Տարոն Մարգարյանը հանդիպել է Լատվիայի դեսպանի հետ
Երևանի և Ռիգայի միջև փոխգործակցության, քաղաքային տնտեսության կառավարման ոլորտում փորձի փոխանակման և ներդրումային ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսի հանդիպման ժամանակ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ Երևանի և Ռիգայի միջև հարաբերությունների զարգացման մեծ ներուժ կա և համոզմունք է հայտնել, որ երկու մայրաքաղաքների միջև գործընկերային հարաբերությունները այսուհետզարգացման նոր որակ ու ընթացք կստանան:
«Մենք հույս ունենք, որ ինչպես Դուք, այնպես էլ Լատվիայում Հայաստանի հանրապետության դեսպանը մեծապես կաջակցեք Երևանի և Ռիգայի միջև փոխշահավետ համագործակցություն հաստատմանը` մասնավորապես քաղաքային տնտեսության կառավարման, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման և այլ ուղղություններով: Մենք պատրաստ ենք ներդրումային ծրագրեր ներկայացնել և այդ առումով շնորհակալ կլինենք Ձեր աջակցության համար»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Դեսպանը նախ նշել է, որ Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովը գոհունակությամբ է ընդունել Երևան այցելելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավերը։ Գինտս Ապալս իր հերթին նշել է, որ 2 քաղաքների միջև հարաբերությունները ընդլայնվելու մեծ հեռանկար ունեն և պատրաստակամություն է հայտնելով հնարավորինս աջակցել երկուստեք կապերի ընդլայնմանն ու զարգացմանը:
«Վստահ եմ, որ բազմակողմ համագործակցության առաջարկն ու ներդրումային ծրագրերը կհետաքրքրեն մեր գործարարներին և համատեղ աշխատանքից Ռիգան ու Երևանը միայն կշահեն»,- նշել է դեսպան Ապալսը:
Տարոն Մարգարյանը նշել է, որ Ռիգայի քաղաքապետի Երևան կատարելիք այցելությունից հետո, երբ կստորագրվի երկու քաղաքների միջև փոխգործակցության համաձայնագիրը, Երևանի և Ռիգայի միջև արդեն կոնկրետ ծրագրեր կիրականացվեն։ Քաղաքապետը դեսպանին հրավիրել է նաև մասնակցելու ապրիլի 14-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակի շրջանակում իրականացվելիք ծառատունկին: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել