HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Քաղաքատեղի Արտաշատ» պատմամշակութային հուշարձանի տարածքում մշակութային համալիր կառուցելու հերթական նախագիծն է շրջանառվում

Շուրջ 3000 հեկտար տարածք զբաղեցնող «Քաղաքատեղի Արտաշատ» պատմամշակութային հուշարձանի (մ.թ.ա. II – մ. թ. V դդ.) մի հատվածը, որին հնագետները Արտաշատի Ստորին քաղաք են անվանում, գտնվում է Արարատի մարզի Լուսառատ և Փոքր Վեդի համայնքների վարչական տարածքում: ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատողները հայ-գերմանական համատեղ ծրագրի շրջանակում 2018թ.-ից այդ տարածքում հնագիտական և գեոֆիզիկական ուսումնասիրություն են իրականացնում:

Հնագիտական արշավախմբից բացի, 2018թ.-ից պատմամշակութային հուշարձանի Լուսառատի տարածքի նկատմամբ հետաքրքրություններ ունեն գործարարները: Արտաշատի պեղումներն իրականացնող արշավախմբի ղեկավար Մկրտիչ Զարդարյանը հայտնեց, որ անցած տարի աշնանը, դաշտային աշխատանքներ իրականացնելու ժամանակ, իրեն մոտեցել է մոսկվաբնակ գործարար Գրիգորի Մարտիրոսյանը և հայտնել, որ այդ տարածքում մշակութային համալիր կառուցելու նպատակ ունի: 

Պրն Զարդարյանը հայտնեց, որ արդեն իսկ վերգետնյա հետախուզում են կատարել Գրիգորի Մարտիրոսյանի հողատարածքում և բացահայտել ուրարտական, անտիկ և միջնադարյան խեցեղենի մեծ խմբաքանակ։ Բացի այդ, գեոֆիզիկական ուսումնասիրություն են իրականացրել նաև նրա հողամասի շուրջը, որը հուշարձանի տարածք է և ընդգրկված է պահպանության գոտում: Այստեղ ևս բազմաթիվ շինությունների հետքեր են գրանցվել։ «Ես նրան ասացի, որ անթույլատրելի է այդտեղ որևէ բան կառուցելը, իսկ եթե ուզում է կառուցապատում իրականացնել հենց այդ մասում՝ տարածքը պետք է ազատվի խաղողի սյուներից և մետաղական լարերից, որպեսզի գեոֆիզիկական ուսումնասիրություն իրականացվի»,- պատմեց հնագետը: 

Պրն Զարդարյանը գործարարին հիշեցրել է օրենքի պահանջը, որ հուշարձանի տարածքում ցանկացած միջամտություն կատարելուց առաջ պետք է տվյալ տեղանքի հնագիտական ուսումնասիրություն անցկացնել։ Հնագետի ասելով՝ նրանք պատրաստակամություն հայտնեցին, բայց երբ պահը եկավ տարածքը չմաքրեցին՝ ասելով, թե ի՞նչ փողային խոսակցություն է տարվում։

«Գեոֆիզիկներն օտարերկրացիներ են, և նրանց վճարել ենք մեր պատվիրած տարածքն ուսումնասիրելու համար։ Մենք նրանց հավելյալ աշխատանք ենք տալիս, նրանք էլ պատրաստ են իրենց ժամանակի հաշվին դա կատարելու, բայց հողատերը պետք է վճարի նրանց, ոչ թե ինստիտուտը կամ միջազգային ծրագիրը»,- նշեց պրն Զարդարյանը։ Վերջինս հիշեցրեց, ըստ օրենքի՝ ծրագրվող շինտարածքի հնագիտական և այլ ուսումնասիրությունների արժեքն ի սկզբանե նախատեսվում է ցանկացած շինարարության նախահաշվում։ Ընդ որում՝ ծրագրվող շինարարության իրականացումը կախված է լինում այդ ուսումնասիրության արդյունքներից։ Հիշենք թեկուզ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի օրինակը, երբ որոշ պատմամշակութային հուշարձանների պահպանության նկատառումներից ելնելով՝ փոփոխվում էր մայրուղու անցկացման գիծը։ 

Պատգամավորները փորձել են համոզել հնագետին և վերանայել օրենքները՝ հանուն գործարարի 

