HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննիչների ստացած խոշոր նվերներն ու ձեռք բերած գույքը. մաս 2

Նախորդ հրապարակմամբ անդրադարձել էինք քննիչների չհայտարարագրած անշարժ և շարժական գույքին։ Այս անգամ ուսումնասիրել ենք նրանց ստացած նվերներն ու ձեռք բերած գույքը։  Պաշտոնատար անձինք պարտավոր են հայտարարագրել ստացած նվիրատվությունները. գույք, ֆինանսական միջոցներ, զարդեր, արվեստի գործեր և այլն։ Ըստ կարգի՝ նվիրատվություն ստացած գույքը ենթակա է հայտարարագրման, եթե արժեքը գերազանցում է 8 միլիոն դրամը։ Մինչ 2019 թվականը պաշտոնյաները հայտարարագրում նշում էին միայն նվիրատվության առարկան, սակայն այժմ պարտադիր պահանջ կա, որ հայտարարագրում նշվի նաև նվիրատվություն կատարողի անուն-ազգանունը և նվիրատվության արժեքը։ Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ քննչական կոմիտեում քիչ չեն նվիրատվություն ստացած քննիչները։ Նրանց նվիրատվությունները եղել են թե գույքի և թե ֆինանսական միջոցների տեսքով։ Օրինակ՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետ Կամո Շառոյանը 2019 թվականի մարտին բնակարան է նվիրատվություն ստացել։ Ըստ քննիչի՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրի՝ վերջինս Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքում գտնվող բնակարանի միանձնյա սեփականատերն է։

Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի պետը հայտարարագրում այլ մանրամասներ չի հայտնել նվիրատվության մասին․ ի՞նչ նվիրատվություն է և  ումից է ստացել։ Մեր հարցմանն ի պատասխան Կամո Շառոյանը պարզաբանեց, որ այդ նվիրատվություն ստացած բնակարանը 1995 թվականից պատկանել է տատիկին, ում մահից հետո այն որպես ժառանգություն անցել է Կամո Շառոյանի մայրիկին, ով էլ այն 2019 թվականի մարտին նվիրաբերել է իրեն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ևս ուսումնասիրում է Կամո Շառոյանի՝ բնակարանի նվիրատվության հանգամանքը։ Հայտարարագրի ուսումնասիրության արդյունքները Հանձնաժողովը կներկայացնի ավելի ուշ։ Քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Կարապետ Համբարձումյանը 2019 թվականի հայտարարագրում որպես նվիրատվություն հայտարարագրել է 16.500 ԱՄՆ դոլար գումար։ Ըստ հայտարարագրի՝ քննիչն այդ գումարը նվիրատվություն է ստացել Արման Մուրադյանից։

«2019 թվականի տարեկան հայտարարգրում իմ կողմից 16.500 ԱՄՆ դոլար նվիրատվություն ստանալու վերաբերյալ նշվել է, թե այն ում կողմից է ստացվել և հայտարարագրում նշվել է այն տրամադրող անձի անձնական տվյալներն ու բնակության հասցեն (բնակության հասցեն հայտրարագրում պաշտպանված է և հասնելի է միայն ՀՀ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին), իսկ ինչ վերաբերվում է, թե դա ինչ նվիրատվություն է և ինչ նպատակով է ստացվել, ապա նման տեղեկությունների տրամադրում ոչ վերոհիշյալ և ոչ է այլ նորմատիվ իրավական ակտերով չի պահանջվում, ուստի դրանք ենթակա չեն տրամադրման նաև Ձեզ»,- մեր հարցմանն ի պատասխան հայտնել է քննիչը՝ ընդգծելով կառավարության 2011 թվականի իրավական դրույթները։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեզ հայտնեցին, որ Կարապետ Համբարձումյանի հայտարարագրերում նախնական ուսումնասիրություններով հաստատվել է 16500 ԱՄՆ դոլար նվիրատվության փաստը. արդյունքները Հանձնաժողովը կներկայացնի ավելի ուշ։ Արագածոտնի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Կարեն Կարապետյանը 2019 թվականի օգոստոսին նվիրատվություն է ստացել Toyota Camry 2.4 ավտոմեքենա։ Մեր հարցմանն ի պատասխան Կարեն Կարապետյանը հրաժարվեց պարզաբանել, թե ումից է այդ մեքենան նվիրատվություն ստացել։

