HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը «Կոլցո» գործողության 30-րդ տարելիցի կապակցությամբ

Արցախի Հանրապետության ԱԳՆ հայտարարությունը «Կոլցո» գործողության 30-րդ տարելիցի կապակցությամբ: Այն ներկայացնում ենք ստորեւ.

30 տարի առաջ՝ 1991 թ. ապրիլի 30-ին, Ադրբեջանի իշխանությունները նախաձեռնեցին «Կոլցո»  (Օղակ) գործողությունը, որն իրավամբ կարելի է համարել իրենց պատմական հողերից ժողովուրդների տեղահանման ամենաարյունահեղ և անմարդկային գործողություններից մեկը։

Գործողության ընթացքում, որի ժամանակ առաջին անգամ քաղաքացիական բնակչության դեմ կիրառվեցին տանկեր, ռազմական ուղղաթիռներ և հրետանի, դատարկվեցին և ավերվեցին Հյուսիսային Արցախի, ինչպես նաև Շահումյանի, Հադրութի և Շուշիի շրջանների հարյուրավոր հայկական գյուղեր, տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին, հարյուրավորները սպանվեցին և գերեվարվեցին։ Նրանցից շատերի ճակատագիրն առ այսօր անհայտ է։

«Կոլցո» գործողությունը դարձավ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հերթական դրսևորումը և 1988-1991 թթ. Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում և Ադրբեջանի այլ հայաբնակ քաղաքներում ու շրջաններում, ինչպես նաև ԼՂԻՄ և Հյուսիսային Արցախի բնակավայրերում իրականացված հայկական ջարդերի ու էթնիկ զտումների շղթայի շարունակությունը։

Այն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը տեղափոխեց ռազմական հարթություն և հետագայում հանգեցրեց Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի լայնածավալ ագրեսիային, որը շարունակվում է առ այսօր։

«Կոլցո» գործողության, 2016 թ. ապրիլյան պատերազմի և Թուրքիայի ու տարբեր ահաբեկչական խմբավորումներից վարձկանների աջակցությամբ Ադրբեջանի կողմից 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունները և միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումները վկայում են, որ մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններն անտարբերության մատնելն ու անպատիժ թողնելը հանգեցնում է դրանց կրկնության։

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
,,Կոլցոն,, արվել է գորբաչի անմիջական ցուցումով, ռուսների զորքով, ԼՏՊ-ին ճնշելու ու վախեցնելու միջոցով, մութալիբիովի հետ բազարի արդյունքում, նրա դիմաց, որ ադրբջերը կքվեարկեն Սովետը պահպանելու օգտին, իրենք էլ դրա փոխարեն կմաքրեն Շահումյանը: Սա գաղտնիք չէ, եղել են հրապարակումներ, այդ թվում մութալիբովի բացահայտումը: Բայց ո՜վ է ումի՜ց հաշիվ պահանջել մինչեւ հիմա: Իսկ մեր աթոռավոռները շարունակել են (ու դեռ շարունակում են) մտնել ռսների տաք տեղը: Եթե դա վախից ու անճարությունից է, ապա պետք էր բացահայտ այդպես էլ հայտարարվեր ու համապատասխան քայլ արվեր ժամանակին: Թուրքերն արեցին, Վրացիներն արեցին, մեր չտեսներն էլ միայն իրենց արիշ-վերիշն արեցին ու ոչ մի անգամ որեւէ հստակ բան չասացին թե մեր ուզածը որն է: Ուրեմն սա պիտի լիներ, մի քիչ այլ, կամ այս խայտառակ ձեւով: Գոնե հիմա պետք է պարզ խոսել ու գործել - ռուսներին պետք է առանց վախենալու ճակատներին ասել, որ դուք էս ու էն եք եւ արդար պահանջ ներկայացնել: Միջազգայններին էլ պետք է ասել, որ եթե մի բան անող եք, ուրեմն հիմա արեք, թե չէ .իկտիր եղեք ու թողեք մեզ ուտեն, ինչպես ուտողները հարմար կգտնեն: Հերիք է մենք մեզ իշի տեղ դնենք ու սպասենք, որ գարունը գա, յոնջեն էլ բալքի դուրս գա: Սա է ճիշտ, արժանավոր ու օգտակար դիրքորոշումը, քանի որ միեւնույն է, պիտի անեն այն, ինչ անողները գիտեն: Իսկ մեզ էլ պիտի երկու կողմից մեղավոր հանեն, թե բա դուք մեզ հետ չեղաք, այ դրա համար էլ տուժում եք: Մինչդեռ մենք պետք է հստակ մի բան հայտարարենք՝ որ մենք ընդամենը մարդու նման ապրել ենք ուզում մեր չոր հողակտորի վրա: Ով մեզ կօգնի այս պահին, նա էլ մեր բարեկամը կլինի ...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter