
Բորիս Նավասարդյան. «Իշխանությունների նպատակը լրատվամիջոցների ոլորտում նույն հնարավորություններ ունենալն է, ինչ ունեին նախկինները»
Մայիսի 3-ը մամուլի ազատության միջազգային օրն է: Այս առիթով «Մեդիա կենտրոնն» առցանց քննարկում էր կազմակերպել՝ պարզելու, թե որքան ազատ է մամուլը: 2021 թվականին Հայաստանը մամուլի ազատության համատեքստում 180 երկրից զբաղեցրել է 63-րդ տեղը, 2020-ին և 2019-ին՝ 61-րդ:
Ըստ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի՝ հետընթացը պայմանավորված է մի քանի հանգամանքով:
«Համավարակի և 44-օրյա պատերազմի հետ կապված ռազմական իրավիճակում այնպիսի կարգավորումներ վերցրին, որոնք, իմ գնահատմամբ, չաշխատեցին և չնպաստեցին, որպեսզի տեղեկությունը՝ որպես հանրային բարիք, լիարժեք իր նշանակությունն ու դերակատարությունն ունենա»,- քննարկման ժամանակ հայտնեց մամուլի ակումբի նախագահը:
Նավասարդյանը նշեց՝ հաջորդ խնդիրն այն է, որ մինչ այսօր չկա հստակ քաղաքականություն լրատվամիջոցների ոլորտում, դա բերում է նրան, որ բավականին շատ են պատահական նախաձեռնությունները լրատվամիջոցների գործունեությունն օրենսդրորեն կարգավորելու առումով.
«Այն դեպքերում, երբ այդ նախաձեռնությունները, օրինագծերը բավարար պրոֆեսիոնալ մշակված չեն, չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, անմիջապես անդրադառնում է նաև Հայաստանի վարկանիշի վրա մամուլի և խոսքի ազատության առումով»:
Վերջինս մտահոգություն հայտնեց, որ որոշ օրենսդրական նախաձեռնություններ, որոնք դեռ մշակվում են կամ նոր են մտնում շրջանառության մեջ, ներուժ են պարունակում արձանագրելու, որ 2021-ը խոսքի ազատության տեսակետից նահանջային էր Հայաստանում:
«Կարծում եմ, որ լրատվամիջոցների շուկայում դասավորվածությունն այնպիսին չէ, ինչպիսին իշխանությունները կուզենային տեսնել: Չունենալով բարենպաստ միջավայր տեղեկատվական ոլորտում՝ իշխանությունները փորձում են օրենսդրության միջոցով այն շրջել իրենց օգտին: Հիմնական նպատակը լրատվամիջոցների ոլորտում նույն հնարավորություններ ունենալն է, ինչ ունեին նախկին իշխանություններրը: Մինչ այսօր տարբեր կարգավորումներով շուկայի վրա ազդեցությունը հիմնականում քաղաքական բալանսը փոխելուն է միտված, այլ ոչ թե լրատվամիջոցների համար հարմար տնտեսական միջավայր ստեղծելուն»,- ասաց Նավասարդյանը:
Ըստ նրա՝ մեկ այլ խնդիր է մեդիագրագիտության զարգացումը, այն, ինչ արվում է, դեռ բավարար չէ:
«Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ի տնօրենն էլ հայտնեց, որ իրենց կազմակերպության կարգախոսը վերջին 10 տարվա ընթացքում հետևյալն է՝ ինֆորմացիան ուժ է հանրային բարիքի համար:
«Ինֆորմացիան ի վերջո պետք է ծառայի նրան, որպեսզի, իմ կարծիքով, հանրությունը լինի ավելի լավը, հասարակության մեջ լինեն այնպիսի հարաբերություններ, որոնք կօգնեն այդ երկրին և հասարակությանը զարգացում ապրել: Այդ իմաստով, կարծում եմ, ոչ միայն նահանջ ենք ապրում, այլ չենք պատկերացնում, թե ինչպես պետք է գնանք առաջ և զարգանանք»,- ասաց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ղեկավար Նունե Սարգսյանը:
Սարգսյանի խոսքով՝ մեդիան մի կողմից քաղաքական դաշտի մաս է, մյուս կողմից՝ քաղաքացիական հասարակության:
«Դժվար է պատկերացնել, որ լրատվամիջոցները կարող են ամբողջովին ծառայել միայն հանրային բարիքին, այն դեպքում, երբ ընդհանուր քաղաքական բավական բարդ, բախումնային դաշտի մաս են կազմում: Հասարակությունը պետք է գիտակցի՝ ինչքան կարևոր է ունենալ որակյալ, պատասխանատու լրատվություն: Հասարակության դերն այստեղ պետք է մեծ լինի այդ պահանջը ձևավորելու համար: Այս պահանջի ձևավորման ճանապարհներից մեկը նաև օրենսդրական դաշտն է»,- նշեց նա:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյան էլ ասաց, որ ապատեղեկատվությունը լայն տարածում է ստացել:
«Տեսնում ենք՝ ինչպիսի լայն տարածում է ստացել ապատեղեկատվությունը, մանիպուլյացիաները, վիրավորանքն ու զրպարտանքը, և իհարկե, դա տեսնում ենք նաև մեր տեղեկատվական դաշտում: Կարծում եմ՝ դա ԶԼՄ-ների գործունեության մեջ ամենամեծ խնդիրն է: Կարծում եմ հենց պանդեմիայով լրատվամիջոցները շատ մեծ նահանջ ապրեցին: Լրատվամիջոցներն էլ ավելի են ընկնում տարբեր քաղաքական ուժերի ֆինանսավորումից կախման մեջ: Սա, իհարկե, նկատվում է ինչպես աշխարհով մեկ, այնպես էլ Հայատանում»,- ընդգծեց Մելիքյանը:
Ինչքան լրատվամիջոցները կախվածության մեջ են մնում քաղաքական ուժերից, բիզնես շրջանակներից, այնքան նվազում է նրանց ազատությունը;
Ըստ նրա՝ վարկանիշային ցուցակում նահանջը լրատվամիջոցների և լրագրողների համար պետք է ազդակ հանդիսանա, որովհետև հետհեղափոխական շրջանում սա առաջին տարին է, երբ Հայաստանն իր դիրքերը զիջում է:
Խոսելով օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ Մելիքյանն ասաց, որ վերջին տարվա ընթացում բազմաթիվ ռեգրեսիվ օրենսդրական նախաձեռնություններ են առաջ եկել, որոնք մեծ ջանքեր են պահանջում լրագրողական կազմակերպություններից, որպեսզի հակազդեն այդ ռեգրեսիվ միտումներին:
«Խոսքս և՛ ԶԼՄ օրենքում առաջարկվող փոփոխության, և՛ Քաղաքացիական օրենսգրքում վիրավորանքի և զրպարտության համար հոդվածի մասին է»,- հստակեցրեց նա:
Վերջինս նաև հայտնեց, որ լրատվամիջոցների դեմ դատական գործերի ամենամեծ ալիքը 2019 թվականին էր, դրանց թիվը հասել էր 100-ի:
«Սա իսկապես մտահոգիչ է, որովհետև նախորդ 3 տարվա ընթացքում այդքան հայցեր չէին եղել, և դրանց ճնշող մեծամասնությունը վիրավորանքի և զրպարտության հիմքով էին»,- ասաց Կոմիտեի նախագահը:
Նրա խոսքով՝ անցած տարվա առաջին եռամսյակում արձանագրվել է 12 դատական հայց, որոնցից 10-ը վիրավորանքի և զրպարտության հիմքով, 2-ը՝ այլ: Մամուլի ազատության համատեքստում միջազգային կազմակերպությունները սովորաբար հաշվի են առնում նաև այս գործընթացները:
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի
Մեկնաբանել