HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վլադիմիր Կարապետյանը դիտորդներին պատմել է անհավասար պայմանների մասին

Ապրիլի 13-ին Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ, թիվ 2 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով Հայ ազգային կոնգրեսի կողմից պատգամավորի թեկնածու առաջադրված Վլադիմիր Կարապետյանը հանդիպեց ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության երկարաժամկետ դիտորդներ Օսիլ Ֆալքի եւ Սկանդեր Բեն Մամիի հետ, ովքեր պատասխանատու են Երեւանի հյուսիս-արեւելյան հատվածում ընտրությունների անցկացման դիտարկման համար:

Վլադիմիր Կարապետյանը ներկայացրեց թիվ 2 ընտրատարածքում ընտրարշավի ընթացքի հետ կապված իր նկատառումներն ու մտահոգությունները: Նա հերքեց ՀՀԿ-ից առաջադրված մրցակից թեկնածուի հավաստիացումներն այն մասին, թե իրավահավասար պայմաններ են ստեղծվել երկու թեկնածուների քարոզարշավի համար: Վ. Կարապետյանը մատնանշեց, որ խախտվում է իրավահավասարության սկզբունքը մի շարք ուղղություններով: Մասնավորապես, մասնավոր ընկերությունը, պատճառաբանելով, թե անհրաժեշտ է քաղաքապետարանի թույլտվություն, ձգձգում է գովազդային վահանակի տրամադրումը ՀԱԿ-ի մեծամասնական թեկնածուին: Անգամ Ընտրատարածքային  ընտրական հանձնաժողովին ուղղված Վ. Կարապետյանի շտաբի բողոքները բավարարվելու դեպքում չի վերականգնվում այն ժամանակը, որը կորցնում է ընդդիմադիր թեկնածուն եւ շահում է իշխանական թեկնածուն:

Վ. Կարապետյանը ԵԱՀԿ դիտորդների ուշադրությունը հրավիրեց նաեւ այն փաստի վրա, որ իշխանական թեկնածուն գործի է դնում վարչական ռեսուրսները: Մասնավորապես Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարը աշխատանքային ժամերին իշխանական թեկնածուի համար տարատեսակ հանդիպումներ է կազմակերպում մանկապարտեզների, դպրոցների եւ հիվանդանոցների տարածքներում:

Ամփոփելով հանդիպումը` Վ. Կարապետյանը շեշտադրեց, որ չնայած անհավասար պայմաններին, իր թիմի հետ միասին տանում է ակտիվ քարոզչություն եւ պատրաստվում է միջոցներ ձեռնարկել` հնարավոր ընտրակեղծիքները կանխելու համար: Այս մասին հայտնում է ՀԱԿ-ը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter