
Էմանուել Մակրոնը կոչ է արել պաշտպանել լրագրողներին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը միջազգային հանրությանը կոչ է արել պաշտպանել լրագրողներին։ Այդ մասին նա գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
Les journalistes nous informent.
— Emmanuel Macron (@EmmanuelMacron) May 3, 2021
Continuons à nous battre pour qu'ils restent libres partout dans le monde. Continuons à nous battre pour les protéger. Continuons à nous battre contre la désinformation qui menace nos démocraties. Pour la paix, la justice, les droits humains. https://t.co/I9NhhFB1YZ
«Լրագրողները մեզ տեղեկացնում են։ Շարունակենք պայքարել, որպեսզի նրանք ազատ մնան ողջ աշխարհում, շարունակենք պայքարել նրանց պաշտպանելու համար»,- գրել է Ֆրանսիայի առաջնորդը։ Մակրոնը կոչ է արել պայքարել ապատեղեկատվության դեմ, որը սպառնում է ժողովրդավարությանը»։ Նա ընդգծել է Ֆրանսիայի հանձնառությունը խաղաղության, արդարության և մարդու իրավունքների ոլորտներում։
Ինչպես հայտնել է Ելիսեյան պալատը, Մակրոնն այդպիսի հայտարարությամբ հանդես է եկել Վինդհուկում ընթացող Ազատ մամուլի համաշխարհային կոնֆերանսի ժամանակ։ Այն նախաձեռնել է ՅՈւՆԵՍԿՕ-ն՝ Նամիբիայի կառավարության հետ համատեղ։
Ավելի վաղ, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն հայտարարել էր, որ կորոնավիրուսի համավարակը խիստ բացասական ազդեցություն է ունեցել համաշխարհային լրատվամիջոցների 90%-ի վրա։ Նա նաև նշել է, որ մեդիայի թվայնացումը կտրուկ փոփոխություններ է առաջացրել անկախ լրատվամիջոցների տնտեսական կայունության մեջ, բացասական ազդեցություն ունեցել դրանց բազմազանության վրա, քանի որ վերջիններս կախվածության մեջ են ընկել առցանց հարթակներից և գովազդատուներից։ Ըստ Օդրե Ազուլեի՝ այս ամենը հարված է հասցրել մարդու՝ որակյալ տեղեկատվություն ստանալու իրավունքի վրա։
Լուսանկարը՝ Reuters գործակալության
Մեկնաբանել