HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազությունը գործ է հարուցել նախագահի քաղաքացիության վերաբերյալ փաստաթղթերի իսկությունը քննելու համար

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու վերաբերյալ 53 փաստաբանի դիմումի հիման վրա։ 

Հիշեցնենք, որ փաստաբանները հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել՝ կապված ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի երկքաղաքացիության փաստը թաքցնելու հետ: Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործ հարուցելը, որի դեմ փաստաբանները բողոք էին ներկայացրել:

«Պետք է տեղեկացնեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքի հիման վրա վերացրել է ՀՔԾ որոշումը և քրեական գործ է հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի (փաստաթղթեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) հատկանիշներով:

Դատախազության որոշման մեջ նշվել է՝ « Վերոգրյալ մեկնաբանությունների լույսի ներքո հարկ է նշել նաև, որ իրավաչափ են բողոքաբերների այն ենթադրությունները, որ Արմեն Սարգսյանը Միացյալ Թագավորության քաղաքացիությունը դադարեցրել է ոչ թե 2011 թվականին, այլ դրանից հետո և հակառակի վերաբերյալ սույն նյութերով օբյեկտիվ այլ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում առկա են ողջամիտ կասկածներ տրամադրված տեղեկատվության (դիմումի)՝ իրականությանը չհամապատասխանելու վերաբերյալ, այսինքն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործ հարուցելու բավարար հիմքեր»,- ասված է Զոհրաբյանի գրառման մեջ:

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը «Հետքին» պարզաբանեց, որ վերադաս դատախազը սովորական ընթացակարգով ստուգել է ՀՔԾ որոշման օրինականությունը՝ ներկայացված բողոքում նշված փաստարկների համատեքստում և հանգել հետևության, որ նախապատրաստված նյութերում առկա որոշ հակասական տվյալներ կան, փարատված չէ կասկածը՝ ՀՀ Քր. օրենսգրքի 325-րդ հոդվածի հատկանիշների առկայության հետ կապված, և անհրաժեշտ է դրանք պարզել քրեական գործի շրջանակներում՝ լրիվ, օբյեկտիվ ու բազմակողմանի քննութամբ:

«Հետքը» դեռեւս 2018-ին, երբ քննարկվում էր Արմեն Սարգսյանի՝ նախագահի պաշտոնում թեկնածության հարցը, գրել էր, որ բրիտանական ընկերության փաստաթղթերի համաձայն՝ Արմեն Սարգսյանը Բրիտանիայի քաղաքացի է եւ չի կարող դառնալ Հայաստանի նախագահ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter