HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Նիկոլ Փաշինյան. «Էդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել, իմ որդին եղել է առաջնագծում»

Ռուսական 102-րդ ռազմաբազան երկու նոր հենակետ ունի Սյունիքի մարզում, ինչը գաղտնիք չէ:

Այս մասին խորհրդարանում վարչապետի ընտրության իր եզրափակիչ ելույթում ասաց վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

«Եւ դա լրացուցիչ մի երաշխիք է Սյունիքի և ընդհանրապես Հայաստանի անվտանգությունն ապահովելու համար: Սա կարևոր արձանագրում է, նախկինում էլ անդրադառնալով ասել եմ՝ խնդիրն այն է, որ անվտանգային այն համակագը, որ մենք ունենք, դա տարածվել է սահմանների վրա, իսկ որոնք են այդ սահմանները: Դրանց նկարագրությունը տվել է խորհրդարանը 2010 թվականին ընդունված օրենքով, իսկ այս դահլիճում կան մարդիկ, ովքեր թմբակահարում են, թե ինչու է սահմանն էստեղ, ու ինչու է Շուռնուխին հաջորդում Ադրբեջանը, բայց էդ մարդիկ քափ-քրտինքի մեջ ջանքեր են գործադրում, որ սահմանը էդտեղ ֆիքսված մարդկանց համամասնական ցուցակներում տեղ զբաղեցնեն»,- ասաց Փաշինյանը:

Ըստ Փաշինյանի` կա մոլորություն, որը բարձրաձայնում են նույնիսկ փորձառու մարդիկ, ասվում է, որ ԼՂ բանակցային գործընթացում ով կառուցողական մոտեցում է ցուցաբերել, ճնշումների չի ենթարկվում, իսկ ով ապակառուցողական` ճնշումների է ենթարկվում:

«2011-ին Կազանում Ադրբեջանը համաձայնեցված փաստաթուղթը հրաժարվեց ստորագրել, իսկ ինչ եղավ դրանից հետո, Ադրբեջանը 2014-ին խոցեց հայկական ուղղաթիռ, 2015-ին աննախադեպ ծավալի հասցրեց սահմանային էսկալացիան, իսկ 2016-ին սկսվեց պատերազմ: Դրա արդյունքում ինչ եղավ, սկսեցին ճնշել, հակառակը տեղի ունեցավ: Իսկ այս պատերազմը օդից է ընկել միանգամից, բա ապրիլին ինչ է եղել, բա դրան նախորդած շրջանում: Բա որ տարիներով բարձրայնում էինք, որ Լեռնային Ղարաբաղը բանակցություններից դուրս թողնելը բերելու է անշրջելի հետևանքների»,- ասաց Փաշինյանը:

Փաշինյանը վրդովվեց, որ որոշ հանրային գործիչներ քաղաքական դիվիդենտներ ստանալու նպատակով իր հասցեին բազմաթիվ մեղադրանքներ են հնչեցնում:

«Էդ պատերազմն իմ ընտանիքի կողքով չի անցել, իմ որդին եղել է առաջնագծում, էն տեղում, որտեղ ամենաշատ զոհերն ենք ունեցել: Իմ որդու հետ կողք կողքի զոհ է եղել, որևէ մեկը չէր կարող որոշել, որ զոհվողը պետք է լինի հենց ինքը և ոչ թե իմ որդին: Էդ մարդու անուն, ազգանունը կա, դա ստուգվող փաստ է… Մենք հուսահատ կռիվ ենք տվել, ինչպիսին տվել ենք Ավարայրի դաշտում, Սարդարապատում, մենք համարել ենք, որ որպես ազգ, որպես պետություն պետք է պայքարենք մեր իրավունքների համար»,- ասաց նա:

Փաշինյանը վստահեցրեց` որևէ մեկը չի կարող ասել, որ իր որդու անվտանգության համար մի միլիմետր ավելին է արել, քան մյուս` տասնյակ հազարավոր տղաների համար:

«Նույն խրամաբջջի մեջ գտնվող տղան` որդուս ընկերը, ականանետի պայթյունից զոհվել է, իմ որդին` չէ, ով է որոշել դա»,- ասաց նա:

Փաշինյանը նաև ընդգծեց` իրեն քննադատողները որտեղ էին, երբ 30 տարի շարունակ առաջնագիծը թալանում էին դղյակներ կառուցելու նպատակով:

«Մեզ թվում էր` մի կայացած ինստիտուտ կա, պարզվեց դա էլ չկա»,- եզրափակեց նա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter