HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Հովսեփյան

Կառավարությունը մեծացնում է իր ազդեցությունը բուհերում. ինչ փոփոխություն է կատարվել բուհերի կառավարման համակարգում

Երեկ՝ մայիսի 4-ին, Կառավարությունն ընդունել է որոշում, որով գործադիրը կրճատել է  բուհերում կառավարման խորհրդի կազմը և ավելացրել պետական պաշտոն զբաղեցնող անձանց թիվը խորհրդում:

Փոփոխություններ են կատարվել, մասնավորապես, Երևանի պետական համալսարանի, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի, Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի կառավարման համակարգում:

ԵՊՀ-ի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ԵՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը 32 է: Նոր որոշմամբ՝ հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը կրճատվել է 12-ով՝ դառնալով 20: Խորհուրդը համարվում է ձևավորված, եթե նշանակվել է խորհրդի անդամների կեսից ավելին:

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները մինչ այս կազմում էին խորհրդի անդամների 25 տոկոսը, նոր փոփոխությամբ՝ 10 տոկոսը:

Բուհերի խորհրդի կազմում պետական պաշտոն զբաղեցրած անձանց թիվը կավելանա 

Բացի խորհրդի անդամների թվի կրճատումից, կառավարությունը որոշել է՝ վարչապետի առաջադրմամբ ԵՊՀ-ի խորհրդի կազմի 55 տոկոսը կամ 11 հոգին կլինեն պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձինք: Նախկինում նույնպես հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ առաջադրում էր վարչապետը՝ պետական պաշտոն զբաղեցնող անձանցից, սակայն՝ խորհրդի կազմի 25 տոկոսի չափով:

Նախկինում լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ էին առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների ճանաչված ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵՊՀ-ի հետ համագործակցող գործատուներ, որոնք խորհրդի կազմի 25 տոկոսն էին կազմում: Այժմ նրանք կկազմեն խորհրդի անդամների 10 տոկոսը կամ 2 հոգի:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հոգաբարձուների խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը ևս 5 տարի է: Հոգաբարձուների խորհուրդը ձևավորվում է ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի, սովորողների, հիմնադրի և լիազոր մարմնի ներկայացուցիչներից: ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը կառավարությունը կրճատել է 4-ով, նախկին 24-ի փոխարեն՝ դարձնելով 20: 

ՀՊՄՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները նախկին 25 տոկոսի փոխարեն կկազմեն 10 տոկոս:

ՀՊՄՀ-ի դեպքում վարչապետը ևս հիմնադրամի անունից հոգաբարձուների խորհրրդի կազմում կարող է խորհրդի անդամ առաջադրել պետական պաշտոն և  պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից՝ նախկին 25 տոկոսի փոխարեն 55 տոկոսի չափով:

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչների թիվը նախկին 25 տոկոսի փոխարեն կկազմի 10 տոկոս:

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների թիվը նույնպես  24-ից կդառնա 20:

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված հոգաբարձուների խորհրդի անդամները նախկին 25 տոկոսի փոխարեն կկազմեն 10 տոկոսը:

Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչների թիվը նախկին 25 տոկոսի փոխարեն կկազմի 10 տոկոս:

Կառավարությունն ընդունել է որոշում, որի նախագիծը դեռևս քննարկման փուլում է

Հատկանշական է, որ բուհերում կառավարման համակարգի փոփոխությունների մասին նախագիծը կառավարության միասնական տեղեկատվական e-draft.am հարթակում դեռևս հանրային քննարկման է ներկայացված: Քննարկման ժամկետի ավարտ է սահմանվել մայիսի 14-ը, սակայն բուհերից 3-ի մասով կառավարությունն արդեն իսկ ընդունել է որոշումը

Գործադիրը նմանատիպ փոփոխություններ է նախատեսում ևս 9 բուհում:

Դրանք են՝ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, Հայաստանի պետական ագրարային, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային, Հայաստանի պետական ճարտարագիտական, Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական, Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական, Գավառի պետական, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանները և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան:

Ըստ նախագծի հիմնավորման՝ Կառավարության որոշման նախագծի անհրաժեշտությունը պայմանավորված է բուհական համակարգի կառավարման արդյունավետության բարձրացման և բարձրագույն կրթության բնագավառում իրականացվող բարեփոխումներին պատշաճ թափ, խորություն ու համակարգվածություն հաղորդելու նպատակադրությամբ։

Պետական բուհերի ռեկտորների խորհուրդը կառավարության նախագիծն անընդունելի է համարում

Նախագծի առաջարկություններ բաժնում ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդը նշել է, որ հիմնադրամի կարգավիճակ ունեցող 12 պետական բուհերի կանոնադրությունների մեջ հոգաբարձուների խորհրդի կազմի վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը համարում է անընդունելի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter