HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 0.5 տոկոսային կետով

2021թ. մայիսի 4-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 6.0%: Այս մասին հայտնում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը:

2021թ. մարտին արձանագրվել է 1.0% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5%-ի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճն ավելացել է և կազմել 5.8%: 12-ամսյա բնականոն գնաճը ևս նույն չափով արագացել է՝ մարտի վերջին կազմելով 6.6%։

2021 թվականի առաջին կիսամյակում ՀՀ հիմնական գործընկեր երկրներում, պայմանավորված խթանող քաղաքականությունների իրականացմամբ և կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի կիրառման որոշակի դրական արդյունքներով, արձանագրվում է տնտեսական ակտիվության և պահանջարկի՝ սպասվածից ավելի արագ վերականգնման միտումներ: Համաշխարհային պահանջարկի վերականգնման դրական սպասումների և մի շարք առաջարկի գործոնների ազդեցությամբ հումքային և պարենային ապրանքների միջազգային շուկաներում շարունակում են դիտվել բարձր գնաճային զարգացումներ, ինչն արտահայտվում է նաև գործընկեր երկրներում սպասվածից բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ։ Նման իրավիճակում ԿԲ Խորհուրդը արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա շարունակում է ակնկալել գնաճային ազդեցություն:

2021թ.-ի առաջին եռամսյակում տնտեսական ակտիվության զարգացումները նախանշում են ԿԲ նախորդ կանխատեսումների համեմատ տնտեսության ավելի դրական միտումների մասին։ Համաշխարհային պահանջարկի և արտերկրից դրամական փոխանցումների ավելացմամբ, ինչպես նաև վարկավորման ավելի դրական զարգացումներով պայմանավորված՝ համախառն պահանջարկը կվերականգնվի սպասումների համեմատ ավելի արագ տեմպերով, սակայն դեռևս կմնա թույլ։  Միևնույն ժամանակ, ըստ ԿԲ գնահատականների, ավելացել են հասարակության մոտ գնաճի ապագա ընթացքի հետ կապված անորոշությունները և որոշակիորեն նաև գնաճային սպասումները։ Արդյունքում, Խորհրդի գնահատմամբ, ներքին տնտեսությունից ևս դրսևորվում են որոշակի գնաճային ազդեցություններ:  

Հաշվի առնելով ստեղծված մակրոտնտեսական իրավիճակը և արտաքին ու ՀՀ տնտեսություններից սպասվող գնաճային ազդեցությունները՝ ԿԲ Խորհուրդը գնահատում է, որ անհրաժեշտ է աստիճանաբար չեզոքացնել խթանող դիրքը և նպատակահարմար է գտնում բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը։ Խորհուրդը միակարծիք է, որ առաջիկայում ևս դրամավարկային քաղաքականությունը հետևողական է լինելու գնաճային սպասումների արագացման ռիսկերի չեզոքացման հարցում՝ հնարավորինս չվնասելով ներքին պահանջարկի վերականգնման ընթացքը։ Նման պայմաններում կանխատեսվում է, որ 12-ամսյա գնաճը, կարճաժամկետ հատվածում որոշակի արագացումից հետո, աստիճանաբար կնվազի և կանխատեսվող հորիզոնում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ:

ԿԲ Խորհուրդը գտնում է, որ տնտեսական հեռանկարների մասով անորոշությունների ներքո կանխատեսված միջնաժամկետ ուղեգծից գնաճի շեղման ռիսկերը հավասարակշռված են, և դրանց դրսևորման պարագայում պատրաստ է համապատասխանորեն արձագանքել՝ ապահովելով գների կայունության նպատակի իրագործումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter