HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ավագ լեյտենանտ Մուշեղ Մարտիրոսյան. 17 օր կռիվ է տվել ողջերի աշխարհ վերադառնալու համար ու հաջողել է

17 օր մահվան եւ կյանքի սահմանագծում դեգերելուց հետո արթնացումը նման էր երկնային հրաշքի: 2020թ․ հոկտեմբերի 14-ին գումրեցի 23-ամյա Մուշեղ Մարտիրոսյանը ծնվեց երկրորդ անգամ: Այս պատմությունը չէր լինի, եթե չլիներ 44-օրյա արցախյան պատերազմը: Ոչ, Մուշեղը չհասցրեց կռվել, անգամ մեկ արկ կրակել: Տեխնիկան, որտեղ գտնվում էր 5 հոգանոց անձնակազմը, հարձակման առաջին իսկ րոպեներին հայտնվեց թշնամու թիրախում: Ու այդ պահից սկսած ամեն ինչ թաղվեց խավարի մեջ:

Մուշեղին խնդրում եմ պատմել սեպտեմբերի 27-ին նախորդած իրադարձությունները, սակայն հիշողությունները սահմանափակվում են սեպտեմբերի 26-ի վաղ առավոտով, երբ տնից հասել է զորամաս: «Ես հիշում եմ, որ առավոտ 7-ին ախպերս տարել է ինձ զորամաս, ես ներս եմ մտել ու էլ բան չեմ հիշում: Ոչ էդ օրվա իրադարձություններն եմ հիշում, ոչ հաջորդ օրը, ու էդպես, մինչեւ հիվանդանոցում աչքերս բացելը»,-ասում է զրուցակիցս: 

Մուշեղի սերը զինվորական գործի նկատմամբ մանկուց էր: Սիրում էր լսել պապի հոր՝ ֆիդայի Մուրադի մասին պատմություններն, ու նրան նմանվելու ցանկությունն էլ հենց տղային տարավ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարան: Ավարտելուց հետո, վիճակահանությամբ, որպես ծառայության վայր ընտրեց Շուշին: «Ես պրակտիկաս Շուշի էի անցկացրել ու, ճիշտն ասած, դուրս եկել էր հա'մ զորամասը, հա'մ քաղաքը: Ես ուզում էի նամակ գրել, որ ինձ միանգամից ուղարկեն ծառայության այնտեղ, բայց մաման չէր ուզե: Ասի՝ լավ, չեմ գրի, ինչ որ եղավ ու շատ ուրախացա, որ վիճակ քաշելուց ինձ հենց Շուշին ընկավ,-պատմում է Մուշեղը,-արդեն որպես սպա, Արցախում ծառայության եմ անցել 2019թ․: Մեր տեղակայման վայրը Շուշիից Մարտակերտ տանող ճանապարհին էր»:

Մեր զրույցին մասնակցում են Մուշեղի եղբայրն ու ծնողները: Մայրը՝ Մարինեն, պատմում է, որ օգոստոսից ընտանիքով տեղափոխվել էին Շուշի՝ մի որոշ ժամանակ զինվորական որդու կողքին լինելու համար: Սեպտեմբերի 25-ին նշել են ամուսնու՝ Հրայրի ծննդյան տոնը, հաջորդ օրը վաղ առավոտյան Շիրակը՝ փոքր տղան, մեքենայով Մուշեղին տարել է զորամաս: 

«Սեպտեմբերի 26-ի երեկոյան, Մուշեղիս հետ նույն տանը վարձով մնացող ընկերը՝ Սայաթն ըսեց, թե Մարինե տոտա, շորերս միջանցքում կդնես, կարող է համար մեկ տագնապ տան, ես գիշերը գնամ: Շատ անհագիստ եմ քնել, ժամը 6-ը չկար, ելա, գնացի ջուր խմեցի, նայեցի՝ Սայաթի շորերը տեղն էին, ասի՝ լավ է, փառք Աստծու, ուրեմն բան չի եղել, որ չի գնացել: Հետո մի ժամի չափ անցել էր, ուժեղ գմփոցի ձեն եկավ, ելա արագ հագնվա, տղամարդիկ քնած էին: Երբ որ երկրորդ գմփոցն եկավ, սկսեցի գոռալ, որ պատերազմ է սկսվել: Հետո Սայաթը դուրս նայեց ու ասեց՝ շուտ, շուտ արեք, դուրս եկեք տնից, անօդաչու սարքեր են»,-հիշում է Մարինեն:

Մուշեղի վարձած բնակարանը 5-րդ հարկում էր: Արկերի պայթյունից առաջացած ցնցումները հիշեցրել են երկրաշարժը: Սայաթի ասածներից շատ բան չեն հասկացել, բայց անմիջապես իջել են շենքի բակ: Վաղ լուսաբացին արդեն՝ համակված պատերազմի տագնապով, այնտեղ էին հավաքվել բոլոր բնակիչները: 

«Մենք շփոթված կանգնել էինք շենքի մոտ ու կնայեինք, թե ինչ կկատարվի երկնքում: Շենքի բնակիչներից տեսան, որ օտար ենք, մեզ առաջարկեցին իջնել ապաստարան: Հենց էդ պահին հայտնեցին, որ պատերազմ է սկսվել: Արցախցի տղամարդիկ մեկ մարդու նման հավաքվեցին շենքի մոտ ու իրանց տարան: Մենք անընդհատ կփորձեինք զանգել Մուշոյիս, բայց անհասանելի էր: Մտածեցինք՝ երեւի խառն են, հետո ինքը ժամանակ կգտնի, կզանգե: Եղավ ժամը 17-18-ը, երեխուց տեղեկություն չկա: Մեկ էլ ախպերս զանգեց Գյումրիից, թե՝ Հրայր, մի հատ հասեք Ստեփանակերտի հիվանդանոցները, երեխուց տեղեկություն իմացեք, վիրավոր է,-պատմում է Մարինեն,-զարմացել էինք, թե մենք ստեղ հեչ բան չգիտենք, ինքը Գյումրիում որտեղի՞ց է իմացել: Ու էդ ժամանակ անընդհատ կկրակեին, ճամփեն վտանգավոր էր, բայց գնացինք»:

Ոչ մի հիվանդանոցում Մուշեղի անունը ցուցակներում չեն գտել: Հաջորդ օրը զանգահարել են Երեւանից, տեղեկացրել, որ Էրեբունու հիվանդանոցում է, անգիտակից վիճակում: «Մուշեղին սկզբում չենք ճանաչել: Արդեն վիրահատել էին, ութ ժամ էր տեւել վիրահատությունը, լրիվ ուռած էր՝ գլուխ, վիզ, ուս, սաղ մե գծով կիջներ: Ականջի վրա նշան ունի, էդ նշանից ենք ճանաչել»,-կնոջ պատմությունը լրացնում է ամուսինը՝ Հրայրը: Մուշեղին Երեւան են տեղափոխել անգիտակից վիճակում: Հիվանդանոցում նրան ճանաչել է ազգականը, որ այդ ժամանակ ուսանողական պրակտիկայի էր: Մարինեն ասում է, որ Մուշեղի փորին անունն ու ազգանունը գրել էին, որ ճանաչելի լինի, մինչեւ ծնողները հասնեն, քանի որ տղան վիրահատությունից հետո չէր արթնացել, ընկել էր կոմայի մեջ:

«Ամենադաժանն երեւի էն էր, որ մեզ ոչ մի օր, ոչ մի վայրկյան հույս չեն տվել, թե Մուշեղը կարթնանա: Ինքը համ բազմաբեկորային վիրավորում ուներ, համ մարմնի այրվածք, գլխի կոտրվածք, սալջարդ, արյան զեղում: Բժշկին որ կհարցնեինք, թե լա՜վ, հե՞չ հույս չկա, կըսեր՝ չէ՛, չեք հասկընա՞: Բայց մենք հույսով կապրեինք, ամեն առավոտ մինչեւ քնելներս էդ վերակենդանացման դռան դեմն էինք ու ըդպես 17 օր: Ու շատ կաղոթեինք, հույսներս մենակ Աստված էր»,-Մարինեի ձայնը հուզմունքից դողում է:

Պատմում է, որ տղայի առողջության համար աղոթել են բոլորը, ովքեր իմացել են: Հավատացյալ մի կին ասել է, թե պետք է անպայման գնան Օհանավանք (Հովհաննավանք), քանի որ աղոթքի մեջ, երբ Մուշեղի անունը տալիս են, տվյալ եկեղեցին է երեւում: Մարինեն ու Հրայրը գնացել են Կարբի գյուղ, մոմ վառել, աղոթել Օհանավանքում եւ վերադարձել Երեւան: Մայրն անմիջապես գնացել է տղայի մոտ, ասում է, որ ամեն օր թույլատրում էին 15 րոպեով մտնել, տեսնել: «Ես ամեն անգամ ներսն էղնելուց կխոսայի հետը, էս անգամ էլ մտա, ինքը մե տեսակմ անհանգիստ էր, իրա ոտքն ու ձեռքը կապած էր, ըսի՝ ձագ ջան, գիտե՞ս, եկեղեցի էինք գնացել, քո համար աղոթել ենք, ամեն ինչ լավ բդի էղնի: Հետո հարցրեցի՝ պապային կանչե՞մ, չարձագանքեց, ասի՝ լավ, Շիրոյին ասեմ ներս գա, մեկ էլ տեսնեմ՝ էն վառված աչքից արտասուքը գնաց: Գնացի դուրս, ասի՝ Շիրո, գնա ներս, ախպերդ քեզի գուզե»:

Մի պահ սենյակում լռություն է տիրում: Մարինեն արտասվում է, ես եւս չեմ կարողանում զսպել արցունքներս: Րոպեներ անց լսում եմ պատմության շարունակությունը: «Հաջորդ օրն արդեն գնացինք, իմացանք, որ Մուշեղն աչքերը բացել է: Քույրերը պատմեցին, որ առաջին հարցն եղել է, թե ես ինչ գործ ունիմ ստեղ, ես բդի Ղարաբաղ էղնեի: Հետո, որ մենք ներս մտանք, հարցրին՝ ո՞վ է, ասեց մամաս է, անունս տվեց, էլի հարցեր տվեցին, ուզում էին հասկանային հիշողության կորուստ կա, թե՞ չէ»:  Զրույցին կրկին միանում է Մուշեղը: 

«Ես, ճիշտն ասած, ուզում էի վեր կենայի շորերս հագնեի, գնայի Ղարաբաղ, որովհետեւ կտեսնեի, որ ձեռքերս տեղն են, ոտքերս տեղն են, մտքովս չէր անցել, թե գլխի լուրջ վիրավորում ունեմ: Բժիշկն եկավ, հարցրեց՝ տղա ջան, էս ի՞նչ ես անում, ասի՝ կերթամ Ղարաբաղ, ասեց՝ հա, լավ ես անում, բայց պառկի մի քիչ հանգստացի, հետո կերթաս,-Մուշեղը ժպտում է,-հետո ինձ թվում էր, թե մենակ ես եմ հիվանդանոցում: Կզարմանայի, որ տղաներից ում անունը կուդայի, կպարզվեր իրանք էլ են վիրավոր, իրանք էլ են պառկած հիվանդանոցում: Ամենածանրը տարել եմ սպա Ռաֆիկ Օրդոյանի մահվան լուրը, էն որ 22 ԱԹՍ էր խոցել ու որի համար իրեն կոչել են «Երկնքի տիրակալ»: Ռաֆիկը նոյեմբերի 9-ին է մահացել, վերջերս իրա մասին մի նյութ կարդացի... »: Մուշեղը չի կարողանում ավարտել նախադասությունը, 23-ամյա տղայի ուսերը ցնցվում են, դեմքը ծածկում է, որ չտեսնենք արցունքները: 

Մինչ եղբայրը կվերադառնար խոհանոցից, զրուցում եմ 21-ամյա Շիրակի հետ: Երկու ամսից ավարտում է բուհական կրթությունը եւ պիտի զորակոչվի, դեռ չի կողմնորոշվում՝ վերապատրաստվի ու որպես սպա մեկնի բանակ, թե՞ գնա եւ երկու տարի ծառայի նորակոչիկների հետ: «Մտածում եմ՝ գուցե դժվար լինի 18 տարեկանների հետ բանակ գնալ, դրա համար դեռ տատանվում եմ, թե որ տարբերակն ընտրեմ»,-պարզաբանում է զրուցակիցս: Հարցնում եմ՝ ինչպե՞ս է վերաբերվում Մուշեղին, տղայական-եղբայրական կռիվներ լինու՞մ են, թե՞ խնայում է: «Մենք նույն մարդն ենք, բայց, իհարկե, նաեւ կռվում ենք: Մեր սերը կռվով է միշտ արտահայտվել, հիմա էլ շատ բան չի փոխվել, բայց որոշ զիջումներ անում եմ»,-Շիրակը ծիծաղում է:

Մուշեղի զինվորական կարիերիան ավարտված է: Ունի հաշմանդամության 2-րդ կարգ: Ցավում է, որ այլեւս չի կարող վերադառնալ սիրած գործին: Ներկայում փորձում է այլ ոլորտում մասնագիտանալ, մասնակցում է Գյումրու Տեխնոլոգիական կենտրոնի 6-ամսյա անվճար վեբ ծրագրավորման դասընթացներին: «Ես իմ առաջ միշտ դժվար խնդիրներ եմ դրել ու հաղթահարել եմ, կարծում եմ՝ սա էլ կհաղթահարեմ: Հիմա զուգահեռ սկսել եմ անգլերեն պարապել, քանի որ խորհուրդ են տվել հիշողության պահպանման համար օտար լեզու սովորել»,-ասում է Մուշեղը:

Մեկնաբանություններ (1)

Andranik Hakobyan
Մուշեղի ու իր նման հերոսների փառապանծ պատմությունները հարատևելու են քեզ նման հրաշալի լրագրողների գրչով:Խորին շնորհակալություն Երանուհի ջան:Միշտ անհամբերությամբ սպասում եմ քո նոր նյութերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter