HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Աշխարհում մարդկանց միայն 12 %-ն է ապրում ազատ կամարտահայտման պայմաններում

Աշխարհի բնակչության միայն 12 տոկոսը կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը, մասնակցել հավաքներին և պայքարել անարդարության դրսևորումների դեմ։ Այդ մասին նշվում է «Քաղաքացիական հասարակության ատլաս-2021» զեկույցում, որը հրապարակվել է մայիսի 4-ին, Բեռլինում։ Զեկույցը պատրաստվել է «Հաց աշխարհի համար» (Brot für die Welt) բարեգործական կազմակերպության կողմից, որը կապված է Գերմանիայի բողոքական եկեղեցիների հետ։ 2019 թվականի հետ համեմատած այդ ցուցանիշն էականորեն կրճատվել է։ Այն ժամանակ դա կազմում էր 18 %։

Ընդորում, 6,8 միլիարդ մարդ ստիպված է ապրել ճնշումների տակ, փակ հասարակություններում և սահմանափակումների պայմաններում։ Երկրագնդի բնակչության շուրջ 88 %-ը գործ ունի այնպիսի կառավարությունների հետ, որոնք ոտնահարում են բնակչության հիմնական իրավունքները և զբաղվում հետապնդումներով։

Զեկույցի հեղինակների խոսքերով՝ 2021 թվականին ցուցանիշի անկումը, ի համեմատություն 2019 թվականի տվյալների, պայմանավորված է կորոնավիրուսի համավարակով։ Մի շարք երկրների իշխանություններ իրավիճակն օգտագործում են հիմնական ազատությունների սահմանափակման նպատակով։ «Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ, կորոնավիրուսի պատճառով, բախվել են գոյությանը սպառնացող դժվարությունների։ Ցուցարարները պահանջում են արդարություն, համավարակի պայմաններում արտակարգ օգնության հասանելիություն և կոռուպցիայի ու չարաշահումների դադարեցում»,- նշել է Դագմար Պրուինը, որը 2021 թվականի մարտից գլխավորում է Brot für die Welt բարեգործական կազմակերպությունը։ Վերջինս հավելել է, որ մի շարք երկրներում իշխանությունները պայքարում են ոչ թե համավարակի, այլ ցուցարարների դեմ։

Աշխարհի 40 երկրներում, ներառյալ Իտալիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում, հետընթաց կա քաղաքացիական ազատությունների ապահովման գործընթացում։ 47 երկրներում, ներառյալ ԱՄՆ-ում և Հունգարիայում, քաղաքացիական հասարակության գործունեության ոլորտը ենթարկվել է «սահմանափակումների»։ 23 երկրներում, ներառյալ Եգիպտոսում, Ադրբեջանում, Իրաքում, Չինաստանում, խիստ սահմանափակ է քաղաքացիական ակտիվիզմը։ 2018 թվականին Brot für die Welt-ի փորձագետները նշել էին, որ Երկրագնդի բնակչության միայն 2 %-ն է ապրում բացարձակ ազատ քաղաքացիական հասարակության պայմաններում։

Լուսանկարը՝ hackernoon.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter