HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Բռնություն, ահաբեկում եւ հետապնդում. ԵԽ-ն ահազանգում է Եվրոպայում մամուլի ազատության վատթարացման մասին

Այսօր՝ մայիսի 3-ին, նշվում է մամուլի ազատության համաշխարհային օրը: Այդ առիթով իր այս տարվա ուղերձում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է արտահայտել, որ կորոնավիրուսի գլոբալ համավարակն ու դրա լուրջ ազդեցությունը լրատվամիջոցների եկամուտների վրա կարող են հանգեցնել «լրատվամիջոցների ոչնչացմանը»: Նա միջազգային հանրությանը խնդրել է շտապ քայլեր ձեռնարկել, քանի որ չի կարելի թույլ տալ, որ դա տեղի ունենա։

Նմանապես, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարն ընդունել է «Եվրոպայում լրատվամիջոցների ազատության վատթարացման» փաստը եւ կոչ արել եվրոպական կառավարություններին ավելի ամուր քաղաքական կամք ցուցաբերել մամուլի ազատությունը պաշտպանելու համար:

ԵԽ այս ուղերձն առանձնահատուկ կարեւորություն ունի նախորդ ամիս Աթենքում հույն հետաքննող լրագրող Գիորգոս Կարայվազի (Giorgos Karaivaz) սպանության համատեքստում։

Ապրիլի 28-ին ԵԽ Լրագրության պաշտպանության եւ լրագրողների անվտանգության պլատֆորմը հրապարակեց 2021 թվականի տարեկան զեկույցը, որը պատրաստել են միջազգային առաջատար 14 լրագրողական կազմակերպություններ, այդ թվում՝ Լրագրողների եվրոպական ընկերակցությունը (որին անդամակցում է «Հետքը»), Լրագրողների միջազգային ֆեդերացիան, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը եւ այլ գործընկերներ։

«Փնտրվում է. Իրական գործողություններ Եվրոպայում մամուլի ազատության համար» խորագրով զեկույցը ներկայացնում է իրողությունների ցնցող պատկերը։ Այն հիմնված է Եվրոպայում մամուլի դեմ 201 անհատական հարձակումների վերլուծության վրա` սկսած բռնության գործողություններից մինչև դատական հետապնդումներ և արշավներ:

Զեկույցի հիմնական եզրահանգումներն են՝

  • 2020-ին ԵԽ անդամ պետություններում լրագրողների նկատմամբ սպառնալիքների և բռնության գործողությունների կտրուկ աճ է գրանցվել՝ 52 ահազանգ ֆիզիկական բռնությունների մասին և 70 ահազանգ՝ «հետապնդման և ահաբեկման» մասին:
  • Պետությունները փորձեր են արել՝ քրեականացնելու և խափանելու լրագրողների աշխատանքը, ինչպես նաեւ ձախողել են լրագրողների օրինական իրավունքների պաշտպանությունն ու արդարադատության մատչելիության ապահովումը։
  • Տարածվող վտանգավոր միտում է այն, որ քաղաքական եւ բիզնես շրջնակները նախկին ԽՍՀՄ պետություններից մինչեւ Հունգարիա, Լեհաստան եւ ԵՄ անդամ այլ պետություններ «գրավում» են մեդիան։

2015 թվականից գործող ԵԽ Լրագրության պաշտպանության եւ լրագրողների անվտանգության պլատֆորմի գործընկեր կազմակերպություններն առաջին անգամ հատուկ պահանջներ (որոնք կոչել են առաջարկներ) են ներկայացրել անդամ պետությունների կառավարություններին՝ դադարեցնել թշնամանքի նման գործողությունները և լրագրողների՝ տեղեկացնելու իրավունքի խոչընդոտումը:

Այս առաջարկ-պահանջներն ուղարկվել են Եվրոպայի խորհրդի 47 կառավարություններին։ «Սա արտացոլում է Եվրոպայում կատարված արտառոց առաջընթացը՝ կառավարություններին պատասխանատվության ենթարկել լրատվամիջոցների ազատությունը պաշտպանելու իրենց իրավական պարտավորությունների լուրջ խախտումների համար»,- ասված է ԵԽ պլատֆորմի տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

ԵԽ անդամ երկրներում բազմաթիվ լրագրողներ, ըստ միջազգային լրագրողական կառույցների, անարդարացիորեն բանտարկված են։ Խոսքը Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Բելառուսի եւ Մեծ Բրիտանիայի (Ջուլիան Ասանժ) մասին է։ ԵԽ-ն կոչ է արել այս երկրների ազգային կառավարություններին երաշխավորել մարդու իրավունքների պաշտպանությունը եւ հարգել ՄԻ Եվրոպական կոնվենցիան։ Ստրասբուրգի դատարանի նախադեպերին հղում տալով՝ ԵԽ պլատֆորմի անդամ 14 կազմակերպությունները հիշեցրել են, որ արտահայտվելու եւ մամուլի ազատությունը պետք է ավելի լայն պաշտպանության արժանանան, քանի որ մեդիան «հսկող շան» դեր ունի։

Մամուլի ազատության օրվա կապակցությամբ հայտարարություն է արել նաեւ հետաքննող լրագրողների ցանց հանդիսացող Կազմակերպված հանցավորության եւ կոռուպցիայի լուսաբանման նախագիծը (OCCRP), որի հիմնադիր անդամ է «Հետքը»։ Այս գլոբալ ցանցում և դրանից դուրս գտնվող լրագրողներին սպառնում են, ահաբեկում, արատավոր արշավներ կազմակերպում և գրաքննություն իրականացնում: Covid-19- ը սրեց այս միտումները, քանի որ կառավարություններն ավելի մեծ վերահսկողություն սահմանեցին հանրային տեղեկատվության վրա: Անկախ լրագրությունն այժմ «ամբողջությամբ կամ մասամբ արգելված է» ավելի քան 130 երկրներում՝ համաձայն «Լրագրողներ առանց սահմանների» 2021 մամուլի մամուլի ազատության համաշխարհային ինդեքսի:

«Այս զարգացումները պարզ են դարձնում մեկ բան. լրագրությունը կոռումպացված կառավարություններին վախի առիթ է տվել: Այս դաժան գործողությունների հիմնական պատճառն այն է, որ հետաքննական լրագրությունը ճիշտ է վարվել՝ բացահայտելով ավտոկրատների հանցավոր և կոռուպցիոն գործողությունները»,- ասել է OCCRP- ի ղեկավար Դրյու Սալիվանը: Նա հավելել է, որ ներկայում հետաքննական լրագրության «ոսկե դարաշրջանն» է՝ ֆենոմենալ գործիքներով և միջսահմանային համագործակցությամբ, որոնք ճշմարտացի տեղեկատվություն են հաղորդում հասարակությանը և նրանց հնարավորություն են տալիս որոշումներ կայացնել փաստերի հիման վրա»:

Լուսանկարը՝ ԵԽ կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter