ, արտաքին շուկաներում ձեռք բերված ֆինանսական միջոցները ծախսվում են Հայաստանում` նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը: Օրինակ. 2011թ. ընթացքում կոմբինատն իր կենսագործունեությունն ապահովելու նպատակով տեղական 347 ընկերությունների հետ կնքել է ապրանքների ձեռք բերման և  ծառայությունների մատուցման շուրջ 44.2 մլրդ ՀՀ դրամի պայմանագրեր և գործարքներ: Կոմբինատը ներկայում ունենալով 3200 աշխատակից, Քաջարան քաղաքի համար ըստ էության հանդիսանալով քաղաք ձևավորող ձեռնարկություն, իր աշխատակիցների, նրանց ընտանիքի անդամների, ասել է թե համայնքի բնակչության համար ապահովում է միջին հանրապետականից բարձր կենսամակարդակ:

Ավելորդ չենք համարում նաև նշել, որ կոմբինատի կողմից արտադրվող մոլիբդենի խտանյութը ամբողջությամբ վերամշակվում է Հայաստանում` Երևանում գտնվող ձեռնարկությունների կողմից, որոնք իրենց հերթին ունեն մոտ 1000 աշխատակից: Այսպիսով. անվիճարկելի է, որ ԶՊՄԿ-ը ինչպես Սյունիքի տարածաշրջանի, այնպես էլ ողջ հանրապետության տնտեսական կայունության և շարունակական զարգացման երաշխիքներից մեկն է:

ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ընկերությունը անվերապահորեն ընդունելով իր, որպես ներդրողի, պատասխանատվությունը Հայաստանի ազգային արժեքներից մեկի`ԶՊՄԿ-ի գործունեության համար, կոմբինատի տնօրինության հետ համատեղ իրականացնում է հանքարդյունահանման երկարաժամկետ պլանավորում և օգտակար հանածոների հավասարակշռված արդյունահանում: Մեր այս մարտավարությունը թեև նվազեցնում է ընկերության այսրոպեական շահույթը, սակայն երաշխավորում է Հայաստանի համար բացառիկ տնտեսական նշանակություն ունեցող հանքավայրի երկարակեցությունը:

Հպարտությամբ կարող ենք փաստել, որ ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ընկերությունը անշեղորեն կատարում է իր ներդրումային պարտավորությունները: Վերջին տարիներին իրականացված շուրջ 500.000.000 դոլարի ներդրման շնորհիվ ապահովվել է ձեռնարկության անխափան աշխատանքը, և այսօր կոմբինատն իր տեխնիկական հագեցվածությամբ ու արտադրական հզորությամբ առնվազն չի զիջում համաշխարհային լավագույն օրինակներին:

Մեր ամենօրյա ուշադրության  կենտրոնում է նաև ԶՊՄԿ-ի աշխատանքների կազմակերպման բնապահպանական բաղադրիչը: Չնայած սեփականաշնորհումից հետո ստացած ծանր ժառանգությանը, մենք լուրջ ծրագրեր ենք իրականացրել առկա բնապահպանական իրավիճակի ուսումնասիրության և բարելավման նպատակով: Մասնավորապես փակվել է  մոլիբդենի խտանյութի թրծման վնասակար արտադրությունը, մեծածավալ աշխատանքներ են իրականացվել հնացած պոչատարների փոխարինման և պոչամբարների ռեկուլտիվացիայի ուղղությամբ,  միջազգային առաջատար ընկերությունների միջոցով կատարվել են առկա հիդրոտեխնոլոգիական շինությունների կայունության և վերակառուցման գնահատումներ:

Չբավարարվելով ձեռքբերածով և հասկանալով հարցի կարևորությունը, մենք նպատակադրված ենք միջնաժամկետ հեռանկարում, ՀՀ գործող օրենսդրության պահանջների կատարումից բացի, ապահովել միջազգային ստանդարտների կիրառում կոմբինատի կենսագործունեությունում:

Մեզ համար առաջնահերթությունների շարքում է բիզնեսի սոցիալական պատասխանատվության խնդիրը: Ֆինանսատնտեսական ճգնաժամի ծանր տարիներին բաժնետերերը, ինչպես նաև ԶՊՄԿ-ի տնօրինությունը, համախմբելով ունեցած ողջ ներուժը և հնարավորությունները, ապահովել են կոմբինատի բնականոն և անխափան աշխատանքը: Ի տարբերություն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում գործող շատ հանքարդյունաբերական ընկերությունների, մեզ հաջողվել է նույնիսկ մետաղների գների աննախադեպ անկման պարագայում պահպանել բոլոր աշխատատեղերը և սովորականի նման, առանց ուշացումների, վճարել աշխատավարձ: 

ԶՊՄԿ-ի բաժնետերերի որոշմամբ տարեցտարի զգալի միջոցներ են տրամադրվում (ոչ պակաս քան 3 մլրդ ՀՀ դրամ) սոցիալական ծրագրերի ֆինանսավորման համար, որոնք իրականացվում են Հայաստանի ողջ տարածքում: Հաշվի առնելով ԶՊՄԿ աշխատակիցների անգնահատելի ներդրումը, բաժնետերերն ընկերության տարեկան զուտ շահույթի 5%-ը ուղղում են ընկերության աշխատակիցների պարգևավճարների ֆոնդին, որի արդյունքում ԶՊՄԿ-ի ողջ աշխատակազմը ուղղակիորեն դառնում է ձեռնարկության հաջողությունների շահառուն:

Ամփոփելով ասվածը, ցանկանում ենք լայն հասարակության ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ գործող հանքի ընդլայնումը բացառապես պայմանավորված է ԶՊՄԿ գործունեության երկարաժամկետ պլանավորման հետ և նախատեսված է թե խորհրդային շրջանի  նախագծերով, և թե գործող կոնցեսիոն համաձայնագրով: Կոմբինատի գործունեությունը ոչ միայն չի նպաստում բնակչության արտագաղթին, այլ հակառակը, ռազմավարական նշանակություն ունի սահմանամերձ շրջանի ամրապնդման և տնտեսական զարգացման համար: ԶՊՄԿ-ի և տեղական ենթակապալառու կազմակերպությունների հազարավոր աշխատակիցներ կոմբինատում կայուն և երաշխավորված եկամուտ ունենալու շնորհիվ իրենց և զավակների ապագան կապում են Հայրենիքի հետ: Ձևավորվել և գործում է մասնագիտական բարձր պատրաստվածություն ունեցող աշխատակազմ, մարդիկ կապված են իրենց աշխատանքային կոլեկտիվին, մասնագիտական ժառանգորդության սկզբունքով շատ ընտանիքների համար կոմբինատը դարձել է հարազատ օջախ:  ԶՊՄԿ-ն այսօր իր աշխատակիցների հպարտությունն է,  և անվիճելի է նրա համազգային նշանակությունը: Մենք համապատասխան տարածքների նկատմամբ բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու փաստը համարում ենք լիովին հիմնավորված, որը  երաշխավորելու է Հայաստանի արդյունաբերական հսկայի՝ ԶՊՄԿ-ի հետագա շարունակական աշխատանքը:

Միաժամանակ ցանկանում ենք նշել, որ թեև վերոհիշյալ խնդրի վերաբերյալ տարբեր հասարակական կազմակերպությունների և անձանց կողմից բարձրացվող հարցերը և արվող եզրահանգումները ոչ միշտ են կրում կառուցողական բնույթ և հաճախ նույնիսկ աղերսներ չունեն իրերի իրական դրության հետ, այնուամենայնիվ մենք ողջունում ենք կառուցողական քննադատությունը և քննարկումները բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ խնդիրների հնարավոր հանգուցալուծումները ապահովելու համար գիտակցելով, որ քաղաքացիական հասարակության նման ակտիվությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման գործում էական նշանակություն ունեցող ձեռնարկության գործունեության մտահոգությամբ:

Եզրափակելով նշենք, որ ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ ընկերությունը վերահաստատում է իր դիրքորոշումը՝ խնդիրները լուծել քաղաքացիների իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության սկզբունքով: ԶՊՄԿ-ի տնօրինությունը բաժնետերերի կողմից լիազորված է, հաշվի առնելով կողմերի օրինական շահերն ու իրավունքները, փնտրել փոխզիջումային լուծումներ:

ՀՀ-ում «ՔՐՈՆԻՄԵՏ Մայնինգ»-ի ներկայացուցչություն