
Հնդկաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի շուրջ 402 հազար նոր դեպք
Հնդկաստանում վերջին մեկ օրվա ընթացքում (ապրիլի 30-ին) հայտնաբերվել է կորոնավիրուսի շուրջ 402 հազար նոր դեպք, ինչն աշխարհում կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր, օրական կտրվածքով, ամենաբարձր ցուցանիշն է։ Այդ մասին գրում է Новая Газета-ն՝ հղում անելով Հնդկաստանի առողջապահության նախարարությունը։
Ապրիլի 30-ին Հնդկաստանում կորոնավիրուսից մահացել է 3523 մարդ։ Ընդհանուր առմամբ, այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվն գերազանցել է 19,1 միլիոնը։ Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակից ի վեր մահացել է ավելի քան 211 հազար պացիենտ։
Ինչպես հայտնում է The Hindustan Times-ը, հղում անելով ոստիկանությանը, մայիսի 1-ի վաղ առավոտյան Հնդկաստանի արևմուտքում գտնվող Բհարուչ քաղաքի հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի պատճառով զոհվել է 18 մարդ, որոնք բուժում էին ստանում կորոնավիրուսային բաժանմունքում։ Հրդեհը հաջողվել է մարել մեկ ժամվա ընթացքում, տեղացիները և հրշեջները կարողացել են փրկել մոտ 50 մարդու։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Հնդկաստանում գրանցվում են կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշներ։ Ավելի վաղ, The New York Times-ը գրել էր, որ երկրի դիակիզարանները գերծանրաբեռնված են և աշխատում են շուրջօրյա ռեժիմով։ Որոշ քաղաքներում մահացածների դիակներն այրում են դիակիզման հրապարակներում՝ բաց երկնքի տակ։ Հնդկաստանի հիվանդանոցները բախվել են նաև թթվածնի սուր պակասի խնդրին։
In India, people are dying while waiting to see doctors as the second wave of the coronavirus rapidly evolves into a devastating crisis, with mounting evidence that the actual death toll is far higher than officially reported. https://t.co/aWkyHU3qyF
— The New York Times (@nytimes) April 24, 2021
ԱՄՆ-ն խոստացել է ավելի քան 100 միլիոն դոլարի հումանիտար օգնություն տրամադրել Հնդկաստանին՝ COVID-19-ի դեմ պայքարի համար։ Մասնավորապես, նախատեսվում է հատկացնել AstraZeneca պատվաստանյութի 20 միլիոն դեղաչափ, թթվածինը գեներացնող սարքավորումներ և հակավիրուսային ռեմդեսևիր դեղամիջոց։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ևս հայտարարել է Հնդկաստանին արտակարգ հումանիտար օգնություն տրամադրելու մասին։
Լուսանկարը՝ REUTERS/Amit Dave
Մեկնաբանել