HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրման ծրագիր «Ազնավուր» հիմնադրամը և «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ն միավորում են իրենց ուժերը

«Աջակցություն վիրավոր զինվորներին» բարեգործական հասարակական կազմակերպությունը վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրմանն ուղղված ծրագրերի շրջանակում ուժերը միավորում է «Ազնավուր» հիմնադրամի հետ: Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Համատեղ իրականացվող Վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրման ծրագրի շրջանակում դրամաշնորհներ են տրամադրվելու վիրավոր զինվորներին՝ ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար: Բացի բիզնես գաղափարների ֆինանսավորումից, ծրագրի շրջանակում վիրավոր զինվորներն անցնելու են նաև մասնագիտական կողմնորոշում, վերապատրաստում, ստանալու են բիզնես խորհրդատվություն, սովորելու են բիզնես վարելու հմտություններ: Ծրագրի նպատակը ձեռնարկատիրական գործունեության միջոցով վիրավոր զինվորի համար եկամտի կայուն աղբյուրի ստեղծումն ու ֆինանսական անկախության ապահովումն են:  «2020 թվականի սեպտեմբերին սկսված պատերազմի առաջին օրերից ի վեր «Ազնավուր» հիմնադրամը կենտրոնացրել էր իր բոլոր ռեսուրսներն ու կարողությունները՝ Հայաստանին և Արցախին աջակցություն ցուցաբերելու համար՝ բուժսարքավորումներ և դեղորայք, նպատակային օգնություն՝ պատերազմից տուժած հազարավոր ընտանիքների։ Մարդասիրական օգնության այս ծրագրի շրջանակում Հիմնադրամին հաջողվել է Ֆրանսիայում ու Շվեյցարիայում մեր գործըկներների աջակցությամբ հավաքագրել 175 տոննա օգնություն և տեղափոխել այն Հայաստան Ֆրանսիայի կառավարության հետ համագործակցությամբ: Այս պահին «Ազնավուր» հիմնադրամը նպատակ ունի կենտրոնացնել իր ուժերը սոցիալական և վերականգնողական ծրագրերի ուղղությամբ: Ուրախ ենք, որ այդ նախագծերի մեկնարկը տրվում է «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ-ի հետ համատեղ իրականացվող այս ծրագրով», - նշել է «Ազնավուր» հիմնադրամի փոխտնօրեն Կարինե Էվոյանը։  «Աջակցություն վիրավոր զինվորներին» ՀԿ նախագահ, Զինվորի տան տնօրեն Հայկուհի Մինասյանն էլ նշեց, որ վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրումն առաջնային նշանակություն ունի: «Զինվորի տանն իրականացվող կրթական ծրագրերի նպատակը վիրավոր զինվորներին իրենց վնասվածքի հետ համատեղելի, նախընտրություններին ու անձնական որակներին համապատասխան մասնագիտացում տալն է, որը կլինի ժամանակակից, աշխատաշուկայում պահանջարկ ունեցող: Վիրավոր զինվորը կկարողանա գտնել արժանապատիվ վարձատրվող աշխատանք կամ կզբաղվի ձեռնարկատիրական գործունեությամբ, ձեռք կբերի ֆինանսական անկախություն և որպես վերջնական արդյունք՝ կվերաինտեգրվի հանրությանը,- նշեց Հայկուհի Մինասյանը, ավելացնելով,-մեր տղաները հանրության լիարժեք անդամ են, պարզապես անհրաժեշտ է ստեղծել միջավայր ու հնարավորություններ նրանց ինքնադրսևորման համար: Ուրախ եմ, որ «Ազնավուր» հիմնադրամը ևս միացավ այս կարևոր գործին, վստահ եմ՝ մեր ուժերի համատեղմամբ կարող ենք գերազանց արդյունք գրանցել»: Վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրման ծրագրին կարող են դիմել հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած զինծառայողները, կամավորականները, ծրագրի շահառու են հանդիսանում նաև նախորդ տարիներին նվիրավորում ստացած նախկին զինծառայողները: Ծրագրին մասնակցել ցանկացող շահառու անձինք իրենց ձեռնարկատիրական գաղափարները պետք է ներկայացնեն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի «Մեկ պատուհան» ծրագրին /Աբովյան 58, հեռ. 093982849/: Մասնագետի աջակցությամբ գաղափարը կքննարկվի շահառուի հետ և անհրաժեշտության դեպքում կբարելավվի՝ համապատասխանեցվելով պահանջվող չափանիշներին: Այնուհետ բիզնես գաղափարները կներկայացվեն գնահատման հատուկ հանձնաժողովին: Բոլոր հաստատված դիմումներին կտրամադրվի ֆինանսավորում: Հաստատված յուրաքանչյուր նախագիծ կֆինանսավորվի առավելագույնը 5000 եվրոյի չափով, իսկ իրականացման համար կտրվի առավելագույնը 12 ամիս ժամանակ։ Դիմում-հայտերի ընդունումը սկսվում է 2021 թվականի մայիսի 4-ին։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2021 թվականի հունիսի 15-ն է։ Ծրագրի վերաբերյալ հավելյալ և մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք այցելել «Ազնավուր» հիմնադրամի կայք՝ www.aznavourfoundation.org Ծրագրի իրագործմանը նպաստել ցանկացող բոլոր կազմակերպություններին և անհատներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ։ Համատեղ ջանքերով կարող ենք ավելի մեծ թվով շահառուների ներառել ծրագրում՝ կայուն ապագա ապահովելով բազմաթիվ ընտանիքների համար», - նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ (1)

Արթուր
Ես Արթուր Նիկոլի Մկրտչյանն եմ մասնակցել եմ 44օրյա պատերազմին։ Ունեմ ոտքի ծանր վիրավորում օրերս վիրահատվել եմ 8անգամ, հենակներով դժվարությամբ եմ քայլուլ։ Կուզենայի իմանալ ձեր ծրագրերի մասին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter