
Քրեական պատասխանատվություն` ազգային անվտանգությանն առնչվող կեղծ տեղեկատվության համար. Գ. Պետրոսյանի նախագիծը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ներկայացրած Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը: Պատգամավորն առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելու համար:
Ըստ նախագծի`պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկություններ հրապարակայնորեն հայտնելը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով կամ ազատազրկմամբ մինչև մեկ տարի ժամկետով: Գևորգ Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ քաղաքացու սահմանադրական իրավունքն է իշխանությունից ճիշտ տեղեկատվություն ստանալը:
«Շատ պետական ծառայողներ` որպես մամուլի խոսնակ, որպես օգնական կամ որպես անօգնական, սկսում են խոսել, հետո ոչ մեկ պատասխան չի տալիս իր ասածի համար: Եթե 43 օր շարունակ անընդմեջ ՊՆ լիազորված անձը, որն ըստ շրջանառվող լուրերի` արդեն հանգիստը վայելում է Հայաստանից դուրս, ասում է՝ հաղթելու ենք, ապատեղեկատվություն է մատուցում ամենաբարձր մակարդակով, ու 44-րդ օրը պարզվում է` ոչ միայն չենք հաղթել, այլ պարտվում ենք ամենախայտառակ ձևով… Էս նախագծի նպատակը չունի որևէ անձի դեմ ուղղվածություն, իմաստն ահբ է, որ պետական ծառայողը զսպվածություն, պատասխանատվություն ունենա»,- ասաց Պետրոսյանը:
Ըստ նրա` ազգաբնակչության առնվազն 99%-ին հետաքրքրող տեղեկատվությունը սխալ փոխանցելը պետք է քրեական օրենսգրքով պատժելի արարք լինի:
Պատգամավորի խոսքով` մինչ այժմ կառավարությունը չի հայտնում, թե քանի անհետ կորած և ռազմագերի ունենք` ասելով, թե այն պետական գաղտնիք է:
«Այս նախագիծն անձնական ուղղվածություն չունի, ոչ մեկի համար չէ, հանուն Հայաստանի Հանրապետության է: Այս օրենքը ընդունվելու դեպքում պետական ծառայողները, որոնց գործառույթների մեջ է մտնում հանրությանը ճիշտ տեղեկատվություն մատուցելը, զսպված կլինեն ինֆորմացիան բարեխիղճ ներկայացնելու հարցում»,- ասաց նա:
Նախագծի հարակից զեկուցող Սերգեյ Ատոմյանն ընդգծեց` ՊՆ լիազոր ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը Հայաստանում է, խնդիր չունի որևէ բանից խուսափելու:
Արդարադատության փոխնախարար Արմեն Հովհաննիսյանն ասաց, որ հանրային հետաքրքրություն ունեցող հարց կամ հանրային հետաքրքրություն ներկայացնող հարց եզրույթները խիստ անորոշ են, բավական լայն հարցերի շրջանակ են ընդգրկում: Փոխնախարարը կոչ արեց ձեռնպահ մնալ նման փոփություններից: Նախագիծը դրվեց քվեարկության` ստանալով բացասական եզրակացություն:
Մեկնաբանել