
Ոստիկանապետի կադրային նշանակումը առաջացնում է մարդու իրավունքների խախտման վտանգներ
2012 թ. ապրիլի 12-ին ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանի հրամանով ոստիկանության Չարենցավանի բաժնի պետ է նշանակվել Սամվել Տոնոյանը:
Հիշեցնենք, որ 2010 թ. ապրիլի 13-ին ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկված 6 քաղաքացիներից (Վահան Խալաֆյան, Դավիթ Գյուլումյան, Նորայր Չիլյան, Արայիկ Առաքելյան, Արթուր Իսպիրյան, Շիրազ Մարկոսյան) Վահան Խալաֆյանը նույն օրը մահացել է ոստիկանության բաժնում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից Վ. Խալաֆյանի մահվան հանգամանքների ուսումնասիրությունների արդյունքում, այնուհետև հարուցված քրեական գործի շրջանակներում հաստատվել է ոստիկանության բաժնում բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ բռնությունների փաստերը: Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի մի խումբ աշխատակիցների նկատմամբ, որոնցից բաժանմունքի պետ Ա. Հարությունյանը մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց 8 տարի ազատազրկման: Օպերլիազորներ Գարիկ Դավթյանի, Գագիկ Ղազարյանի և Մորես Հայրապետյանի նկատմամբ կիրառվեց համաներում և նրանք ազատվեցին պատժի կրումից:
Վահան Խալաֆյանի մահվան վերաբերյալ թե նախաքննության և թե դատաքննության փուլում ԶԼՄ-ներում հրապարակվեցին բազմաթիվ տեղեկություններ, մեկնաբանություններ այն ժամանակ ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի օպերգծով տեղակալ Սամվել Տոնոյանի հնարավոր դերակատարման մասին:
Չնայած նախաքննության և դատաքննության ընթացքում Ս. Տոնոյանը ներգրավվեց միայն որպես վկա, սակայն նրա տված ցուցմունքները և պարզաբանումները որևէ վստահություն չներշնչեցին Վահան Խալաֆյանի մահվան գործում առնչություն չունենալու վերաբերյալ:
ՀՀ ոստիկանապետի կողմից Սամվել Տոնոյանի նշանակումը ոստիկանության Չարենցավանի բաժնի պետի պաշտոնում առաջացնում է առնվազն տարակուսանք: Ոստիկանապետը բաժնի պետի պաշտոնում նշանակում է մի անձի, որի ենթակայությամբ աշխատած ոստիկանները մեղադրվել են քաղաքացիների նկատմամբ բռնություններ և խոշտանգումներ կիրառելու հիմքով, որոնցից մեկը մահացել է:
Գտնում ենք, որ նման կադրային նշանակումը առաջացնում է ոստիկանության Չարենցավանի բաժնի կողմից մարդու իրավունքների խախտման վտանգներ, որի ողջ պատասխանատվությունը կրում է ոչ միայն անձամբ Ս. Տոնոյանը, այլև ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Մեկնաբանել