
Պուտինն ու Մակրոնը պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում` Արցախում իրավիճակի կայուն կարգավորման հասնելու համար
«Հետքը» զրուցել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպան Ջոնաթան Լաքոտի հետ։
Պրն Դեսպան, ապրիլի 26-ին տեղի է ունեցել Մակրոն-Պուտին հեռախոսազրույց, ըստ պաշտոնական Կրեմլի՝ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը։ Կոնկրետ ի՞նչ հարցերի շուրջ է եղել զրույցը։ Վերջին օրերին Արցախում ադրբեջանական ուժերը դիրքեր են տեղաշարժում, կրակում են Ստեփանակերտի եւ հարակից գյուղերի բնակելի տների վրա։ Արդյո՞ք քննարկվել են այս միջադեպերը, եւ ինչպե՞ս կարող է Ֆրանսիան ազդել՝ կանխելու նման զարգացումները, որոնք ահ ու սարսափի մեջ են պահում բնակչությանը։
Հանրապետության նախագահը երկուշաբթի ապրիլի 26-ին հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կովկասում տիրող իրավիճակի վերաբերյալ նախագահ Մակրոնն ընդգծել է գերիների, մարդասիրական աջակցության և ժառանգության պահպանման հարցերում կոնկրետ առաջընթաց գրանցելու անհրաժեշտությունը: Երկու նախագահները պայմանավորվել են վերսկսել ջանքերը Մինսկի խմբի շրջանակներում՝ իրավիճակի կայուն կարգավորմանը հասնելու համար: Մոտ ապագայում այս ուղղությամբ կոնկրետ նախաձեռնություններ կձեռնարկվեն:
Պատերազմի ժամանակ Մինսկի խումբը շատ պասիվ էր։ Ինչո՞վ եք բացատրում այդ պասիվությունը։ Չեք կարծու՞մ, որ եթե Մինսկի խումբն ավելի ակտիվ դերակատարություն ունենար, պատերազմի ելքն այլ կարող էր լինել։
Պետք է հիշել, որ Մինսկի խումբն ամենից առաջ միջնորդության հարթակ է, որը ծառայում է կողմերին: Հակամարտության ընթացքում Մինսկի խմբի երեք համանախագահող երկրները (Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն, Միացյալ Նահանգներ) շարունակաբար մոբիլիզացված են եղել: Նրանք աշխատել են երեք հաջորդական հրադադար կնքելու ուղղությամբ, որոնց պահպանումը հնարավորություն կտար կրճատել ռազմական գործողությունները և փրկել մարդկային կյանքեր:
Հնարավո՞ր է Ղարաբաղյան հարցի լուծումը վերադառնա Մինսկի խումբ։
ԵԱՀԿ Մինսկի խումբը Ղարաբաղի կարգավիճակի որոշման համար կողմերի կողմից հաստատված միակ ֆորմատն է:
Պատերազմից անցել է վեց ամիս, սակայն Մինսկի խմբի համանախագահները չեն այցելել Արցախ, մինչդեռ նախկինում հաճախ էին այցելում։ Ինչո՞վ եք դա բացատրում։
Համանախագահների մուտքը Լեռնային Ղարաբաղ կախված է կողմերի համաձայնությունից: Ցավոք, նման պայմանավորվածության բացակայության պայմաններում նրանք չկարողացան մեկնել այնտեղ:
Մեկնաբանել