Մոսկվաբնակ Գրիգորի Մարտիրոսյանի հիմնած «ԱՅԷԹՆՈՍ» ՍՊԸ-ն Լուսառատ համայնքում խաղողի այգիներ ունի, որտեղ էլ ցանկանում է զբոսաշրջությանը ծառայող համալիր կառուցել: Գ. Մարտիրոսյանն ընկերությունը հիմնել է 2018թ. դեկտեմբերի 25-ին և ինքն է 100% բաժնեմասի սեփականատերը: Հարկային դաշտում ընկերության գործառույթը խաղող աճեցնելն է: 

Մկրտիչ Զարդարյանն ասում է, որ ընկերությունը դեռևս աշխատանքներ չի կատարում այդ տարածքում, բայց կառավարության ներկայացուցիչներ, պատգամավորներ են գալիս այնտեղ, խոսում են իրենց հետ ու հեռանում։ Անցյալ տարվա սկզբին նույն առաջարկով իրեն է դիմել Երևան քաղաքի արդեն նախկին գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը: «Երբ նրան ցույց տվեցի մեր հետազոտության արդյունքները, նա միանգամից ընկալեց և ասաց՝ ամեն ինչ հասկանալի է, չենք անի։ Բայց պարզվեց, որ Ա. Մեսչյանը չի անում, անում է մեկ ուրիշը։ Ինչ-որ պատգամավորներ եկան-գնացին, փորձեցին համոզել, հարցրեցի՝ բա՞ պետական օրենքները, ասացին՝ օրենքները կարելի է վերանայել»,- պատմեց պրն Զարդարյանը։ 

Լուսառատի համայնքապետ Դանիել Հակոբյանը «Հետք»-ին տեղեկացրեց, որ «ԱՅԷԹՆՈՍ» ՍՊԸ-ն համայնքի վարչական տարածքում որևէ ծրագիր չի իրականացնում, կառուցապատման աշխատանքներ չեն կատարվում: Համայնքապետը հայտնել է, որ «ԱՅԷԹՆՈՍ» ՍՊԸ-ն Լուսառատ համայնքում միայն բարեգործական ծրագիր է իրականացնում: 2020թ. հուլիսի 31-ին համայնքի ղեկավարը ավագանուն զեկուցել է, որ «ԱՅԷԹՆՈՍ» ՍՊԸ-ն համայնքում բարեգործություն իրականացնելու ցանկություն ունի և նրան առաջարկել են համայնքի զբոսայգին բարեկարգել: Լուսառատ համայնքի ավագանին տվել է իր համաձայնությունը: 

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը մեր հարցմանը պատասխանել է. «Նախարարությունը «Մայրաքաղաք Արտաշատ» հուշարձանի տարածքում կառուցապատում իրականացանելու համաձայնություն որևէ անհատի կամ ընկերության չի տամադրել»:      

Գործարարը դեռևս կառուցապատում չի իրականացնում, բայց նրա պատվիրած համալիրի լուսանկարները շրջանառվում են համացանցում և Լուսառատ համայնքում ծանոթ են այդ ծրագրին: Ընթերցողներին հիշեցնենք, որ Լուսառատում հուշարձանի տարածքում կառուցապատում իրականացնելու մեկ այլ դեպք արձանագրվեց մեկ տարի առաջ, որը կանխվեց «Հետք»-ի հրապարակման արդյունքում:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հին Հայաստանի հնագիտության բաժնի վարիչ Մկրտիչ Զարդարյանը հայտնեց, որ գեոֆիզիկական ուսումնասիրությունն արդեն հաստատված տվյալներ է ներկայացրել անտիկ շրջանում Արտաշատի Ստորին քաղաքի համատարած կառուցապատման մասին: «Քաղաքատեղի Արտաշատ» պատմամշակութային հուշարձանի միայն քաղաքային գոտին շուրջ 700 հա է զբաղեցնում: Արտաշատի Ստորին քաղաքը գտնվում է դաշտավայրում և հասնում է մինչ Արաքս գետը։ Անգամ Լուսառատ գյուղը Արտաշատի Ստորին քաղաքի վրա է կառուցված։ Հիշենք, որ միայն Արտաշատի Վերին քաղաքի՝ Խոր Վիրապի բլուրների տարածքը 100 հեկտարի է հասնում։

«Ես հասկանում եմ, որ 3000 հա հողատարածքը գյուղատնտեսության շրջանառությունից հանելը ռեալ չէ, և դրա կարիքն էլ չկա։ Ամբողջ աշխարհի փորձը ցույց է տալիս, որ դժվար չէ այդ ամբողջը կազմակերպել այնպես, որ և՛ հնագիտական հուշարձանը պահպանվի, և՛ գյուղատնտեսությունը չտուժի,- ասում է Արտաշատ հին քաղաքի պեղումներն իրականացնող հնագետը և ավելացնում,- մինչդեռ այդ գործարարն այստեղ ցանկանում է մշակույթը ոչնչացնել, իր խոսքերով՝ մշակութային կենտրոն կառուցելու համար: Եվ որոշ պաշտոնյաներ պատրաստակամ են աջակցելու նրան»։ 

Պրն Զարդարյանը հայտնեց, որ անցյալ տարի գործարարին այլ տեղ է առաջարկել կառուցապատման համար, որտեղ գուցե, մասամբ քաղաքի դամբարանադաշտը տուժի, բայց հին քաղաքը չի տուժի։ Հնագետի ասելով՝ դամբարանադաշտի հարցը համեմատաբար հեշտ է լուծվում՝ նախապես տարածքը պեղվում է, դամբարաններն ուսումնասիրվում են, եթե անհրաժեշտ է՝ տեղափոխվում են։ Սակայն, գործարարը չի համաձայնել այդ առաջարկին: 

«Քաղաքատեղի Արտաշատ» պատմամշակութային հուշարձանը հետևողականորեն ավերվում է

Հին Արտաշատ պատմամշակութային հուշարձանի տարածքում պեղումներ են ընթանում դեռևս 1970թ.-ից, սակայն անցնող 50 տարիների ընթացքում այդպես էլ հուշարձանը հանրաճանաչ դարձնելու ուղղությամբ ոչինչ չի արվել: Հայկական անտիկ մշակույթի խոշոր կենտրոններից մեկը համարվող Արտաշատ մայրաքաղաքի մասին ժամանակագիրները գրել են՝ «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։ Սակայն, Մեծ Հայքի մայրաքաղաքի մասին մեր իմացությունը զուտ տեսական է, գիտենք այն, ինչ մասնագետները ներկայացնում են գիտական հրապարակումներով: 

«Աշխարհի հնագետները հետաքրքրվում են՝ ի՞նչ կա Արտաշատում, որովհետև քաղաքը շատ մեծ համբավ ունի, իսկ ես չեմ կարող ասել, որ իմ կառավարությունը ոչնչացնում է հուշարձանը»,- հայտնեց հնագետը։  Վերջինս շեշտում է, որ մշակույթի նախարարության և այլ կառույցների փաստացի թողտվությամբ մենք ամեն օր «Քաղաքամայր Արտաշատ» հուշարձանից ինչ-որ մաս կորցնում ենք: Խոր Վիրապի տարածքում բլուրները շրջապատող գերեզմանոցը գնալով աճում է՝ զավթելով հուշարձանի տարածքը, հուշարձանը քանդվում է անխնամ մնալու հետևանքով, գանձագողերն են շարունակաբար ավերում և այլ պատճառներով: 

Արտաշատի պեղումները ղեկավարող Մկրտիչ Զարդարյանը թվարկում է Հին Արտաշատի պեղված տարածքներից հայտնաբերված հնագիտական եզակի արժեքների մասին, որոնց մի մասը տեղ են գտել Հայաստանի պատմության թանգարանում, ինչպես՝ Հռոմի կայսր Տրոյանոսի 9 մետրանոց արձանագրությունը։ Հայ հնագիտության պատմության մեջ առաջին անգամ, ներառյալ պատմական Հայաստանի տարածքը, այստեղ գտնվեցին ուրարտական խեցեղենի թրծման վառարաններ: 1986 թ.-ին այդպիսի 5 վառարան հայտնաբերվեց, որոնց տրամագիծը հասնում էր 5 մ-ի, և դրանք ոչնչացվել են վերջին տարիներին գերեզմանոցի ընդլայնման արդյունքում։ Դրանց լուսանկարներն են հնագետների մոտ պահվում։ 

Պեղումների ժամանակ հայտնաբերվել են հելլենիստական ժամանակաշրջանի ճարտարապետական հուշարձանների բազմաթիվ մնացորդներ, ինչպես նաև մշակույթի և արվեստի եզակի նմուշներ։ Բացվել են բնակելի շինությունների և արհեստանոցների համալիրներ, հեթանոսական տաճար, մոնումենտալ կառույցների մանրամասեր, ուշ անտիկ շրջանի բաղնիքներ՝ պատված խճանկարով, որմնանկարներով և այլն: 

«Սրանք բոլորը գտնվում են Արաքսի ափին, սահմանային գոտում, որտեղ մարդկանց մուտքն արգելված է, մենք բացելուց հետո կրկին փակել ենք, որպեսզի չոչնչանա, որովհետև պահպանության համար ոչինչ չի արվում»,- շեշտեց պրն Զարդարյանը։

Հնագետը լուսանկարներով ցույց է տալիս մայրաքաղաքային անտիկ մշակույթը՝  կրկնակի հատակով ներքևից տաքացվող տները, դեպի տաճարային հարթակ տանող աստիճաները, պալատական համալիրը, որը գտնվում է 1 մ խորության վրա, հսկայական սյունազարդ դահլիճը, բլուրների վրա գտնվող ուրարատական պարիսպները, որոնք 1984թ.-ին են բացվել, հիմա լրիվ ավերված են։ Մինչև 4 մ բարձրության պատեր, 10 կմ երկարությամբ միայն բլուրները շրջապատող պարիսպներն են՝ օժտված 10-15 մ տրամագիծ ունեցող կլոր աշտարակներով։ 

Հուշարձանի բացված հատվածները՝ Լուսառատի և Խոր վիրապի տարածքում շարունակաբար ավերվում են՝ անխնամ թողնելու հետևանքով և գանձագողերի ձեռքով: 2021թ.-ին «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը Լուսառատ համայնքում, «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի  տարածքում արձանագրել է, որ առատ տեղումների հետևանքով, տեղ-տեղ փլուզվել է ուրարտական աղյուսե պարսպապատը:

ՊՈԱԿ-ի  Արարատի մարզային ծառայության հուշարձանի պահապանը Լուսառատ համայնքի «Քաղաքատեղի Արտաշատ» հուշարձանի տարածք կատարած հերթական շրջայցի ընթացքում հնավայրի բլուրներից մեկի վրա հայտնաբերել է 30-40 սմ խորությամբ փորված երկու փոս:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա. Խզմալյանը մեր հարցին՝ նախարարությունը պատմական Արտաշատ քաղաքը վերականգնելու և այն զբոսաշրջային վայր դարձնելու ծրագիր ունի՞, հայտնում է. «Առաջին հերթին նախատեսվում է ստեղծել  «Մայրաքաղաք Արտաշատ» պատմամշակութային արգելոց, որի ստեղծման աշխատանքներն ընդհատվել են Արցախի դեմ 2020թ. սեպտեմբերի 27-ին ադրբեջանա-թուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով: Արգելոցի ստեղծումից հետո նախատեսվում են զբոսաշրջային ենթակառուցվածքների ստեղծում, հանրահռչակման աշխատանքներ և այլն: Անշուշտ, վերականգնման և հիշյալ աշխատանքները պահանջում են լրացուցիչ ֆինանսական միջոցներ, որոնք ՀՀ պետական բյուջեի կրճատման հետևանքով առկա չեն»:

Հնագետ Մկրտիչ Զարդարյանն ասում է, որ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարման շրջանում Արտաշատի վերականգնման ծրագիր արդեն իսկ մշակվում էր, բայց այն մինչ օրս կյանքի չի կոչվել։ Անգամ արգելոցի սահմանները հնագիտության ինստիտուտի հետ չեն քննարկել:

«Քաղաքատեղի Արտաշատ» պատմամշակութային հուշարձանի լուսանկարները տրամադրել է Մկրտիչ Զարդարյանը

Գլխավոր լուսանկարում՝ բաղնիքի խճանկարը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter