HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Գնաճը չի մեղմվում. ԿԲ-ն բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

Հայաստանի սպառողական շուկայում 2021 թվականի մարտին 2020 թվականի մարտի նկատմամբ գնաճը կազմել է  5.8%։

Հայաստանում ներկայում գրանցվող գնաճի վրա ազդում են ինչպես համաշխարհային շուկաներում արձանագրվող բարձր գնաճային միտումները, որոնք ներմուծվող ապրանքների միջոցով հասնում են հայ սպառողներին, անպես էլ՝ բնակչության սպասումները: Այս մասին այսօրվա (մայիսի 4) ասուլիսին հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«Անցած տարի Հայաստանն անցավ երկու ճգնաժամի միջով, դրանց գումարվել է ներքաղաքական անորոշությունը։ Բացի այդ, նվազել է ազգային արժույթի փոխարժեքը, ինչից աճել են ներկրվող ապրանքների գները»,- նշեց ԿԲ նախագահը։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալներով՝ Հայաստանի սպառողական շուկայում 2021 թվականի մարտին 2020 թվականի մարտի նկատմամբ գնաճը կազմել է 5.8%։ Այսպիսով, գնաճի տեմպը շարունակում է արագանալ։ Համեմատության համար նշենք, որ հունվարին 12-ամսյա գնաճը կազմել է 4.5 %, փետրվարին՝ 5.3 %։

«Համաշխարհային շուկայում գրանցվող գնաճը մենք` որպես փոքր ներմուծող երկիր, չենք կարող անտեսել։ Հայաստանում չկա ներքին արտադրություն, որն ուղղված կլինի բացառապես ներքին սպառողին: Մենք ապրանքները ներմուծում ենք գնաճով։ Սրան գումարած` փոխարժեքի որոշակի տատանողականությունը»,- նշեց Մարտին Գալստյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ գները բարձրանում են փոխարժեքին զուգընթաց, սակայն երբ փոխարժեքը որոշակիորեն նահանջում է և ձգտում նախկին մակարդակին, գներն ավելի դանդաղ են իջնում: 

Համաշխարհային շուկայում, տնտեսության աստիճանաբար վերկանգնմանը զուգուհեռ, բարձր գնաճային զարգացումները շարունակվում են: Ավելանում է պահանջարկը, աճում են գները: Սա հիմք է տվել ԿԲ-ին կանխատեսելու, որ Հայաստանի տնտեսության վրա արտաքին աշխարհից եկող գնաճային ազդեցությունները կշարունակվեն: 

Գլխավոր դրամատան գնահատմամբ՝ ներքին տնտեսությունից ևս դրսևորվում են որոշակի գնաճային ազդեցություններ:

Հաշվի առնելով այս միտումները` այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6%:

Հիշեցնենք՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքն այն տոկոսն է, որով ԿԲ-ն վարկեր է տալիս բանկերին։ Բանկերն էլ իրենց հերթին այդ գումարներով վարկավորում են բնակչությանը։ Այս գործիքով ԿԲ-ն փորձում է կարգավորել գնաճը և գների կայունություն ապահովել։ Երբ գնաճի ռիսկերը մեծ են լինում, ԿԲ-ն բարձրացնում է տոկոսադրույքը, ցածր գնաճի պարագայում հակառակը՝ նվազեցնում։ Իսկ երբ առաջիկայի համար էական գնաճային ճնշումներ չի տեսնում, այն թողնում է անփոփոխ։

Կենտրոնական բանկի երկու գլխավոր առաքելություններն են ֆինանսական կայունության ապահովումն ու գների կայունության ապահովումը: Սա սահմանված է օրենքով: Մարտին Գալստյանը շեշտում է, որ այս պահին իրենց խնդիրը ոչ թե սննդամթերքի, յուղերի կամ սպառողական առանձին ապրանքների գների սահմանափակումն է կամ ազդեցությունը դրանց վրա, այլ՝ գների բարձրացման ժամանակ խելամիտ քաղաքականություն վարելը։ «Այսինքն` տոկոսադրույքները չբարձրացնենք այնքան, որ սպառումն ընդհանրապես վերանա: Սակայն, մյուս կողմից, չենք էլ կարող դա անտեսել։ Ուստի, փորձում ենք մարդկանց հասցնել այն հիմնական ուղերձները, որ կարճաժամկետ հատվածում կարող է գների որոշակի աճ լինել, սակայն մենք միտված ենք բալանսավորել իրավիճակը»։

Դեռևս մարտի սկզբին Կենտրոնական բանկը կանխատեսել էր, որ Հայաստանի տնտեսությունը 2021 թվականին կաճի 1.4%-ով: Սակայն, ինչպես այսօր ասաց ԿԲ նախագահը, 2021 թվականի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության զարգացումները նախանշում են, որ տնտեսության ավելի դրական միտումներ կան, քան կանխատեսվում էր: Սակայն, Մարտին Գալստյանն առայժմ տնտեսական աճի կանխատեսման ցուցանիշներ չնշեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter