
Պատերազմի ժամանակ քաղաքացիներին և իրավաբանական անձանց պատկանող 507 ավտոմեքենա է վնասվել կամ ոչնչացվել
Պաշտպանության նախարորությունն ամփոփել է Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմի ժամանակ քաղաքացիներին և իրավաբանական անձանց պատկանող վնասված կամ ոչնչացված ավտոմեքենաների թվի վերաբերյալ տեղեկություններ: Ըստ այդմ՝ վնասվել կամ ոչնչացվել է 507 ավտոմեքենա:
Մարտ-ապրիլ ամիսներին՝ պատերազմի ավարտից 4-5 ամիս անց, մարզպետարանները դեռ չունեին տվյալներ, թե մարզում հաշվառված քանի ավտոմեքենա է պատերազմական գոտում վնասվել կամ դարձել ոչ պիտանի:
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքով հնարավորություն է տրվում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով օգտագործել նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ:
Նման անհրաժեշտություն առաջանալու դեպքում մի շարք բնագավառների, այդ թվում՝ տարածքային կառավարման պետականլիազոր մարմինների ղեկավարներն առաջարկում են գույքի սեփականատիրոջը կամ օրինական տիրապետողին՝ գույքն օգտագործման նպատակով տրամադրել համապատասխան մարմնին:
«Քանի որ մարզպետարանի կողմից գույք վերցնելու անհրաժեշտություն վերջին պատերազմի ընթացքում չի առաջացել, ուստի պահանջվող տեղեկատվությունը ևս առկա չէ»,-գրավոր հայտնել է Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը:
Շիրակի մարզպետարանը հարցումը հասցեագրել էր զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության մարզի տարածքային ստորաբաժանմանը: Վերջինիս ղեկավարի գրության համաձայն՝ ավտոմեքենաների թվային, քանակային և տեսակային տվյալները պարունակում են պետական և ծառայողական գաղտնիք, ուստի տվյալներ չեն կարող տրամադրել:
Գեղարքունիքի մարզպետարանից էլ տրամադրել են ոչ ամբողջական տեղեկություններ, քանի որ ամբողջական հաշվառում չէր իրականացվել: Տրամադրել էին միայն մարզի տարածքում վնասված ավտոմեքենաների վերաբերյալ տեղեկություններ: Մասնավորապես, նշել էին, որ մարզում ոչնչացվել է 3 և վնասվել 6 մեքենամեխանիզմներ:
Տավուշի մարզպետարանն ընդհանուրապես չէր տիրապետում հարցվող տեղեկատվությանը: Նունը նաև Կոտայքի մարզպետարանը:
Արարատի մարզպետարանից էլ հայտնել էին, որ «ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատկանող գույքի օգտագործման դեպքերի, գույքի վերադարձման անհնարինության, ինչպես նաև գույքին պատճառված վնասի գնահատման վերաբերյալ տեղեկատվությունը և հիմնավորումները մարզպետարանում առկա չեն»:
Սյունիքում գնահատման փուլում են գտնվում իրավաբանական անձանց և քաղաքացիների շարժական գույքին պատճառված վնասը:
Մյուս մարզպետարանները ևս նմանատիպ տեղեկատվություն էին փոխանցել:
Կան համայնքներ, որտեղից բեռնատար ավտոմեքենաներ են տարել ռազմական գործողությունների տարածք և այդ ավտոմեքենաները վնասվել են, դարձել ոչ պիտանի« Քաղաքացիները հատուցում չեն ստացել վնասված գույքի դիմաց:
Այս թեմային «Հետքն» առաջիկայում մանրամասն կանդրադառնա:
Մեկնաբանել