«2019թ. իմ տարեկան հայտարարագիրը լրացրել եմ օրենքով և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից սահմանված պահանջներին համապատասխան: Իմ կողմից լրացված 2019թ. տարեկան հայտարարագիրը Ձեզ հասանելի սահմաններում հրապարակվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքում»,- հայտնել է Կարեն Կարապետյանը։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից մեզ հայտնեցին, որ Կարեն Կարապետյանի 2019 թվականի տարեկան հայտարարգրի նախնական ուսումնասիրությունների արդյունքներով հաստատվել է տրանսպորտային միջոցի նվիրատվություն ստանալու հանգամանքը։ Եզրակացությունը Հանձնաժողովը կներկայացնի ավելի ուշ։ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Գագիկ Համբարձումյանը 2019 թվականին 4 500 000 դրամ և 9000 դոլար նվիրատվություն է ստացել։ Քննիչը 2019 թվականի տարեկան հայտարարագրում նշել է, որ այդ նվիրատվությունները ստացել է Սոս Համբարձումյանից։ 

«Կարծում եմ ծնողի կողմից զավակին որևէ տեսակի նվեր տալու համար՝ դա լինի ֆինանսական, գույքային /շարժական և/կամ անշարժ գույքի տեսքով/, որևէ նպատակ կամ առիթ անհրաժեշտ չէ»,-պարզաբանել է Գագիկ Համբարձումյանը։ Գագիկ Համբարձումյանը 2018 թվականին ևս ֆինանսական նվիրատվություններ է ստացել։ Ըստ այդ հայտարարագրի՝ միայն 2018 թվականին 17 ֆինանսական նվիրատվություն է ստացել՝ մի քանի արժույթներով. 15 միլիոն դրամ, 10 հազար դոլար և 20 հազար եվրո։   Քննիչը վստահեցնում է, որ այդ գումարները ևս հորից է նվիրատվություն ստացել։

Սակայն Սոս Համբարձումյանը՝ որպես ավագ քննիչի հետ համատեղ բնակվող անձ 2017 թվականի հայտարարագիր է ներկայացրել, որում որևէ եկամուտ և ֆինանսական միջոց չի հայտարարագրել։ Գագիկ Համբարձումյանին խնդրել էինք պարզաբանել՝ ինչպե՞ս են գոյացել Սոս Համբարձումյանի՝ նվիրատվություն տված դրամական միջոցները։ «Հայրս ՌԴ-ում զբաղվում է բիզնես գործունեությամբ և այդ գումարները նա նվիրել է ինձ»,- հայտնել է Գագիկ Համբարձումյանը։ 2019 թվականի դրությամբ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Գագիկ Համբարձումյանը չունի անշարժ և շարժական որևէ գույք, բայց ունի ֆինանսական զգալի միջոցներ՝ 25 միլիոն դրամ, 29 հազար դոլար։ Կոռուցիայի կանխարգելման հանձնաժողովի գնահատմամբ Գագիկ Համբարձումյանի՝ 2018-2019 թթ հայտարարագրերում կան անհամաձայնություններ, որոնց մասով հստակ արդյունքներ կներկայացնեն ավելի ուշ: Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի քննիչ Արթուր Խաչատրյանը 2019 թվականին  660 000 ռուսական ռուբլու  նվիրատվություն է ստացել: Այդ նվիրատվությունը նա հայտարարագրել է 2019 թվականի տարեկան հայտարարագրում:

Ըստ հայտարարագրի՝ այդ նվիրատվությունը ստացել է Կամո Օլեյանից: Ֆինանսական նվիրատվություն Արթուր Խաչատրյանը նաև ստացել է 2018 թվականին:  Ըստ հայտարարագրի՝ քննիչը 2018 թվականին ստացել է 70 000 ռուսական ռուբլի նվիրատվություն: Եվս 400 000 ռուսական ռուբլու նվիրատվություն Արթուր Խաչատրյանը ստացել էր քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության ավագ քննիչի պաշտոնը ստանձնելիս:

«Հայտարարագրում նշված գումարները նվիրաբերել է կնոջս հայրը՝ Կամո Օլեյանը, ով բնակվում է ՌԴ Մոսկվա քաղաքում»,- պարզաբանել է Արթուր Խաչատրյանը: Ստացվում է՝ քննիչ Արթուր Խաչատրյանը 2018-2019 թվականներին ընդհանուր առմամբ աներոջից 1 միլիոն 130 հազար ռուսական  ռուբլու նվիրատվություն է ստացել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ի պատասխան մեր հարցմանը նշել է,որ ուսումնասիրության արդյունքում հաստատվել է քննիչի նվիրատվության հանգամանքը, իսկ արդյունքները կհրապարակվեն ավելի ուշ: Քննիչները գնում են գույք՝ առանց բավարար միջոցներ ունենալու Համեմատել ենք նաև քննիչների  հայտարարագրած ֆինանսական միջոցները և եկամուտները նրանց ձեռք բերած գույքի արժեքի հետ։ Օրինակ՝ քննչական կոմիտեի պաշտոնյաներից ոմանք 2019 թվականին գնել են բնակարաններ, ավտոմեքենաներ, սակայն, ըստ հայտարարագրի, դրանք գնելու ֆինանսական միջոցներ չեն ունեցել։ Ուրեմն ինչպե՞ս են գույք ձեռք բերել՝ առանց բավարար միջոցների։ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության քննիչ Վահե Կակոյանը 2019 թվականին բնակարան և ավտոմեքենա է գնել, սակայն այդ գնումները կատարելու համար փոխառություն (վարկ) չի վերցրել, ավելին, նրա ֆինանսական միջոցները չեն նվազել։

   

Մասնավորապես՝ Վահե Կակոյանը 2019 թվականի մարտ ամսին Հրազդան քաղաքում գնել է 7 360 050 դրամ արժողությամբ բնակարան, իսկ հուլիսին 5 000 դոլար արժողությամբ «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենա։  Այս գնումները կատարելուց հետո նրա ֆինանսական միջոցները հակառակ նվազելուն՝ աճել են։ Տարեսկզբի դրությամբ նա ունեցել է 1.5 միլիոն դրամ, իսկ արդեն տարեվերջի դրությամբ հայտարարագրել է 2.5 միլիոն դրամ։

 

Քննիչ Վահե Կակոյանից հետաքրքրվել ենք, թե ինչպես է նման խոշոր գնումներ կատարել։  «2019 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրվել է իմ կողմից ձեռք բերված անշարժ և շարժական գույքը, որը, ինչպես երևում է հրապարակված հայրարարագրից, ձեռք են բերվել այլ եկամուտների հաշվին, որոնք տրամադրվել են անհատույց իմ մտերիմների կողմից արտերկրից»,- պարզաբանել է քննիչը։ Անհասկանալի է քննիչի այս պարզաբանումը, քանի որ ըստ հայտարարագրի՝ նա 2019 թվականին որևէ նվիրատվություն չի ստացել։  Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ քննիչի 2019 թվականի գույքի փոփոխությունն առերևույթ չի հիմնավորվում տվյալ տարվա հայտարարագրած եկամուտներով, իսկ վերջնական ուսումնասիրության արդյունքները կներկայացնեն ավելի ուշ:  Կոտայքի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Աշոտ Խաչատրյանը ևս 2019 թվականին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում գնել է բնակարան, որի գնման համար վերջինս այդ տարի բավարար ֆինանսական միջոցներ ու եկամուտներ չի ունեցել։ Ըստ նրա ներկայացրած 2019 թվականի հայտարարագրի՝ բնակարանն արժեցել է 6.2 միլիոն դրամ։

Քննիչ Աշոտ Խաչատրյանը, ֆինանսական միջոցներ և եկամուտներ չունենալով, բնակարան գնելու հանգամանքը պարզաբանում է վարկային միջոցներ ներգրավվելով։ «2019 թվականին «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ից «Բնակարան երիտասարդ ընտանիքների համար» ծրագրով Հրազդան քաղաքում գնել եմ բնակարան՝ ստանալով 13.000 ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 6.200.000 դրամ, նույն ծրագրի շրջանակում նույն բանկից վարկավորվել եմ  2.200.000 դրամով՝ բնակարանի վերանորգման համար, որի կապակցության հայտարարագրի Բ.4. հատվածում նշել եմ 8.400.000 դրամ»,- մեր գրությանն ի պատասխան հայտնել է քննիչը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը այս պահին ուսումնասիրում է Աշոտ Խաչատրյանի հայտարարագրերը։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի փոխանցմամբ՝ 2019 թվականի տարեկան հայտարարագրի նախնական ուսումնասիրության արդյունքում հաստատվել է, որ նրա՝ 2019 թվականի գույքի փոփոխությունը առերևույթ չի հիմնավորվում տվյալ տարվա հայտարարագրված եկամուտներով։ Հայտարարագրերի ուսումնասիրության վերաբերյալ եզրակացությունը Հանձնաժողովը կներկայացնի ավելի ուշ։  Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Թեհմինա Սարգսյանը ևս 2019 թվականի հոկտեմբերին գնել է հինգ միլիոն դրամ արժողությամբ «TOYOTA» մակնիշի ավտոմեքենա։ Սակայն, ըստ հայտարարագրի, քննիչը չի ունեցել որևէ ֆինանսական միջոց։

Ըստ հայտարարագրի՝ Թեհմինա Սարգսյանի 2019 թվականի տարեկան եկամուտը կազմել է 3 509 539 դրամ՝ քննչական կոմիտեից ստացված աշխատավարձը։

Թեհմինա Սարգսյանին խնդրել էինք պարզաբանել, թե ինչպես է ձեռք բերել հինգ միլիոն դրամ արժողությամբ «TOYOTA» մակնիշի ավտոմեքենա, եթե չի ունեցել ֆինանսական միջոցներ։ Սակայն ավագ քննիչը հրաժարվել է պարզաբանում տալ՝ ուղղորդելով մեզ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։ «Հանդիսանալով պետական ծառայող՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն՝ պահանջվող ժամանակահատվածում սահմանված կարգով Կոռուպցիային կանխարգելման հանձնաժողով եմ ներկայացրել 2019 թ. տարեկան հայտարարագիրը, որում ներառված է եղել նաև «Toyota» մակնիշի ավտոմեքենա ձեռք բերելու վերաբերյալ տեղեկատվություն։ Ուստի Ձեր կողմից ներկայացված հարցման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար կարող եք դիմել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով»,- մեզ ուղարկված գրությունում նշել է ավագ քննիչ Թեհմինա Սարգսյանը։ Անհասկանալի է նրա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով մեզ ուղղորդելու հանգամանքը, քանի որ հանձնաժողովը հրապարակում է պաշտոնյաների եկամուտներն ու ֆինանսական միջոցներն այնպես, ինչպես նրանք լրացնում են հայտարարագրում։ Ուստի՝ Թեհմինա Սարգսյանն անձամբ պետք է պարզաբաներ, թե իրեն որտեղից գումար, որով գնել է 5 միլիոն դրամ արժողությամբ «Toyota» մակնիշի ավտոմեքենա։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը սակայն մեր հարցմանն ի պատասխան հաստատեց, որ Թեհմինա Սարգսյանի ներկայացրած հայտարարգրերում առկա են անհամապատասխանություններ, ինչի արդյունքները Հանձնաժողովը կներկայացնի ավելի ուշ։ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով քննիչ Գրիգոր Թամոյանը ևս 2019 թվականին գնել է 4 միլիոն դրամ արժողությամբ ավտոմեքենա, սակայն ֆինանսական միջոցներ չի ունեցել։

Մասնավորապես՝ քննիչը 2019 թվականի ապրիլի 3-ին գնել է 2008 թվականի թողարկման «MERCEDES-BENZ C 300» մակնիշի ավտոմեքենա։ Այնինչ նրա` 2019 թվականի տարեկան հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ վերջինս այդ տարում ոչ կանխիկ, ոչ էլ բանկային հաշվին գումար չի ունեցել։ Քննիչը մեր հարցման ի պատասխան հայտնեց, որ 2019թ. ապրիլի 3-ին իր կողմից 4 միլիոն դրամ արժողությամբ «MERCEDES-BENZ C300» մակնիշի ավտոմեքենան գնվել է վաճառողի հետ տարաժամկետ վճարման վերաբերյալ  ունեցած փոխադարձ բանավոր համաձայնության հիման վրա:    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գնահատմամբ՝ ևս քննիչի հայտարարագրում առկա է անհամաձայնություն. նրա հայատարարագրերի ուսումնասիրության արդյունքները հանձնաժողովը կներկայացնի շուտով: «Թրանսփերենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» փորձագետ Վարուժան Հոկտանյանը պաշտոնյաների եկամուտների ու գույքի հայատարարագրման ինստիտուտը շատ կարևոր գործընթաց է համարում: Նրա գնահատմամբ՝ գույքի եւ եկամուտի հայտարարագրումը նպաստում է կոռուպցիայի նվազեցմանը: Փորձագետը, նկատի ունենալով այլ երկրների փորձը,  Հայաստանում այժմ կիրառվող հայտարարագրման ձևը, բավականին թափանցիկ է համարում, բայց առավել կարևորում է հայտարարագրվող տվյալների իսկությունը ստուգելու գործընթացը։   Ասում է՝ հայտարարագրման պահանջները խորացնելուն զուգահեռ, պետք է մտածել՝ ի վիճակի ենք արդյոք այդքան տվյալները ստուգել։ «Լրագրողներն ու հասարակական կազմակերպությունները որքան էլ փորձեն ստուգել հայտարարագրված տվյալների ճշտությունը, նրանք այդ գործիքները չունեն, նման տվյալներ ստուգելը տեխնիկական բավականին լուրջ խնդիր է»,- նշեց նա։  Մասնագետի խոսքով՝ տվյալների իսկությունը ստուգելը հնարավոր դարձնելու համար հայտարարագրերի բազան պետք է կապվի այլ՝ պետռեգիստրի, ՊԵԿ-ի և այլ բազաների հետ, որպեսզի հնարավոր լինի տվյալների ամբողջական ստուգում կատարել։ Բնական է, որ ոչ մի ՀԿ, լրագրող դա չի կարող անել։  Ազգային ժողովի պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի գնահատմամբ՝ հայտարարագրման ինստիտուտը մինչև օրս ընդլայնվում, փոփոխվում ու թափանցիկ է դառնում: Նրա խոսքով՝ ներկայիս հայտարարագրերն ավելի լայն են բովանդակային առումով, բայց ավելի թափանցիկ դառնալու համար պետք է նշվի, թե ինչու է որևէ մեկը պաշտոնյային նվիրատվություն կատարել: Ըստ նրա՝ փոփոխություններ կարելի է իրականացնել նաև ծախսերի հետ կապված. հայտարարագրել նաեւ կատարած ծախսերը: «Կարծում եմ նաև հայտարարագրերի լրացման բաժինը կարելի է դարձնել էլ ավելի պարզեցված, ինչի վրա հանձնաժողովն անընդհատ աշխատում է, և մենք տեսնում ենք, որ գնալով պարզեցվում է հայտարարագրման գործընթացը»,- մեզ հետ զրույցում ընդգծեց պատգամավորը։ Հերիքնազ Տիգրանյանը չի բացառում, որ հայտարարագրման ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխություններ կներկայացնի:  Հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից 2019 թվականի տարեկան հայտարարագրում ենթադրյալ կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու վերաբերյալ երկու հաղորդում է ներկայացվել Գլխավոր դատախազություն։ Այդ հաղորդումներից մեկով հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ չհայտարարագրելու հատկանիշներով, իսկ մյուս հաղորդումով նախապատրաստվում են նյութեր։  Բացի այդ, զանգվածային լրատվության միջոցներում կատարված հրապարակումների վերաբերյալ նախապատրաստված նյութերով հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից 2019 թվականի տարեկան հայտարարագրում ենթադրյալ կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքերի առթիվ 2020  թվականին առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ չհայտարարագրելու հատկանիշներով հարուցվել է երկու քրեական գործ, որոնցով քրեական հետապնդում է սկսվել երեք անձի նկատմամբ։ Հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից 2019 թվականի տարեկան հայտարարագրում ենթադրյալ կեղծ տվյալ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելու դեպքի առթիվ էլ առանձնապես խոշոր չափերով գույք կամ եկամուտ չհայտարարագրելու հատկանիշներով մեկ քրեական գործ հարուցվել է ֆիզիկական անձի հաղորդման հիման վրա։ Դատախազությունը, սակայն, չի մանրամասնում, թե քրեական գործերը, որ պետական մարմինների աշխատակիցների նկատմամբ են հարուցվել։ 

Հեղինակներ՝ Մկրտիչ Խաչատրյան, Ալլա Փանոսյան, Անգին Մովսիսյան Համակարգող՝ Դիանա Ղազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter