HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Պաշտոնյաները շարունակում են հայցադիմումներ ներկայացնել լրատվամիջոցների դեմ

2020թ. Հայաստանում լրատվամիջոցների դեմ 38 հայցադիմում է ներկայացվել (վարույթ ընդունված), որոնցով պահանջում են հերքել վիրավորանք և զրպարտություն համարվող տեղեկությունները, ինչպես նաև փոխհատուցել պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը: Այդ հայցադիմումներից 15-ը ներկայացրել են պաշտոնյաները:

Լրատվամիջոցների դեմ նախորդ տարի հայցադիմումներ ներկայացրած բարձրաստիճան պաշտոնյաների թվում են ԱԱԾ նախկին տնօրեններ Արթուր Վանեցյանը, Արգիշտի Քյարամյանը (ներկայումս՝ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ), ԱԺ պատգամավորներ Սոֆյա Հովսեփյանը, Հայկ Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

2021թ. 4 ամիսների տվյալներով՝ արդեն իսկ դատարան է ներկայացվել 19 հայցադիմում: Լրատվամիջոցների դեմ միայն 6 հայցադիմում այս տարի ներկայացրել է ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:

Պաշտոնյաները սովորաբար լրատվամիջոցներից դատական կարգով պահանջում են օրենքով նախատեսված առավելագույն չափով փոխհատուցում՝ վիրավորանքի համար 1 մլն դրամ, զրպարտության համար՝ 2 մլն: Օրինակ՝ Կառավարության աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը զրպարտության համար «168 ժամ» թերթից որպես փոխհատուցում հենց առավելագույն չափն է պահանջում՝ 2 մլն դրամ:

Դատական պրակտիկան Հայաստանում զարգացել է այն ուղղությամբ, որ առավելագույն չափով փոխհատուցման գումարները չեն բավարարվում, սակայն պաշտոնյաները շարւնակում են պահանջել օրենքով նախատեսված առավելագույն գումարը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բազմիցս արձանագրել է, որ քննադատության ընդունելի շրջանակները քաղաքական գործիչների նկատմամբ ավելի լայն են, քան մասնավոր անձանց նկատմամբ: Ի տարբերություն վերջինների, քաղաքական գործիչներն անխուսափելիորեն և գիտակցաբար բաց են իրենց յուրաքանչյուր խոսքի և արարքի մանրակրկիտ քննարկման համար ինչպես լրագրողների, այնպես էլ լայն հանրության կողմից, հետևաբար պետք է դրսևորեն հանդուրժողականության առավել բարձր աստիճան:

Որպես ընդհանուր սկզբունք՝ ցանկացած սահմանափակման «անհրաժեշտություն» արտահայտվելու ազատության նկատմամբ պետք է հիմնավոր ձևով հաստատվի:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի հետազոտության համաձայն՝ 2019-2020 թվականներին, 2013-2014թթ. համեմատ, վիրավորանքի և զրպարտության հիմքով գործերի թիվը գրեթե 3 անգամ ավելացել է։

«Դա պայմանավորված է համացանցի և սոցիալական մեդիայի սրընթաց զարգացմամբ, ինչը սկզբունքորեն փոխեց և ընդլայնեց տեղեկությունների տարածման ձևերը և հնարավորությունները։ Տեխնոլոգիական այս զարգացումները համընկան Հայաստանում հասարակական-քաղաքական բուռն իրադարձությունների հետ, որոնք զուգորդվում էին պայքարի մեջ մտած ուժերի և նրանց համակիրների կողմից լայնորեն կիրառվող ատելության խոսքով, մանիպուլյացիաներով, վիրավորանքով ու զրպարտությամբ։ Այս ամենը տեղափոխվեց նաև ավանդական լրատվամիջոցներ, ինչն էլ հանգեցրեց դատական գործերի հոսքի աննախադեպ ավելացման»,-եզրահանգել է Կոմիտեն։

2020թ. Ամենից շատ դատական հայցեր ներկայացվել են 1in.am («Սկիզբ Մեդիա ՍՊԸ»), «168 ժամ» («168 ժամ» ՍՊԸ), «Հայկական ժամ» (Աննա Գևորգյան ԱՁ) լրատվամիջոցների դեմ՝ յուրաքանչյուրի դեպքում 4-ական հայցադիմում: 3 հայցադիմում ներկայացվել է shamshyan.com («Շամշյան Մեդիա» ՍՊԸ) էլեկտրոնային թերթի դեմ և այլն:

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հիմնադրած 1in.am լրատվական կայքի խմբագիր Աստղիկ Սափեյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հայցադիմումների գերակշիռ մասը վերաբերում է «Ժամանակ» թերթի հրապարակումներին (նույն սեփականատերն է-հեղ.): Խմբագրի խոսքերով՝ նախորդ տարիներին թերթի դեմ ներկայացված հայցադիմումներն ավելի շատ են եղել:

Ըստ Սափեյանի՝ հայցադիմումներ ներկայացնում են հիմնականում քաղաքական գործիչները:

«Դատական հայցերի դեպքում, իհարկե, ճնշում է գործադրվում լրատվամիջոցների նկատմամբ և' ֆինանսական և' խոսքի ազատության սահմանափակման տեսանկյունից: Եթե հաշվի առնենք նաև, թե մենք ինչպիսի դատական համակարգ ունենք, ինչ որոշումներ են կայացնում, ավելի շատ տուժում է լրատվամիջոցը»,-հավելեց Աստղիկ Սափեյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter