
Մանկական երկաթուղու թունելում բռնկված հրդեհը մարվել է
Ապրիլի 30-ին, ժամը 07:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող թունելից (Մանկական երկաթուղու թունել) ծուխ է նկատվում: Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Դեպքի վայր են մեկնել Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ Արամի փողոցի թիվ 80 հասցեի մոտակայքում գտնվող հորանում այրվում են Փոքր Կենտրոն թաղամասը սնուցող հոսանքալարերը։
ԱԻՆ-ի հաղորդմամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնելիս ծխահարվել են երկու հրշեջ-փրկարար, ովքեր հոսպիտալացվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 17:05-ին, մարվել՝ 18։48-ին։ Հորանում (մոտ 200 մետր երկարությամբ հատվածում) այրվել են 6000 Վոլտ հզորության մալուխներ։
Մեկնաբանել